‘Կլոր սեղան ազատամարտիկների և կուսակցությունների միջև’

833

Մինչև հոկտեմբերի 20-ը նախատեսվում է անցկացնել կլոր սեղան, որի աշխատանքին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն ազատամարտիկներ և Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ղարաբաղյան պատերազմի վետերան Սուրեն Սարգսյանը:

«Մենք արդեն հանդիպել ենք որոշ կուսակցությունների ղեկավարների հետ, առաջիկա օրերին կկայանա նաև հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Միակ կուսակցությունը, որի հետ մենք չենք հանդիպել, ՕԵԿ-ն է, քանի որ կարծում ենք, որ այն ՀՀԿ ածանցյալն է, և մենք նպատակահարմար չենք գտնում հանդիպումը նման կուսակցությունների հետ», — տեղեկացրել է ազատամարտիկը: Սարգսյանը հաղորդել է, որ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում ներկայացվել է վետերանների դիրքորոշումը երկրում առկա  իրավիճակի նկատմամբ և առաջարկվել է կազմակերպել կլոր սեղան` իրավիճակը քննարկելու նպատակով, որը կուսակցությունների ղեկավարներն ընդունել են: Նրա ասելով, առաջիկա միջոցառման օրակարգում կլինի Հայաստանի ապագայի հարցի քննարկումը, քանի որ իշխանությունների ներկայիս գիծը երկիրը տանում է կործանման:

Սարգսյանը նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքում փոխադարձ մեղադրանքներն ու դատարկ խոստումները պետք է բացառվեն: «Նպատակը մեկն է. գտնել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներ: Եթե իշխանությունները համաձայնեն մեզ հետ, միայն ուրախ կլինենք, եթե` ոչ, ապա կհեռացվեն իշխանությունից և կգնան այնտեղ, որտեղից եկել են՚, — Սարգսյանի խոսքերն է մեջբերում «Արմինֆոն»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և ՌԴ-ի միջև ստորագրվել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘Երևանում մեկնարկում է HighFest XI միջազգային թատերական փառատոնը’