Կիևի գնդակոծության ժամանակ զոհվել է լրագրող Օքսանա Բաուլինան

446

Կիևի գնդակոծության ընթացքում զոհվել է  The Insider-ի (Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ)  լրագրող Օքսանա Բաուլինան, հաղորդել է պարբերականը։

«Նա նկարահանում էր գնդակոծության հետևանքով Կիևի Պոդոլսկյան շրջանում եղած ավերածությունները և ընկել է նոր գնդակոծության տակ։ Լրագրողից բացի՝ զոհվել է ևս մի քաղաքացիական անձ, լրագրողին ուղեկցող երկու հոգի հոսպիտալացվել են»,- գրում է The Insider-ը։

Օքսանա Բաուլինան նախկինում աշխատել է Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում (կազմակերպությունը Ռուսաստանում ճանաչվել է «ծայրահեղական» և «օտարերկրյա գործակալ»), որտեղ ստեղծել է  «Նավալնի LIVE» ալիքը, «Բաց Ռուսաստան»-ում, համագործակցել է Ազատություն ռադիոկայանի և «Մեդիազոնայի» հետ։

2017 թ․ Ազատություն ռադիոկայանը վավերագրական ֆիլմ է թողարկել Օքսանա Բաուլինայի մասին, որն այդ ժամանակ «Նավալնի LIVE» ալիքի գլխավոր խմբագիրն էր։

Այն բանից հետո, երբ  Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ճանաչվել էր ծայրահեղական կազմակերպություն, Բաուլինան Ռուսաստանից հեռացել էր։ Նա 42 տարեկան էր։

Ընդհանուր թվով՝ Ուկրաինայում ռւսաստանյան ներխուժման ընթացքում արդեն զոհվել է առնվազն հինգ լրագրող։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ոչ այնքան արագ, որքան կուզենայինք»
Հաջորդ հոդվածըՄահացել է Մադլեն Օլբրայթը