‘Կոնգրես. Լրագրողի նկատմամբ կատարվածը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու Տարոն Մարգարյանի իրական դեմքի արտապատկերումն է’

1628

Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է մեր կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամի կողմից Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ կատարված բռնությունը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր՝ ապրիլի 23-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող «iLur» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ։ Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ «ոչ յուրային» լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանի եւ ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը։ Լրագրողի նկատմամբ բռնության գործադրման ողջ ընթացքում կատարվող ծանր հանցագործությանը անհաղորդ ու անտարբեր հետեւել են քիչ հեռու կանգնած ոստիկանները։ Զանգահարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից նույնպես օպերատիվ օգնություն չի ստացվել։

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված նողկալի արարքը, ինչը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու նրա քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի իրական դեմքի արտապատկերումն է։ Լրագրողական աշխարհը, իրավապաշտպան կազմակերպությունները, համապատասխան միջազգային կառույցները, հասարակությունը, հուսով ենք, իրենց վերաբերմունքը կարտահայտեն զազրելի այս փաստի նկատմամբ»։

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Ի՞նչ գործ ունի «Ավելի լավ Երեւան»-ը հավանելու սկրիպտը Mediamall-ի գլխավոր էջի կոդում’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Սերժ Սարգսյանի ուրացումն ուղեփակոց է Հայոց Ցեղասպանության ճանաչման ճանապարհին ‘