‘Փորձագետ. Ի՞նչ գործ ունի «Ավելի լավ Երեւան»-ը հավանելու սկրիպտը Mediamall-ի գլխավոր էջի կոդում’

1491

Այսօր արդեն տեղեկացրել ենք, որ պարզվել է, որ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի համար լայքերը ապահովվում էր Mediamall.am կայքից՝ կայք մտնելուց ավտոմատ լայքվում էր Տարոն Մարգարյանի էջը: Տեղեկացրել էինք նաեւ, որ մեծ աղմուկից հետո, կայքը հանել էր այդ հնարավորությունը: Սակայն, ամենաուշագրավը դրան հետեւած՝ կայքի խմբագրի տարօրինակ պահվածքն էր, ով նախ զանգահարել էր iLur.am եւ ասել, որ տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն կուղարկի, ինչին մենք պատասխանել էինք, որ սիրով այն կտեղադրենք: Ավելին, խմբագիրը ինքն իր խոսքում նշել էր, թե իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել, եւ չէր բացառել, որ կայքի կոդերին մուտքի հնարավորություն ինչ-որ մեկը կարող էր կապ ունեցած լիներ այդ ամենի հետ: Խոստացված հայտարարությունն այդպես էլ չեղավ, իսկ դրանից որոշ ժամանակ անց հայտնվեց մի զավեշտալի կեղծ՝ ակնհայտ մոնտաժված տեսանյութ, իբր ցույց տալու համար, թե iLur.am-ը ստել է: Այդ արձագանքին չէինք էլ անդրադառնա, եթե չլիներ համացանցում հետագա ծավալված խոսակցությունները, որտեղ ակնհայտորեն փորձ էր արվում լղոզել կատարվածը, եւ մեղքը բարդել մեր կայքի վրա: Այդ պատճառով էլ ստիպված ենք հրապարակել եւս մեկ նյութ, որը այսօր հրապարակվել է Epress.am կայքում, որտեղ երեւում է, թե ինչպես է նշված կայքն ու Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջը փոխկապակցված իրար հետ:

«Ավելի լավ Երևան» (ԱԼԵ) Facebook-յան էջը ավտոմատ «հավանում էին» (լայքում են) այն օգտատերերը, ովքեր մտնում են Mediamall կայքը, քանի որ այդ կայքի գլխավոր էջի կոդի մեջ կար դեպի «ԱԼԵ»-ի լայքը տանող սկրիպտ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ոլորտի փորձագետ Նարեկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Ավելի լավ Երևան»-ը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության կարգախոսն է: Հարությունյանը պատմել է, թե ինչպես է հայտնաբերել լայք կեղծելու մեխանիզմը՝ նշելով, որ փաստը ստուգել ու հաստատել են նաև իր ծրագրավորող ընկերներից մի քանիսը: Հարությունյանը հայտնաբերել է, որ ինքը Facebook-ում հավանել է «Ավելի լավ Երևանը», սակայն քանի որ նա վստահ է եղել, որ նման բան չի արել, փորձել է հասկանալ, թե ինչպես է իր լայքը կեղծվել: «Տեսա, որ ընկերներիցս մեկը ևս ԱԼԵ-ի ֆանատ է դարձել: Կապվեցի իր հետ ու խնդրեցի, որ շտապ ասի իր վերջին կես ժամվա ընթացքում այցելած կայքերը:

Մի քանի անուններ թվեց: Ես ստուգեցի ընկերոջս վերջին կես ժամում այցելած կայքերի կոդերը, ու տեսա, որ Mediamall-ի գլխավոր էջի կոդում դրված է ԱԼԵ-ի հավանելու սկրիպտը: Ի՞նչ գործ ունի ԱԼԵ-ի հավանելու սկրիպտը Mediamall-ի գլխավոր էջի կոդում… Ու էնպես է գրված, որ ավտոմատ կերպով հենց այցելում ես, այսինքն՝ կարդում ես ցանկացած լուր, դառնում ես ԱԼԵ-ի հավանող»,- ասել է Նարեկ Հարությունյանը: Վերջինս նշել է, որ Facebook սոցիալական ցանցում դեպքի մասին իր գրառումից հետո կոդերը mediamall.am-ից հանել են, սակայն ինքը մինչ այդ հասցրել է ներբեռնել կոդի պատկերները:

 

Նախորդ հոդվածը‘Երևանում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. Լրագրողի նկատմամբ կատարվածը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու Տարոն Մարգարյանի իրական դեմքի արտապատկերումն է’