‘Հակոբ Կարապետյան. Брат, иди домой! (Ахпер, ари тун)’

2949

Այն, որ Ռուսաստանում ապրող հայության ուծացումն ընթանում է ահավոր տեմպերով, երևի ոչ մեկին արդեն չի զարմացնում: Զարմացնում է այն ընդգծված մղումը, որով Ռուսաստանում ապրող, հատկապես՝ անկախության տարիներին ներգաղթած հայերը ջանում են մոռանալ իրենց լեզուն ու ինքնությունը:

Արդեն արտագաղթածների երկրորդ սերունդը գրեթե չի խոսում հայերեն, այստեղ ծնված երեխաներին հիմնականում կնքում են «չեզոք» անուններով` երևի հուսալով, որ այդպես նրանք շատ չեն առանձնանա սերգեյների, ստելլաների, մարգարիտաների ու գեորգիների զանգվածի մեջ: Իսկ հայկական կամ «ոչ ռուսաստանյան» անուններ կրողներին հեշտությամբ սկսում են կոչել փաղաքշաբար, на русский манер` Գուրգենին` Գոշա, Վազգենին` Վասյա, Սերոբին` Սերյոժա, Անահիտին` Անյա ու այսպես շարունակ: Լավագույն դեպքում` Գայանեն դառնում է Գայա, Կարինեն ու Մարինեն` Կարինա ու Մարինա, ևն:
Հասկանալի պատճառներով՝ ռուսահայոց շրջանում անհետացման եզրին է փառապանծ Սասուն անունը. Հայաստանում իրենց անունով հպարտացող առնացի սասունները, գաղթելուց առաջ տեղեկանալով ռուսաց լեզվի նրբությունների մասին, սարսափած գնում են անձնագրային գրասենյակ` դառնալու, հիմնականում, Ալեքսանդր (Սաշա) կամ Դավիթ (հավանաբար՝ նախկին անունից մի մասնիկ պահպանելու համար` մտքում ունենալով Սասունցի Դավթին): Իսկ, օրինակ, նվաստիս անունը Ռուսաստանում ասոցացվում է խրամափոսի հետ ու էլի գլխացավանք է դառնում:

Հայաստանից եկած ծնողներն անգամ տանը ձգտում են ռուսերենով շփվել իրենց երեխաների հետ, որպեսզի, ինչպես ինձ ասաց մի ծանոթ նախկին մարտունեցի՝ «երեխու ակցենտը չփչանա»: Սպասարկման ոլորտում աշխատող հայերը հայի հետ զգուշանում են հայերեն խոսել` օրենքի խախտում է, կարող են գործից զրկվել: Հանրային տրանսպորտի մեջ հեռախոսի զանգ ստացող տղեն «Հա, բրատ ջան»-ից հետո անցնում է ռուսերենի` «դե ամոթ ա, կողքներս մարդ կա»:

Ռուսական պետությունը ոչ միայն չի փորձում ազգային փոքրամասնությունների ինքնությունը պահպանելու պայմաններ ստեղծել, այլև ամեն կերպ խթանում է ձուլումը, հատկապես՝ լեզվական քաղաքականության միջոցով: 
Անհասկանալին այն է, որ այս ձուլման ընթացքին, կարծես թե, չի ընդդիմանում կամ չափազանց թույլ դիմադրություն է ցուցաբերում Հայոց եկեղեցին:

Նախորդ կիրակի Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևան) հայկական Սուրբ Խաչ եկեղեցի էի գնացել: 18-րդ դարավերջին կառուցված տաճարը, կարծեմ, այս բնակավայրի հնագույն պահպանված կրոնական կառույցն է (եկեղեցու պատի ցուցատախտակը վկայում է, որ այն 1968-72թթ. վերականգնվել է վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով):

Այստեղ, սակայն, հայկական քիչ բան կա: Դեռ մի կողմ թողած մի քիչ ուղղափառ, մի քիչ կաթոլիկ տաճար հիշեցնող «ոչ հայկական» ճարտարապետությունը. եկեղեցու մուտքի ցուցանակները բացառապես ռուսերեն են, որմնանկարներին ու պատերն փակցված սրբապատկերների վրա հայերեն գրություններ չկան, հակառակը` առատ են կյուրեղագիր ցուցանակներով ռուսական սրբապատկերները պատերին ու հուշանվերների վաճառքի անկյունում: Հատկապես աչքի է ընկնում հյուսիսային պատին փակցված սուրբ Նիկողայոս Սքանչելագործի (Николай Чудотворец) ճոխ սրբապատկերը: 
Եկեղեցում ծառայող սարկավագին հարցրի` «էս նկարի վրայի մարդը հայկական եկեղեցու հետ ի՞նչ կապ ունի»: «Տո գիտես` ես շատ եմ իմանու՞մ, այ ախպեր, — Երևանի բարբառով, բայց ռուսական առոգանությամբ պատասխանեց սարկավագը:- Ինքը (Նիկոլայը) ընդհանուր առաքյալ ա»: Ամեն դեպքում, սարկավագը մտավ քահանայի խուց ու պսակի արարողության պատրաստվող Տեր հորից ճշտեց, որ «չէ, բրատ, սխալվել եմ. ինքը առաքյալ չի, սուրբ ա: Դե, ընդհանուր քրիստոնեական սուրբ ա, էլի: Ռուսները Նիկոլայ են ասում, մենք` Նիկողայոս»:

Ավելի զավեշտալին, սակայն, մոմավաճառի անկյունում փակցված գրություններն են` տաճարում վարվեցողության ցուցումները և այլ «ազդագրերը»: Արդեն երևի ավելորդ էլ է նշել, որ դրանք բացառապես ռուսերենով են: Իսկ հոգևորականներին դիմելու ձևերը հուշող թերթիկի վրա հայերեն տարբերակները գրված են տրանսլիտով` «Aствац огнакан, Веhапар Тер – Бог в помощь, Ваше Святейшество» և այլն: Հարցրի սարկավագին` «եղբայր, բա ինչի՞ հայերենով չեք գրում էս թղթերը»: «Դե, ընգեր, էդ դո՛ւ ես նոր Հայաստանից եկել, հայերեն հեշտ ես կարդում, մարդ կա` էս տասնհինգ տարի ա՝ ստեղ ա, հայերենը մոռացել ա: Էլ չասած ստեղի բնիկ հայության (նոր-նախիջևանցիների) մասին», — մի քիչ նեղսրտած պատասխանեց հոգևոր սպասավորը: 
«Է, դուք էլ օգնում եք, որ շու՞տ մոռանան», — հարցս, ոնց որ կասեր է. Շարմազանովը, մի քիչ հռետորական էր: Ամեն դեպքում, սարկավագը հիշեցրեց, որ եկեղեցական բոլոր ծեսերը գրաբարով են անցկացվում (Паркт шат, Тер Аствац!)

Սուրբ Խաչի դեպքը երևի կարելի էր Ռուսաստանում մասնավոր համարել, եթե հետաքրքրասիրությունս չստիպեր մուտք գործել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի պաշտոնական կայքը: Եւ այսպես` շուրջ երկու միլիոնանոց համայնքի կայքում, բացառությամբ մի քանի առանձին հոդվածների, ՀԱՅԵՐԵՆ ԲԱԺԻՆ ՉԿԱ: Սրա մասին ես գիտեի դեռ այս տարվա հունվարից: Այն ժամանակ թեմի մամուլի խոսնակ Ալվարդ Նազարյանը հարցմանս ի պատասխան ասաց, որ կայքի հայերեն տարբերակը գրեթե պատրաստ է և կգործարկվի փետրվարին (https://www.ilur.am/news/view/23351.html): Ինչպես տեսնում ենք, զրույցից հինգ ամիս անց հայերեն տարբերակը դեռ չկա: Այս ընթացքում հարգարժան խոսնակին ուղղված իմ երկու հարցումները մնացին անպատասխան: Հուսով եմ, որ այս գրառումից հետո Ալվարդ Նազարյանը կպարզաբանի կայքի հայերեն տարբերակի հետ կապված խնդիրը, գուցե նաև մեկնաբանություն կտա վերևում բերված հարցերի շուրջ: 

P.S. Օրերս Երևան ժամանած ռուսաստանյան հերթական քարոզիչներից մեկը` քաղաքական գիտությունների դոկտոր Իգոր Պանարինը, իր տարակուսանքն է հայտնել, թե ինչո՞ւ Հայաստանում փողոցների անունները ռուսերեն գրված չեն:
«Օրինակ՝ Երևանում Պուշկինի փողոցի ցուցանակը գրված է հայերեն և անգլերեն, բայց Ալմաթիում նույն այդ փողոցի անունը գրված է ռուսերեն և ղազախերեն, նույնիսկ, երբեմն՝ միայն ռուսերեն»,-ասել է Պանարինը: (http://www.aravot.am/2014/06/30/475825/)
Այս կապակցությամբ արժե նկատել, որ Դոնի Ռոստովում, որի բնակչության մի զգալի հատվածը հայեր են (վստահաբար կարելի է ասել, որ ռուսներից հետո քանակով երկրորդ ազգությունն են, չհաշված, որ քաղաքի պատմական կենտրոնը` աժմ թաղամասի կարգավիճակ ունեցող Նոր Նախիջևանը, հայերն են հիմնել), փողոցներում հայերեն ցուցանակներ չկան: Անգամ Սարյանի, Մյասնիկյանի, Նալբանդյանի անունները կրող փողոցների ցուցանակները միայն ռուսերեն են:
Վերաձևակերպելով դոկտոր Պանարինի ասածը` արձանագրենք, որ, իհարկե, դա ՌԴ իշխանությունների որոշելիք հարցն է, միևնույն ժամանակ՝ դա երկկողմ հարաբերությունների ու հարգանքի հարց է: Իսկ հարգանքը, ինչպես գիտենք, այլ կերպ, քան փոխադարձ, չի լինում:

Սուրբ Խաչ եկեղեցու մուտքի ցուցանակը

Սբ. Նիկողայոս Սքանչելագործ

.

Եկեղեցու հարավային մուտքի մոտ տեղադրված են հռչակավոր նոր-նախիջեւանցիների` Ռափայել Պատկանյանի ու Միքայել Նալբանդյանի արձանները, որոնց պատվանդանների գրությունները հայերենով են:

 

Նախորդ հոդվածը‘Սասունյան. Թուրքիայի աջակցությունը նվազում է ԱՄՆ Կոնգրեսում’
Հաջորդ հոդվածը‘Վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից շուրջ 1000 հրետանային համակարգ է գնել’