‘Կոնգրեսը Աջափնյակի միջադեպի մասին` Վարչախումբը խուճապի մեջ է ‘

2733

Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է այսօր Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել Կոնգրեսի` քարոզական նյութեր բաժանող ակտիվիստին:

Կոնգրեսի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ Երեք դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, չորրորդ դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը։ Ընդ որում առ այսօր քաղաքապետական ընտրությունների քարոզարշավին մասնակից ուրիշ որեւէ քաղաքական ուժի քարոզիչներ ու ակտիվիստներ որեւէ խոչընդոտի չեն հանդիպել:

Վարչախումբը խուճապի մեջ է, եւ այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաեւ այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը։ Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչեւ հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող թաղային թափթփուկների հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել Կոնգրեսի քարոզարշավը։ Այդ հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստիկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին:

Նախորդ հոդվածը‘Արեգ Գեւորգյան. Փառք Աստծո, Ալիկի կյանքին վտանգ չի սպառնում ‘
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 24-ին` երթ’