‘Կոմիտաս 5. Դատարանի ուղերձը քաղաքացիներին` փող չունես, ուրեմն սխալ ես’

1088

Ինչպես տեղեկացրել ենք, Վարչական դատարանը` դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, որոշել է Կոմիտաս 5 հասցեում բարձրահարկ շենք կառուցող «Լիբեր» ՍՊԸ-ի հայցի հիման վրա շինարարության դեմ բողոքող բնակիչներին պարտավորեցնել`եռօրյա ժամկետում 40.600 ԱՄՆ դոլար վճարել, այլապես` շինարարությունը կվերսկսվի:  Կառուցապատողը նշել է, որ ժամանակին «Յունիբանկից» 350.000 դոլար վարկ է վերցրել` ամսական 40.600 դոլար վճարելու պայմանով:  

Ավելի վաղ  դատարանը բավարարել էր Կոմիտաս 5ա, 3 և 7 շենքերի մի շարք բնակիչների հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և պարտավորեցրել էր «Լիբեր» ՍՊԸ-ին` կասեցնել շինարարական աշխատանքները` մինչեւ շինարարության թույլտվության օրինականության հարցի քննության ավարտը: 

Եռօրյա ժամկետի լրանալուց հետո, երբ բնակիչները չեն  վճարել պահանջված գումարը, «Լիբեր» ՍՊԸ տնօրեն Քեշիշ Աբրամը հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտվանից շինարարությունը վերսկսվելու  է: Այս պահի դրությամբ շինարարությունը դեռ չի սկսվել միայն տեխնիկական պատճառներով:  Ընկերությունից iLur.am-ին տեղեկացրին, որ շինարարությունը կվերսկսվի անհրաժեշտ շինանյութի ժամանումից հետո:

«Մեր քաղաքը» քաղաքացիական նխաձեռնության անդամ Վարդանը Գերավետյանը, iLur.am-ի հետ զրույցում պարզաբանելով դատարանի վերջին որոշումը, նշեց, որ պահանջվող $40.600-ը ոչ թե փոխհատուցում է շինարարի կրած վնասների դիմաց, այլ` յուրատեսակ գրավ:

«Դատարանը ոչ թե պահանջել է փոխհատուցել «Լիբերի» կրած վնասները, այլ օրենսդրությամբ սահմանված մեխանիզմով առաջարկել է շինարարությունը դադարեցնելու հայց ներկայացրած քաղաքացիներին` դատարանի դեպոզիտ փոխանցել նշված գումարը, եթե նրանք ուզում են, որ շինարարությունը չշարունակվի մինչեւ հայցով վերջնական որոշում կայացնելը», — նշեց ակտիվիստը:  Այսինքն, ըստ նրա, եթե դատարանը հետագայում վճռի, որ Երեւանի քաղաքապետարանի` Կոմիտաս 5-ում բարձրահարկ շենք կառուցելու թույլտվությունն ապօրինի է, գումարը վերադարձվելու էր հայցվոր քաղաքացիներին, հակառակ դեպքում` այդ գումարը փոխանցվելու էր «Լիբեր» ՍՊԸ-ին՝ որպես վնասի փոխհատուցում:

Այնուհանդերձ, Վարդան Գերավետյանի խոսքով, դատարանի որոշումն աբսուրդային է եւ վտանգավոր: Ըստ նրա՝ եթե ավելի վաղ դատարանը շինարարությունը կասեցնելու որոշում է կայացրել, ուրեմն դրա համար որոշակի հիմքեր ունեցել է:

«Եթե անօրինականություն կա, ապա դրա հեղինակը Երեւանի քաղաքապետարանն է, ոչ թե հայցվոր քաղաքացիները: Հետեւաբար` տրամաբանական կլիներ, եթե այդ գումարը փոխանցեր հենց քաղաքապետարանը», — նշեց նա:

Իսկ այս դեպքում, ակտիվիստի խոսքով, դատարանը վատ նախադեպ է ստեղծում` իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին վախեցնելու, պայքարն ըստ էության անիմաստ դարձնելու նպատակով. «Ինչ է ստացվում. դատարանն ասում է`եթե ցանկանում ես անօրինականությունը կասեցնել` վճարիր: Իսկ եթե հայցվորը վճարելու գումար չունի՞: Այսինքն` եթե փող ունես, միգուցե` ճիշտ ես, եթե ոչ` ամեն դեպքում սխալ ես»:

Բացի դրանից, ակտիվիստի խոսքով, կասկած է հարուցում նաեւ «Լիբերի» հիմնավորումը, թե նշված 40.600 դոլարը վերցրած վարկի մարման համար է անհրաժեշտ: «Լիբեր» ՍՊԸ-ն, այո, 350 հազար դոլար վարկ է վերցրել, բայց հայտնի չէ` ինչ նպատակով: Միգուցե վարկը Կոմիտաս 5-ում շենք կառուցելու համար չի վերցված, այլ ինչ-որ մասնավոր նպատակով: Համենայնդեպս, այդ մասին հիմնավորումներ չկան», — նշեց Գերավետյանը:

Ակտիվիստի խոսքով, եթե արդարադատություն իրականացվի, եւ վերջնականապես արգելվի շինարարությունը, կառուցապատողին պետք է փոխհատուցի քաղաքապետարանը, բայց ոչ թե հանրային միջոցներից, այլ ապօրինի որոշումը կայացնողների անձնական միջոցներից: «Պետք է կալանք դրվի այն մարդկանց ունեցվածքի վրա, ովքեր ստորագրել են ապօրինի որոշման տակ, կամ` քրեական պատասխանատվության ենթարկել», — ասաց մեր զրուցակիցը:

Ամեն դեպքում, Վարդան Գերավետյանը տեղեկացրեց, որ շինարարական կամայականությունների դեմ քաղաքացիական պայքարը ավելի մեծ թափ է հավաքում: Նրա խոսքով, արդեն իսկ համատեղ ակցվիաներ իրականացնելու պայմանավորվածություն կա Կոմիտաս 5, Ամիրյան 24, Սայաթ-Նովա 10 հասցեներում ընթացող շինարարությունների դեմ պայքարող քաղաքացիների միջեւ: 

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ. Սարգսյան-Ալիև հանդիպման հիմնական արդյունքը կարող է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը լինել’
Հաջորդ հոդվածը‘«100 աստիճան» նախաձեռնության հայտարարությունը Մարց գյուղի դեպքերի կապակցությամբ’