‘Համանախագահներ. Համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում ‘

4935

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շեֆերը՝ ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում ամփոփել են սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ առանձին և համատեղ հանդիպումների արդյունքները:

«Ազատության» փոխանցմամբ, հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ իրենք և նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և խնդրել պարզաբանել վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել:

Միջնորդները նաև խորը մտահոգություն են հայտնել մահվան շարունակվող դեպքերի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին խուսափել ռազմական հռետորաբանությունից:

Եռանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: «Այդ համատեքստում նախարարները հաստատեցին բանակցային գործընթացը ակտիվացնելու և լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը», — հայտարարել են համանախագահները՝ տեղեկացնելով, որ նախարարները պայմանավորվել են մինչև տարեվերջ նորից հանդիպել:

Միջնորդները հայտնել են, որ մոտ ապագայում պլանավորում են այցելել տարածաշրջան:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ հանձնակատար. Իրավիճակը պայթյունավտանգ է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահի այցը Գերմանիա’