‘ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կոչ է անում հրադադար կնքել առանց նախապայմանների ‘

970

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալը չի բացառել, որ Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հակամարտության ընթացքում լարվածությունը կարող է աճել, եւ պահանջել է Իսրայելից առանց նախապայմանների դադարեցնել Գազայի վրա հարձակումները, հայտնում է РИА Новости-ն:

Մաշաալը հաստատել է, որ վերջին մի քանի օրերին Եգիպտոսի հետախուզության միջնորդությամբ գաղտնի բանակցություններ են ընթանում Իսրայելի հատուկ ծառայությունների եւ պաղեստինյան զինված կազմավորումների միջեւ՝ հրադադար հաստատելու նպատակով:

Ընդ որում, ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հայտարարել է, որ պաղեստինյան կողմը չի ընդունում իսրայելացիների ոչ մի առաջարկ, իսկ հրադադարը կարող է հաստատվել միայն պաղեստինցիների՝ առաջին հերթին, բռնությունը դադարեցնելու պահանջների կատարման դեպքում:

«Լարվածության աճը հնարավոր է, մանավանդ, որ իսրայելացիների մոտ այդ հարցում տարաձայնություններ կան: Վարչապետ Նեթանյահուն իր ծրագրերն ունի՝ նա ընտրությունների է պատրաստվում, իսկ բանակի ծրագրերն այլ են: Բայց մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի», — ասել է Մաշաալը:

Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան զինված հակամարտության վերսկման ֆոնին արդիական է մեկ հարց՝ արդյո՞ք կողմերին կհաջողվի դադարեցնել բռնությունը, թե Իսրայելը ձեռնամուխ կլինի Գազայի հատվածի վրա նախատեսված ցամաքային հարձակմանը: 

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Ստուրուան վերադառնում է Թբիլիսի ‘
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ագուերո. Պատրաստվում ենք «Ռեալին» ճակատամարտ տալ’