‘Համանախագահները Երեւանում են’

1264

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

ԱԳՆ փոխանցմամբ, հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն է հայտնել մինչ այժմ այս առումով ձևավորված դրական դինամիկայի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձել են սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ դրանց կիրառական դրսևորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու խթանմանը:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշել է, որ արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ, հաշվի առնելով, որ Երևանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը:

Նշենք, որ այսօր համանախագահները ՊՆ-ում հանդիպել են նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ:

Հանդիպման ժամանակ, զրուցակիցների խնդրանքով, Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ծառուկյան. Դու ջութակ ես սիրում, ես՝ զենք’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանը համանախագահների հետ քննարկել է վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի դինամիկան’