‘Կուտակայինի թաքնված երեսը. գործադիրն ուզում է փակել նոր անձնագրերի դիմաց 17 մլն եվրոյի պարտքը. Hetq’

2481

Ձեզ ենք ներկայացնում Հետք կայքում հրապարակված հետաքննական հոդվածը, որտեղ խոսվում է կուտակային պարտադիր վճարների եւ էլեկտրոնային անձնագրերի համար կուտակված պարտքի կապի մասին: 

Այն, որ կառավարությունը փորձում է ճնշում գործադրել պարտադիր կուտակային համակարգի դեմ հանդես եկող եւ դեռեւս կամուկացի մեջ գտնվող քաղաքացիների վրա, ակնհայտ է: Չնայած գործադիրի հայտարարություններին, թե համակարգի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի ինքը կհոգա իր ապահով ծերության մասին, իրականում սրանով առաջնահերթ կլուծվի մոտակա մի խնդիր, որի մասին քաղաքացիներն, ըստ էության, տեղյակ էլ չեն:

2010-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, ըստ որի՝ պարտադիր բաղադրիչը պետք է ուժի մեջ մտներ 2014-ի հունվարի 1-ից: Նույն ընթացքում՝  դեկտեմբերի 10-ին, արդեն ավարտվել էր կառավարության հայտարարած նոր անձնագային համակարգի ներդրման մրցույթը, մասնակիցներն էլ ներկայացրել էին իրենց հայտերը: Ամիսներ անց՝ 2011-ի ամռանը, կառավարությունը նոր անձնագրերի համար 16,9 մլն եվրոյի պարտքի տակ պիտի մտներ՝ հույս ունենալով, որ պարտադիր բաղադրիչի միջոցով քաղաքացիներին կստիպի գնել նոր փաստաթղթերը՝ այդպիսով փակելով նաեւ իր պարտքը:     

Ի՞նչ է նույնականացման քարտը եւ կենսաչափական անձնագիրը

2011-ի նոյեմբերի 30-ին Ազգային ժողովն ընդունեց երեք օրենք, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ բոլոր քաղաքացիների հետ. «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին»: Սրանք ուժի մեջ մտան 2012-ի հունիսի 1-ից: Այդպիսով Հայաստանում օրենքով հաստատվեցին նոր տեսակի փաստաթղթերը՝ նույնականացման քարտերն ու կենսաչափական տվյալներով անձնագրերը:

Նույնականացման քարտը ՀՀ-ի ներսում կիրառվող փաստաթուղթ է, այլ կերպ ասած՝ ներքին անձնագիր: 16 տարեկանից բարձր անձանց 10 տարով տրամադրվող այս քարտը հայերենով եւ անգլերենով ներառում է քաղաքացու անուն-ազգանունը (հայերենում՝ նաեւ հայրանունը), ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, բնակության վայրը (երկրի անունը), քաղաքացու ցանկությամբ՝ նաեւ ազգությունը եւ արյան խումբն ու ռեզուսը: Քարտը պարունակում է նաեւ տրամադրման եւ վավերականության ժամկետները, քարտի համարը, քաղաքացու լուսանկարը, ստորագրությունը, քարտը տրամադրած ոստիկանական բաժանմունքի ծածկագիրը, հանրային ծառայությունների համարանիշ (եթե քաղաքացին հրաժարվել է համարանիշ (սոցքարտ) ձեռք բերել, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց դրա): ՆՔ-ն ունի տեխնիկական մաս՝ էլեկտրոնային պահոց (չիպ), որտեղ ամրագված են վերը նշված տվյալները, էլեկտրոնային ստորագրության հավաստագիր, էլ.փոստ: Չիպի մեջ միայն հայերենով կարող է նշվել բնակության վայրի հասցեն:

Գրեթե նույն տվյալներն է պարունակում նաեւ կենսաչափական անձնագիրը, որը կիրառելի է թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս: Ի տարբերություն ՆՔ-ի՝ անձնագրում քաղաքացու ցանկությամբ կարող է նշում կատարվել ամուսնության եւ ամուսնալուծության, զինծառայություն անցած լինելու մասին: Անձնագրի մեջ էլ կա չիպ, որի մեջ բացի հիմնական տվյալներից ամրագրվում են տիրոջ աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Մինչեւ 16 տարեկաններին անձնագիրը տրվում է 3 տարով, իսկ 16 տարին լրացածներին՝ 10: Ընդ որում՝ մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16-18 տարեկան տղաներին այն տրամադրվում է մինչեւ զորակոչային տարիքը լրանալը, իսկ այդ տարիքը լրանալու դեպքում՝ զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

Երկու տիպի փաստաթղթերի ներդրումը բացատրվեց անվտանգության ապահովմամբ, անձնագրի պաշտպանվածության բարձրացմամբ, փաստաղթղի եւ քաղաքացու նույնականացման հեշտացմամբ:

16,9 մլն եվրո՝ 1 մլն հատ քարտի եւ 304 հազար հատ անձնագրի համար

Նոր տիպի փաստաթղթերի համակարգի ներդրման համար կառավարությունը մրցույթ հայտարարեց, որն անցկացվեց 2010-ի հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը: Մրցույթը, որին մասնակցեց 8 միջազգային կազմակերպություն, կազմակերպվեց 2 չափաբաժնով: Առաջինով նախատեսվում էր վճարումն իրականացնել անմիջապես համակարգը շահագործման հանձնելուց հետո, եւ տվյալ չափաբաժնով ամենացածր գինն առաջարկել էր «PWPW S.A.» լեհական ընկերությունը: Երկրորդ չափաբաժնով նախատեսվում էր համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերում` 5-10 տարի տարանցիկ վճարման կարգով: Տվյալ չափաբաժնով հայտ էր ներկայացրել միայն ֆրանսիական «Oberthur Technologies» ընկերությունը: Վերջիններս էլ 2011-ի հունվարի 25-ին ճանաչվել էին մրցույթի հաղթողներ երկու չափաբաժիններով: 2011-ի հունիսին տեղի ունեցավ քննարկում ներկայացված ֆինանսավորման չափաբաժինների շուրջ` Հայաստանի համար լավագույն տարբերակը ընտրելու նպատակով: «Գնային առաջարկները քննարկելու արդյունքում որոշվեց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման հարցում առաջնորդվել առաջին չափաբաժնով` հաշվի առնելով երկրի համար վերջինիս մատչելիությունը»,- «Հետքին» հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:   

Դրանից հետո՝ 2011-ի հուլիսի 28-ին, լեհական «PWPW S.A.» ընկերության հետ 5 տարվա պայմանագիր կնքվեց: Վերջինս պարտավորվեց ՀՀ-ում ներդնել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգ, ինչպես նաեւ սպասարկման ծառայություններ իրականացնել համակարգի շահագործման ընթացքում ու ապահովել դրա անխափան աշխատանքը: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, համակարգի հետագա շահագործումը եւ անխափան աշխատանքի ապահովումը կիրականացվի պետության կողմից: 

Լեհերի հետ պայմանագիրը հայկական կողմից ստորագրեցին ոստիկանությունը եւ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետերը կառավարությունն է: 2012-2016 թթ. համար կնքված պայմանագրի արժեքը 16.901.760 եվրո է: Նախատեսվում է, որ այդ ընթացքում թողարկվելու է 304 հազար հատ կենսաչափական անձնագիր եւ 1 մլն նույնականացման քարտ: Ըստ պայմանագրի՝ մեկ անձնագրի գինը 37,44 եվրո է (304 հազար օրինակի դեպքում՝ 11.381.760 եվրո), իսկ քարտինը՝ 5,52 (1 մլն հատի դեպքում՝ 5.520.000): Մրցութային հանձնաժողովի որոշման օրը՝ 2011-ի հունվարի 25-ին (երբ «PWPWS.A.»-ն ճանաչվեց հաղթող), ըստ ՀՀ կենտրոնական բանկի, 1 եվրոն արժեցել է 495,98 դրամ: Այսինքն՝ այդ օրվա դրությամբ մեկ անձնագիրը գնահատվել է 18.570 դրամ, իսկ քարտը՝ 2740: Սակայն նոր համակարգի ներդրումից հետո կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքացիներն անձնագրի համար կվճարեն 25.000 դրամ, իսկ քարտի դեպքում՝ 3000:

Շարունակությունը` Հետքում  

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը Արաբկիրում թռուցիկներ էր փակցնում էլեկտրասյուների վրա. Տեսանյութ’