‘Կոմանդոսը հերքում է Կոմանդոսի սուտը (Տեսանյութ)’

7445

Շուշիի ազատագրումով հայտնի դարձած Արկադի Տեր-Թադեւոսյանը`  Կոմանդոսը, վերջին տարիների առավել հայտնի է միայն նրանով, որ պարբերաբար հյուրընկալվում է մամուլի տարբեր ակումբներում, եւ ամեն տեղ հադես գալիս նույն հայտարարությամբ: Մինչեւ վերջերիս Տեր-Թադեւոսյանի հայտարարությունների հիմնական միտքն այն մասին էր, որ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել Շուշիի ազատագրմանը:

Նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ Տեր-Թադեւոսյանը իր հին միտքը համեմել էր փոքրիկ թարմացումներով: Այս անգամ Կոմանդոսը հայտարարեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել նաեւ Խոջալուի գրավմանը: Իհարկե, Կոմանդոսի խոսքերին կարելի էր հակադարձել բազմաթիվ փաստերով ու փաստաթղթերով, սակայն, կարծում ենք, դա ավելի լավ ոչ մեկը չի անի, քան հենց ինքը` Կոմանդոսը: Այդ պատճառով էլ առաջարկում ենք ուղղակի դիտել ստորեւ ներկայացված տեսանյութը, (նկարահանված 1990-ականների կեսերին), որտեղ Արկադի Տեր-Թադեւոսյանը Կամավորների միության անունից պատվոգիր է հանձնում Լեւոն Տեր-Պետրոսյանին` շնորհակալություն հայտնելով նախագահին` իրենց եւ խոսքով, եւ գործով աջակցելու համար, եւ հավելում. «Մենք հպարտանում ենք ձեզանով»:

 

Հ.Գ. Ի դեպ, այս թեմային ժամանակին անդրադարձել էր նաեւ հայտնի գեներալ Գուրգեն Դալիբալթայանը: Ահա մի հատված նրա ասուլիսից.

«Ինչ վերաբերում է շրջանառվող այն համառ պնդմանը, թե «Հայաստանի ղեկավարությունը չէր ուզում ազատագրել Շուշին», եւ որ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «տեղյակ չէր դրանից»` գեներալը «ստահոդ» բնորոշեց այդպիսի խոսակցությունները` նկատելով. «Բոլոր մարտական գործողությունները պլանավորվում եւ ղեկավարվում են գլխավոր շտաբի կողմից: Գլխավոր շտաբն է երկրի ուղեղը` ռազմական փոխհարաբերությունների առումով, եւ իհարկե նաեւ երկրի նախագահը: ՀՀ նախագահը Շուշին գրավելու պահանջ դրեց, նա սահմանեց Շուշիի գրավման օպերացիայի քաղաքական նպատակը… ՀՀ նախագահն է ղեկավարել այդ ողջ օպերացիան, քանի որ նա էր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, եւ առանց նրա հրամանի գլխավոր շտաբը չէր կարող գործողություններ ծավալել»: Գեներալը հայտարարեց նաեւ, որ «վերեւներից» օպերացիան իրականացնող ուժերի վրա ոչ մի ճնշում էլ չի գործադրվել: Մեր խնդրանքով պրն Դալիբալթայանը որոշ պարզաբանումներ տվեց. «Տեր-Թադեւոսյանին հրահանգ էր տրվել գլխավոր շտաբի կողմից, եւ ես այդ ժամանակ նրա հետ էի, հսկում էի, որպեսզի ճիշտ կատարի իրեն տրված հրահանգները, եւ որպեսզի տանուլ չտրվի մարտը: Եթե նա ուզում է սեփականաշնորհել Շուշիի հաղթանակը` թող, թող եռակի հերոս դառնա, ինձ համար կարեւորն այն է, որ ես պլանավորել եմ այդ օպերացիան եւ ապահովել դրա իրականացումը: Ինձ հերիք է այն, որ այսօր Արցախն ազատագրված է եւ ժողովուրդն ազատ է ապրում»»:

Հ.Գ.1 Այուամենայնիվ, ենթադրում ենք, որ Կոմանդոսն էլ գիտի, որ կանցնեն տարիներ, կբացվեն արխիվները ու ամեն մի սուտ, այն էլ` պետական նման կարեւոր իրադարձությունների մասին, կստանա իր փաստաթղթավորված պատասխանները: Կամ էլ Կոմանդոսը ստում է այն հույսով, որ մինչ այդ օրը կգա, ինքն այլևս հնարավորություն չի ունենալու ամաչել սեփական ստերի համար:

Նախորդ հոդվածը‘Դեբիլությունը էտալոն’
Հաջորդ հոդվածը‘Ինքնահաստատվեք իշխանության՝ ձեր քաղաքական հակառակորդի վրա, ՈՉ ԵՐԲԵՔ պայքարող հասարակության’