‘Համլետ Պետրոսյան. Մտավորականը չպիտի իշխանություններից պարգեւներ ակնկալի ‘

2374

Մտավորականը չպիտի իշխանություններից պարգևներ ակնկալի, ավելին, նա սկզբունքորեն պիտի դրանք վնասակար համարի, Ֆեյսբուքի իր էջում գրել է հնագետ Համլետ Պետրոսյանը:

«Ամեն տոնի առթիվ իշխանությունները կոչումներ և պարգևներ են շնորհում: Դա, անշուշտ, պետական քաղաքականության մի լծակ է, մեր երկրում՝ նաև մարդկանց իշխանամետ դարձնելու կամ ընդհակառակը՝ «պատժելու» լծակ: Դա վատ, հակաժողովրդական լծակ է: Իհարկե, մենք բոլորս էլ ցանկանում ենք գնահատված լինել: Բայց կարծում եմ՝ մտավորականը չպիտի իշխանություններից պարգևներ ակնկալի, ավելին, նա սկզբունքորեն պիտի դրանք վնասակար համարի: Ես էլ պարգևներ ունեմ, ինձ լավ եմ զգացել, երբ շնորհել են: Ասել եմ՝ դա կօգնի, որ գործերն ավելի հաջող ընթանան, ինձ ճանաչելը կնպաստի, որ քիչ խնդիրներ ունենամ: Բայց նաև համոզվել եմ, որ այն դեստրուկտիվ գործառույթ ունի՝ արժանավորին և անարժանին խառնում է իրար, մարդկանց լարում է իրար դեմ, բարդացնում գործընկերային-աշխատանքային փոխհարաբերությունները: Ինչո՞ւ պիտի ինչ-որ մի չինովնիկ որոշի, թե մեզնից ով է ավելի արժանի: Դրա համար կան ավելի իրական չափանիշներ՝ հանդիսատես, միջոցառումների և հրապարակումների ռեյտինգներ և այլն և այլն: Դրա համար կան մասնագիտական ընկերակցություններ, հասարակական կազմակերպություններ, կա մասս-մեդիա և այլն և այլն:

Ես լիովին կողմ եմ, որ Հայաստանում ոչ մի պետական պարգև էլ չլինի՝ գուցե միայն մեկ–երկու սիմվոլիկ-արտառոցից բացի, որ կարելի է շնորհել եզակի և բացառիկ դեպքերում: Մնացածը թողնենք կարիերայի, հասարակական-մասնագիտական ընկերակցությունների ու կազմակերպությունների ոլորտին:

Եվ վերջինը՝ ինձ բացարձակապես դուր չի գալիս պարգևատրումների շուրջ կրքերի այս թեժ բորբոքումը: Անկախ նրանից, թե մենք ինչ չափով ենք արդար կամ անարդար, պարգևատրվածների արժանիքների կամ դրանց բացակայության շուրջ ծավալումները միանշանակ ցուցում են, թե ինչքա՜ն կարևոր է մեզ համար իշխանական կոչում կամ պարգև ստանալը», — «Ետտոնական դիտողություն» վերնագրի ներքո գրել է Պետրոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Լիսկայի երազները. Չնայած Ավետիք Բուդաղյանի սպանությանը՝ Սյունիքում իրեն սիրում են’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանում մասնակցել «Եվրոնեստի» վեհաժողովի նիստին’