Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

350

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 326,4 միլիոնի է հասել, մահացել է 5,5 միլիոն մարդ։

Վերջին 28 օրերին արձանագրված նոր դեպքերի թվով առաջատարներն են՝ ԱՄՆ-ը՝ 14,6 մլն հիվանդ, Ֆրանսիան՝ 5,3 մլն, Մեծ Բրիտանիան՝ 3․9 մլն, Իտալիան՝ 3,1 մլն, և Իսպանիան՝ 2,6 մլն։

Վերջին շաբաթներին աշխարհում ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» տարբերակը, որը փորձագետները համարում են պակաս վտանգավոր առողջության համար, սակայն շատ ավելի արագ է տարածվում, քան վիրուսի նախորդ մուտացիաները։

Ավստրիան առաջին եվրոպական երկիրն է, որը երկրի ողջ բնակչության համար պատվաստումը պարտադիր է դարձնում․ կանցլեր Կառլ Նեհամմերը հայտարարել է, որ այս տարվա փետրվարից երկրում պատվաստումը պարտադիր կլինի 18-ից բարձր բոլոր քաղաքացիների համար։ Այս պահի դրությամբ երկրում պատվաստում ստացել է բնակչության 71,5 տոկոսը, ինչը պակաս է եվրոպական հարևան երկրների ցուցանիշներից։

Անցյալ շաբաթ օրը Վիեննայում ցույց է տեղի ունեցել պարտադիր պատվաստման դեմ, որին մասնակցել է առնվազն 27 հազար մարդ։

Նիդեռլանդներում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցույցեր են տեղի ունենում յուրաքանչյուր շաբաթ-կիրակի։ Պարտադիր պատվաստման դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև Հունգարիայի մայրաքաղաքում։

Պարտադիր պատվաստումը բավական հազվադեպ միջոց է, որին դիմել են մի քանի երկրներ՝ Էկվադորը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ինդոնեզիան և Միկորնեզիան։ Ընդ որում, եվրոպական շատ երկրներ և ԱՄՆ-ը պատվաստումը պարտադիր են դարձրել բնակչության մի քանի խավերի, օրինակ՝ բուժաշխատողների և հանրային ծառայությունների աշխատողների համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAusOpen․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՊոռոշենկոն վերադարձել է Կիև