‘ՀԱԿ ակտիվիստների դատավարություն. Վկա Սահակ Մուրադյանը դատարանին մանրամասներ է պատմել’

1590

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ազատազրկման դատապարտված՝ ՀԱԿ չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը: Արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող քաղբանտարկայլ Տիգրան Առաքելյանի մուտքը դատարան ներկաները դիմավորեցին ծափողջույններով: Նիստի ընթացքում հարցաքննվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրված, նախկինում տղաների հետ նույն գործով անցած Սահակ Մուրադյանը (խմբ. ՀԱԿ երեք ակտիվիստների՝ Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի գործը կարճվել էր):

Ս. Մուրադյանը դատարանում պատմել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի ունեցած բախման մանրամասները. «Օգոստոսի 9-ին ժամը 9-ի սահմաններում Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Վահագն Գևորգյանի, Մարիամ Մուրադյանի, Էմանուելլա Գրիգորյանի, Եվա Թովմասյանի հետ զբոսնում էի Կարապի լճի հարակից տարածքում: Աղմուկ լսեցինք, տեսանք, որ ոստիկաններն էլ են շարժվել այդ ուղղությամբ, հետաքրքրությունից դրդված գնացինք այնտեղ և տեսանք, թե ինչպես են Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը գետնին ընկած, ոստիկաններն էլ՝ նրանց վրա, հարվածում էին»:

Վկան նաև պատմել է, որ երբ մոտեցել են, «ոստիկանները սկսեցին գոռալ՝ ըհն լևոնականները շատացան։ Դրանից հետո մոտիկացավ ոստիկանության պաշտոնյա, նորից սկսվեց հրմշտոց, որից հետո իմ ձեռքերը ծալեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին:

Տեսանք, որ Տիգրան Առաքելյանը գետնին է ընկած. Բերետավորներն էլ հարվածում էին նրան:

Ինձ նստացրեցին մեքենա, ինձնից հետո՝ Դավիթ Քիրամիջյանին։ Տեսա, թե ինչպես Դ. Քիրամիջյանի ճակատին բացված վերք կար, բերետավորը դուռը բացեց հարվածեց Դավիթի գլխին»:

Սահակ Մուրադյանի փոխանցմամբ՝ ճանապարհին ոստիկանության ներկայացուցիչները «կռիվ էին հրահրում»։ «Կողքիս նստած բերետավորը հայհոյեց, ձեռքի արմունկի մասով հարվածեց աչքիս, դիմացի նստած ոստիկանները հարձակվեցին մեզ վրա, մի քանի վայրկյան հետո շարժվեցինք ոստիկնության բաժանմունք, տեսա Տիգրան Առաքելյանին գետնին նստած, շատ վատ էր իրեն զգում, սիրտն էր խառնում։ Այնտեղ պահանջեցինք, որ շտապօգնություն կանչեն, որովհետև բոլորս վնասվածքներ ունեինք: Մոտ մեկ ժամ սպասեցինք, այդ ընթացքում ամենաքիչը երեք անգամ հետ է տվել Առաքելյանը: Ոստիականներից պահանջեցինք բուժօգնություն, ասում էին՝ հա կգա, կգա, բայց մեկ ժամ չկար: Գալուց հետո շտապօգնությունը բոլորիս մոտ արձանագրեց ուղեղի ցնցում: Այնուհետև՝ ընդունարանում քաղաքացիական հագուստով մարդիկ էին մտնում, սկսում էին հայհոյել, գալիս ու կռիվ էին հրահրում, որից հետո միացնում էին տեսախցիկը, նկարում ու դուրս գալիս»,- պատմեց նա:

Վկան, պատասխանելով պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին, թե ճանապարհին ոստիկաններն արդյոք իրենց տեղեկացրե՞լ են, թե ինչու են բերման ենթարկում, ասաց. «Ոչ մի պազաբանում չի եղել, մի քանի անգամ մեքենայի մեջ հարցրել եմ՝ ո՞ր բաժին եք տանում, պատասխանը եղել է՝ ձենդ կտրի, նստի, թե չէ ավելի վատ կլինի»:

Այնուհետև Տիգրան Առաքելյանը Սահակ Մուրադյանից հետաքրքրվեց, թե տեսե՞լ է արդյոք այդ օրը ոստիկանության բաժանմունքում իր հագին վերնաշապիկ, ինչին ի պատասխան՝ Մուրադյանն ասաց. «Երբ լվացվում էի վերնաշապիկով էիր, որը ճղճղված էր, քեզ էլ օգնում էր Արայիկ Պետրոսյանը, նա վերնաշապիկը վերցրեց, որ լվացվես այնուհետև քեզ տեսա առանց վերնաշապիկ, հետագայում այդ վերնաշապիկը բոլորից շատ փնտրում էր հենց Արայիկ Պետրոսյանը»:

Նախորդ հոդվածը‘Ինտերպոլը Սուսաննա Պապոյանին ձերբակալվել է Սալոնիկում’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ատիվիստների դատավարություն (ուղիղ)’