Կորոնավիրուսն աշխարհում․ Նոր կանոններ Չինաստանում

331

Չինաստանում երկրի տարածքով տեղաշարժի կանոնները խստացվել են, իշխանությունները քաղաքացիներին խնդրում են ապրանքներ չգնել արտասահմանից։

Հիվանդության նոր դեպքերը  հասել են երկամյա առավելագույնին։ Պեկինի հիվանդության վերահսկողության կենտրոնի աշխատակիցների համոզմամբ՝ քաղաքի բնակիչներից մեկը վարակվել է «Օմիկրոն» տարբերակով, երբ ծանրոց է բացել։ Պաշտոնատար անձինք նաև նախազգուշացնում են, որ կովիդը կարող է ճամփորդել պետությունից պետություն սառեցված մթերքների ներմուծման «շնորհիվ», սակայն գիտնականներից շատերը կասկածի տակ են դնում այս տեսությունը։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կանխատեսում է, որ զբաղվածության մակարդակը վերականգնելու համար տարիներ են պետք։ Covid-19-ը շարունակում է ուժեղ ազդեցություն ունենալ աշխատատեղերի վրա ամբողջ աշխարհում, հայտարարել է ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր հետազոտությունում վերանայվել է նախորդ կանխատեսումը, թե աշխատանքի համաշխարհային շուկան համավարակից հետո գրեթե ամբողջությամբ կվերականգնվի արդեն այս տարի։

Իսկ Եվրոպայում կրկին գրիպ է տարածվում, որն անցյալ ձմռանը գրեթե չկար։ Անցյալ տարի գրիպով հիվանդացությունը Եվրոպայում շատ ցածր էր, բայց այս ձմռանը վերադարձել է, ընդ որում՝ սպասվածից ավելի արագ։ Դա «տվինդեմիա»-ի՝ կորոնավիրուսի և գրիպի համավարակների համընկնման վտանգ է առաջացրել։

ԵՄ տվյալների համաձայն՝ անցյալ ձմռանը Covid-19-ի կապակցությամբ դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը և ինքնամեկուսացումը  թույլ չեն տվել, որ գրիպի վիրուսը տարածվի, որն ամեն տարի առնվազն 650 հազար մարդու կյանք է խլում։ Մինչդեռ պատվաստումներին համընթաց՝ իշխանությունները թուլացնում են սահմանափակումները, և դա նպաստում է գրիպի տարածմանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըFIFA The Best․ Ռոբերտ Լեւանդովսկին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըFIFA The Best. Քվեարկությունում ձայն ստացած 11 խաղացողները