‘Փաշինյանը համանախագահների հետ քննարկել է վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի դինամիկան’

1122

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են Հայաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացի դինամիկային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը, որոնք կնպաստեն փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Կողմերն ուղենշել են հետագա հնարավոր քայլերը:

Նախորդ հոդվածը‘Համանախագահները Երեւանում են’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Ման. Սիթի»-ն ուժեղ էր«Տոտենհեմ»-ից (տեսանյութ)’