‘Օրվա համառոտ ամփոփում’

843

Օրը համեմատաբար հանգիստ էր. Հատուկ քննչական ծառայության կայքում այսօր հայտնվել է մի հաղորդագրություն, համաձայն որի «ՉԻ» լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ ըստ հաղորդման՝ 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել: 

ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ականների ներկայացրած նախագծի քննարկումը: Նշենք, որ նույն մեծամասնությունը նախորդ քառօրյայի ժամանակ մերժել էր ոչ իշխանական չորս խմբակցությունների նույնատիպ առաջարկը, եւ ապա որոշ ժամանակ անց՝ ինքն է հանդես եկել նույն առաջարկով, սակայն, բովանդակային մի շարք տարբերություններով: 

Մինչ այդ հանդես գալով եզրափակիչ ելույթով՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր խոսքը սկսեց մի հայտնի ասացվածք հիշեցնելով, որ սովորաբար «հանձնաժողովները ստեղծվում են այն նպատակով, որ պրոբլեմը թաղվի»: 

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորները ԱԺ են ներկայացրել  «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծ: 

Նախագծի կապակցությամբ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն այսօր իր ելույթում նշեց, որ Կոնգրեսը դեռեւս 2012 թ.-ի աշնանը` սույն հանձնաժողովը ստեղծելու նախաձեռնությամբ մտել էր ԱԺ ու այս խնդիրը քննարկելու ժամանակ համաձայնել էր պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկությանը՝ հանձնաժողովը ստեղծել նախագահական ընտրություններից հետո: Քաղաքական մեծամասնության կողմից հավաստիացիումներ էին տրվել: 

Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ Արամ Մանուկյանն իր զարմանքը հայտնեց Նաիրիտը 40 մլն դոլար գնահատելու փաստի կապակցությամբ: Նա նշեց, որ «եթե Տիգրան Սարգսյանը այս մի տարում Նաիրիտի տարածքում վարդ ցաներ, կամ՝ պոմիդոր ու վարունգ, ապա այդ գումարը կհաներ»: 

Ձեզ ենք ներկայացնում մարտի 1-ի հանրահավաքի հոլովակը, որով ժամը 15:00-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք, որից հետո տեղի կունենա երթ: 

Այսօր «Նոյյան տապան» ակումբում մամլո ասուլիսով հանդես եկած ազատամարտիկները տեղեկացրել են, որ իրենք մասնակցելու են Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, եւ կոչ են արել բոլորին անել նույնը: Ազատամարտիկները նաեւ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ «Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է, քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի եւ ավազակների ձեռքերում, հայ ժողովուրդն իր հայրենիքում զրկված է արժանապատիվ աշխատանքով իր երեխաներին պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ընտանիքներով հեռացել են երկրից, դատարկվել են սահմանամերձ գյուղերը»։

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ (ՀԲՃ)-ի Սյունիքի աղբյուրների փոխանցմամբ վերջին 3 ամիսների ընթացքում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակման նպատակով:

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներն այսօր կրկին արգելել են համայնքի ոռոգման ջրատարի հաշվին ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ իրականացնել: Օհանավանցի Դոլվարթ Կարապետյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ այսօր գյուղ էր ժամանել շինարարական աշխատանքներն իրականացնող «Գահա էներջի» ընկերության տնօրենը: Նա փորձել է համոզել բնակիչներին` թույլ տալ վերսկսել աշխատանքները: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, գյուղի բնակիչներն անդրդվելի են մնացել: 

Լվովում մի քանի տասնյակ «Բերկուտցիներ» երկուշաբթի երեկոյան, մասնակցելով հանրահավաքին, հարթակի վրայից ծնկաչոք ներողություն են խնդրել հավաքված բազմությունից: Իսկ մարդիկ իրենց հերթին մանր առարկաներ են շպրտել անվտանգության աշխատակիցների վրա, ինչպես նաեւ վանկարկել «ամո՛թ, ամո՛թ», փոխանցում են տեղական լրատվամիջոցները: 

Եվ վերջում, մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Մահացել է կատակերգու դերասան Հարոլդ Ռամիսը’
Հաջորդ հոդվածը‘Կուտակայինի թաքնված երեսը. գործադիրն ուզում է փակել նոր անձնագրերի դիմաց 17 մլն եվրոյի պարտքը. Hetq’