‘Հակառակ Չինաստանի առարկություններին՝ Օբաման հանդիպել է Դալայ-լամայի հետ’

948

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպել է Տիբեթյան բուդդիզմի հոգևոր առաջնորդ Դալայ-լամա XIV-ի հետ: Մամուլի համար փակ հանդիպումը կայացել է, այսպես կոչված՝ քարտեզների սենյակում, այլ ոչ թե աշխատանքային Ձվաձև կաբինետում, ինչը վկայում է, որ այցն այնքան էլ պաշտոնական չէ: Բարաք Օբաման կրկին արտահայտել է ԱՄՆ դիրքորոշումն այն մասին, թե Տիբեթը ՉԺՀ-ի  մի մասն է հանդիսանում, և ԱՄՆ-ն չի պաշտպանում Տիբեթի անկախությունը: «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններին, ապա նախագահը և Դալայ-լաման համակարծիք էին դրական և կառուցողական հարաբերությունների կարևորության հարցի շուրջ: Մենք հավատարիմ ենք Չինաստանի հետ կառուցողական երկխոսությանը, որպեսզի համատեղ լուծենք կրոնական և տարածաշրջանային խնդիրները>,- նշել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:

Ավելի վաղ Չինաստանը Վաշինգտոնին կոչ էր արել չեղյալ հայտարարել Դալայ-լամայի այցը և նախազգուշացրել էր, որ նման հանդիպումը կարող է բացասաբար անդրադառնալ «երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վրա»:

Սպիտակ տանը հանդիպման ընթացքում Դալայ-լաման հայտարարել է, թե չի ջանում անկախություն ձեռք բերել Տիբեթի համար և հույս ունի վերականգնել երկխոսությունը Տիբեթի ներկայացուցիչների և չինական կառավարության միջև, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները կշարունակվեն’
Հաջորդ հոդվածը‘Կատրին Դընյով. Կյանքի օրենքները’