‘Կուխտա. Ղրիմի հանրաքվեն հիշեցնում է երեկ ծանոթացած երիտասարդ զույգի, որն արդեն այսօր իր առաջնեկի անունն է ընտրում’

903

Ղրիմը, Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, Ինքանավար Հանրապետություն է՝ վերջինիս կազմում: Հանրաքվե նշանակելը, միավորվելու համար ռուսական իշխանությանը դիմելը ՂԻՀ իրավասության մեջ չի մտնում: Որևէ նորմատիվ փաստաթղթով դա չի նախատեսվում: ԱրմԻնֆո-ին այդպիսին կարծիք է հայտնել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

«Այդ պատճառով հանրաքվեի անցկացումը, այն էլ նման հապճեպ կերպով, /ի սկզբանե խոսքը վերաբերում էր մայիսի 25-ին, այնուհետև կանգ առան մարտի 30-ի վրա, հետո ընդհանրապես որոշեցին չսպասել ու անցկացնել այն մարտի 16-ին/ անհեթեթություն է: Այնուհետև ընդունվեց Ղրիմի անկախության մասին հռչակագիր, անմիջապես սկսեցին քննարկել ռուբլու գոտի մտնելու հարցը և այլն: Շարժառիթները հասկանալի են, բայց այս ամենը հիշեցնում է երեկ ծանոթացած երիտասարդ զույգի, որն արդեն այսօր իր առաջնեկի անունն է ընտրում»,- նշել է դեսպանը:

Սակայն Կուխտան հիշեցրել է նորմատիվ-իրավական բազայի մասին, որն անտեսվում է: Այդ պատճառով, նրա կարծիքով, միջազգային հանրությունը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունները` ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, բացարձակապես չեն ընդունում այդ հանրաքվեի անցկացումը: Իսկ շատ պետությունների առաջնորդներ և Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնապես հայտարարել են և որոշում կայացրել, որ մտադիր չեն ճանաչել նման հանրաքվեն, որ դա վտանգավոր անօրինական քայլ է: Նրա կարծիքով, մինչև հանրաքվեի անցկացումը հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, քննարկել խնդիրը, եթե անհրաժեշտություն կա` ընդլայնել ինքնավարության լիազորությունները, հնարավոր է, այդ նոր լիազորություններում ներգրել հանրաքվեի անցկացման հնարավորությունը` հանգիստ իրադրությունում, առանց տեղեկատվական ճնշման Ղրիմի բնակիչների իրական կարծիքն իմանալու նպատակով: Միջազգային նման պրակտիկա գոյություն ունի, բայց այն պետք է իրավաբանորեն հիմնավորված և կանոնակարգված լինի Ուկրաինայի Սահմանադրության հոդվածներով:

«Այսօր Ղրիմը բազմազգ ինքնավար հանրապետություն է, բոլոր ղրիմցիները հիանալի խոսում են ռուսերեն լեզվով, իսկ ովքեր ցանկանում են խոսել ղրիմաթաթարերեն, ուկրաիներեն, հայերեն, հունարեն, գերմաներեն, այս հարցում  չի եղել և չկա խտրականության որևէ տարր: Այդ պատճառով այն աղմուկը, որը բարձրացրել են այսօր օտարերկրյա որոշ քաղաքական գործիչներ ռուսալեզու բնակչության իրավունքների իբր խախտման առնչությամբ, բացարձակապես ոչ հավաստի տեղեկատվություն և շահարկում է: Չգիտես ինչու, Ուկրաինայի անկախության 22 տարիներին նման հարցեր երբեք չեն առաջացել, այլ դրանք ծագել են արդեն Մայդանից հետո»,- ամփոփել է դեսպանը:

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր Մ.Գուլոյանի կոճակը սեղմվել էր թյուրիմացաբար ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Ուկրաինան ամենևին միայն ուկրաինացիները չեն’