‘«Կ» կա` մեր այբուբենի տառերից մեկն է ընդամենը, «Կ» էլ կա` փող արժե’

1850

Մամուլ թերթեցի, կայքեր նայեցի. ե՛ւ բացահայտ իշխանությունների ոտքերը լիզող, ե՛ւ «մթության քողի տակ» իշխանություններին ծառայող լրատվամիջոցները, ե՛ւ պարզապես ստոր-կեղտոտ խաղերի մեջ ներքաշվածները Հայ ազգային կոնգրեսի համագումարից հետո մանրադիտակներով զինվել են ու լծվել ՀԱԿ-ի սխալների պեղմամբ: Ավելին, իշխանություններն ասպարեզ են նետել իրենց որոշ թերհասների, արտասանվելիք տեքստերն էլ նախապես անգիր անել են տվել` հատկապես եւ մասնավորապես ընդդեմ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ կարելի է ասել` հայաստանյան «գաղջ մթնոլորտում» կյանքը եռում է: Ոչինչ, որ այս բերանացի տեքստեր արտասանողներին թափ տաս, ամեն մեկի վրայից ամենաքիչը տասը հանցագործություն կթափվի, մի քանիսի վրայից էլ մի քանի մարդասպանության դեպք (սրանց մասին` ապագայում): Բայց մի՞թե դա է կարեւորը: Կարեւորն այն է, որ շեֆը հրահանգել է բոլոր կողմերից ու ամեն կարգի նենգ միջոցներով հարվածել Կոնգրեսին:

Եվ, ուշադրություն, սրանք անպայմա՛ն, անշփո՛թ Հայ ազգային կոնգրես նորաստեղծ կուսակցության կրճատ տարբերակը գրում կամ արտաբերում են ՀԱԿԿ:

Որքան ուզում ես բացատրիր, որ պետք է գրվի ՀԱԿ, ճիշտը ՀԱԿ-ն է: Նորօրյա մեծն «լեզվաբաններին» դա դուր է գալիս, թե` ոչ, իրենք դա ճիշտ են համարում, թե` ոչ, փաստ է` ՀՀ արդարադատության նախարարությունում հենց այս հապավմամբ է գրանցվել Կոնգրեսը, եւ խեղաթյուրելով Կոնգրեսի նշված հապավումը, իրենք ընդամենն օրենք են խախտում: Եվ այս «հանուն հայերենի անաղարտության» բոցաշունչ ակցիան ալիք է տվել կիսագրագետ թերթերով, անգրագետ կայքերով ողողված մեր լրատվական դաշտում, ի դեպ` այնքա՜ն կիսագրագետ եւ այնքան անգրագետ, որ ամեն անգամ նախապես պետք է սրտի ծակոցների դեմ որեւէ դեղամիջոց ընդունես, եթե իրոք հոգիդ մղկտում է`տեսնելով, թե ոնց են աղավաղում երկրիդ պետական լեզուն: Չասեմ` մայրենիդ, ոսկեղենիկ հայերենդ: Լացուկոծի զահլա չկա: Կարճ եւ կոնկրետ. Հայաստանի պետական լեզուն հայերենն է, որն անգթորեն, հետեւողականորեն, լկտիաբար, քամահրանքով բզկտվում է էս երկրի արեւելքից մինչեւ արեւմուտք եւ հարավից մինչեւ հյուսիս: Բզկտվում է պետական մակարդակով, բզկտվում է հեռուստաէկրաններին, բզկտվում է մամուլում, կայքերում, փողոցներում, սրճարաններում, տրանսպորտում, միով բանիվ` օդում, ջրում եւ ցամաքում:

Եվ հիմա ի՞նչ է կատարվում: Կոնգրեսի համագումարից հետո որ կողմը թեքվում ես` մի «Աճառյան» կամ մի «Ջահուկյան» է ընկնում ոտքիդ տակ: Էս ինչու՞ են սրանք այսպես հայոց լեզվի «անաղարտության» ռահվիրաներ դարձել (Րաֆֆի Հովհաննիսյանի ականջը կանչի): Ինչու՞ չեն ջանք թափում հասկանալ պարզագույն իրողությունը: Ուզում եք, թե չեք ուզում, ըստ համապատասխան փաստաթղթի` Կոնգրեսի հապավումը ՀԱԿ է: Մի կողմ թողնենք, որ բոլոր փաստարկները համոզիչ են, թե ինչու` ՀԱԿ: Բայց եթե նույնիսկ ձեր քառակուսի համառության առաջ նահանջենք եւ ասենք`սխալ է, միեւնույնն է` այդ սխալն արդեն իրավական փաստաթղթում գրանցված է: Ես հազարումի օրինակ կարող եմ բերել արդարադատության նախարարությունում գրանցված զանազան կազմակերպությունների, ՍՊԸ-ների, որոնց անունները ոչ միայն սխալ են, այլեւ կոպտագույն ուղղագրական սխալներով են դրվել շրջանառության մեջ, եւ ուզես-չուզես`ինքդ էլ ես սխալ գրում, չնայած հիանալի գիտես, թե որն է ճիշտը: Էլ բանուգործ չունե՞ք, ուրիշ կախվելու տեղ չե՞ք գտնում, փրփրե՞լ եք, պատեպա՞տ եք զարկվում, որ չեք գտնում: Արդեն մոռացա՞ք ընդդիմության նկատմամբ բարի, հանդուրժողական լինելու մասին ձեր հուզաթաթախ ճառերը: Թե՞ այնքան շատ եք ընթերցել այդ կիսագրագետ թերթերն ու կայքերը, այնքան շատ եք բարբաջանքներ լսել սերժիկական հեռուստաէկրաններից, որ իրոք ձեզ սկսել է թվալ, թե դուք թունդ ընդդիմություն եք, Կոնգրեսն էլ` դե եսիմ: Թե՞ ուշ եք հասկանում: Ավելի կոպիտ բառ չեմ ուզում գրել, բայց որքան էլ չուզենամ` այսպիսի միասնական բութ համառությունը նաեւ հուշում է` այս լրատվամիջոցներին, այս մարդկանց վճարողները խստագույն հրահանգ են իջեցրել` էդ երկրորդ Կ-ն պինդ կգրկեք ու բաց չթողեք, Էդ Կ-ն փող արժե:

Ես պնդում եմ, որ ՀԱԿ-ի փոխարեն ՀԱԿԿ գրողները, արտաբերողները կատարում են Սերժիկ Սարգսյանի, նրա մանկլավիկների եւ զանազան «աբիժնիկների» պատվերը:

Կո՞ղմ… Հազարներ են, դժվար է հաշվել: Դե՞մ… Ձեռնպա՞հ… Չկա:

Անցավ միաձայն:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Չավի. Կա մի բան, որը ֆուտբոլում արդյունքից ավելի կարեւոր է’
Հաջորդ հոդվածը‘«Ստեղ սաղ հանրապետական են». Ավանում խոչընդոտել են Կոնգրեսի ակտիվիստներին թռուցիկներ տարածել (լրացված)’