‘Կնճռոտ հարցերը ցավեցնում են Լևոն Իգիթյանին’

1321

Նախորդ մի քանի օրերին տեղացած անձրևների արդյունքում Երևանի մի շարք փողոցներում սելավաջրերի կուտակումներ էին: Ավտոմեքենաների անիվներն ամբողջությամբ թաղվում էին ցեխաջրի մեջ:

Ակնհայտ էր, որ ջրահեռացման համակարգերը, սելավատարները, մեղմ ասած, գործում են մայրաքաղաքի ոչ բոլոր հատվածներում: Սա այն դեպքում, երբ իբր մեծ թափով շինարարական, բարեկարգման աշխատանքներ են կատարվում Երևանում, և դրանք փառաբանվում են որպես դրական փոփոխություն: Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ով ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ջանադրաբար գովաբանում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի կատարած գործը, պարզվում է՝ վերջին մի քանի օրը տանից դուրս չի եկել և չի կարող մեկնաբանել այս իրավիճակը:

Նա պատասխանել է «Հայկական ժամանակի» հարցերին.

— Աշխարհի բոլոր քաղաքներում անձրևաջրեր լինում են: Եվ երբ որ ուժեղ կարկուտ կամ անձրև ա լինում, ինչ-որ բաներ շարքից դուրս են գալիս: Հատուկ ծառայությունները բոլորը կարգի են բերում: Ես ուզում եմ իմանալ, թե դուք ինչ եք փնտրում դրա մեջ: Դուք անընդհատ նեգատիվ եք ուզում գտնել: Չեմ հասկանում, ձեր նպատակը ի՞նչ է:

Պարոն Իգիթյան, եթե կառուցված համակարգերը չեն աշխատում, դրա մեջ դրական ի՞նչ պետք է տեսնենք:

— Դուք ինձ ասեք՝ ո՞ր թվին ա էդ համակարգերը կառուցված:

Միգուցե դուք մեզ ասեք, թե որ թվականին: Դուք եք մասնագետը:

— Ես պիտի գնամ զբաղվեմ դրանով, որ պարզեմ: Ես երեկ չգիտեի, որ ինձ էդպիսի հարց եք տալու:

Ստացվում է, որ Երևանում շատ գործ է արված, բայց ջրահեռացման համակարգերը այսքան ժամանակ չե՞ն փոխվել:

— Դուք ուզում եք միանշանակ մի նեգատիվ պատասխան ստանալ, որ տպեք, սկանդալ լինի անպայման: Դուք սկանդալ եք ուզում: Իսկ ես դրան մասնակից չեմ:

Փաստորեն՝ Երևանում լավ է այնքան ժամանակ, մինչև անձրև կամ ձյուն չի գալիս:

— Իսկ ո՞վ ասաց, որ Նյու Յորքում ամեն ինչ լավ է: Ես Նյու Յորքում ահավոր բաներ եմ տեսել… Աշխարհի բոլոր քաղաքներում էլ նման հարցեր են լինում:

Նյու Յորքում էլ ե՞ն ստորգետնյա ավտոկայանատեղիները խանութներ դարձնում, ինչպես Հյուսիսային պողոտայում է:

—  (Լռություն) Ես ձեզ հարց եմ տալիս՝ դուք ի՞նչ եք ուզում փնտրել:

Ձեր մեկնաբանությունը, պն Իգիթյան: Միգուցե ժամանակն է, որ ամեն ոլորտի մասնագետ՝ որևէ մեկի քաղաքական շահի փոխարեն, զբաղվի իր պրոֆեսիոնալ աշխատանքով՝ ելույթների փոխարեն, և լրագրողների հետ զրույցում հանդես գա որպես պրոֆեսիոնալ մասնագետ, ոչ թե որպես քաղաքական թիմի համակիր:

— Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ և աշխատում եմ գործը քաղաքականության հետ չկապել: Ես իմ գործը անում եմ, միշտ աշխատում եմ պարտաճանաչ և բարձր որակի անել:

Պարոն Իգիթյան, երբ դուք քարոզարշավ էիք անում, Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիների տարածքում խանութներ կառուցելու նախագիծը արդեն կար, և ասում են, որ «Դալմաշին» ՍՊԸն է կառուցում: Ինչո՞ւ նաև դրանից չէիք խոսում:

— Այ, տեսեք, դուք էդքան տեղեկություն ունեք: Ես չգիտեմ՝ ով ա շինարարը:

Բայց պրոեկտի մասին գիտեք:

— Ես կոնկրետ էդ գործով չեմ զբաղվում: Դուք ինչո՞ւ եք ուզում, որ ես պատասխանեմ էդ հարցին:

Որովհետև դուք ճարտարապետ եք, Երևանի ավագանու անդամ և գովաբանում եք Տարոն Մարգարյանին:

— Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

Դուք Տարոն Մարգարյանի քաղաքական թիմի մեջ էիք:

— Այո, ես նրա աշխատանքը բարձր եմ գնահատել: Ես hամարում եմ, որ ինքը լավ քաղաքապետ է: Դուք ինչ-որ տեղ մի հատ կնճռոտ բան եք տեսնում և ուզում եք իմանաք, թե ինչի եմ ես Տ. Մարգարյանին գովաբանում:

Իսկ կնճռոտ հարցերի պատասխանը ո՞վ պետք է տա, եթե ոչ մասնագետները:

— Ձեր տված հարցը մինչև չուսումնասիրեմ, չեմ կարող պատասխանել: Ես Տարոն Մարգարյանի նկատմամբ ունեմ դրական կարծիք, և էսօր էլ ունեմ դրական կարծիք: Եվ վերջ:

Վերջում Լևոն Իգիթյանը հայտարարել է, որ հրաժարվում է նեգատիվ բաներ փնտրող լրագրողի հետ զրուցել:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մայիսի 14-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում հասկանալ, որ բառերը պիտի նաև իմաստ ունենան. Մամուլ’