‘Հայաստանը մնացել է առանց իշխանության ‘

2147

Վերջին շրջանում նշանակալի երեւույթներ են տեղի ունենում Հայաստանի քաղաքական դասի ներսում: Հիմնական իրադարձությունները ծավալվում են ընդդիմության շուրջ, եւ այնպիսի տպավորություն է, որ այն ոչ միայն ընդդիմություն է, այլեւ՝ իշխանություն:

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը: Հարցերը, որոնք կապված են այն աղմկալի սկանդալների հետ, որոնք հետեւեցին վարչապետի օֆշորային հաշիվների եւ Վերահսկիչ պալատի բացահայտումներին, ինչպես նաեւ ռուսական կողմից Ադրբեջանին զենք  մատակարարելը իշխանության կողմից կամ արժանացան լռության, կամ՝ կիսատ պռատ լղոզված ձեւակերպումների: Լռություն այն իմաստով, որ առայժմ հայտնի չէ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Իսկ ահա ուռճացված «մտահոգություն» եւ ելույթներ արտաքին խնդիրների շուրջ, եւ մասնավորապես՝ Եվրամիություն-Եվրասիա, որքան ցանկանաք: 

Եթե որեւէ մեկը չի ենթարկվում այս քարոզչական ռեպերտուարին, ապա իշխանությունները սկսում են հակընդդեմ քարոզչություն այդ չենթարկվողների դեմ:

Օրինակ, ՀՅԴ-ն հայտարարեց, որ վարչապետը պատերազմ է հայտարարել կուսակցությանը: Դրանից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ պատճառը օֆշորային սկանդալի լուսաբանումն էր՝ ՀՅԴ-ամերձ «Երկիր Մեդիայի» եթերում: Ավելի ճիշտ, այն հեռուստաընկերության եթերում չլուսաբանելու Տիգրան Սարգսյանի խնդրանքը մերժելը:

Նույնը ոչ իշխանական մյուս ուժերի պարագայում: Այժմ էլ ահա իշխանական լրահոսը տագնապի մեջ է, ինչ է թե՝ ընդդիմությունն աշնանը կարող է հանրահավաքներ անցկացնել:

Տպավորություն է ստեղծվում, որ այսօր Հայաստանը իրականում մատնված է ինքնահոսի, եւ ընդդիմությունը երբեմն-երբեմն ոչ միայն իր բուն՝ ընդդիմության ֆունկցիաներն է կատարում, այլեւ՝ իշխանության: Հենց այդ է պատճառը, որ անգամ իշխանական ԶԼՄ-ները երկրի համար կարեւորագույն հարցերում թեեւ ակնհայտ բացասական երանգներով, սակայն, այնուամենայնիվ, մշտապես սպասում են հենց ընդդիմության արձագանքին: Եւ դա այն դեպքում, երբ իրենք էլ հասկանում են, որ ընդդիմությունը հաճախ տեսակետներ հնչեցնելուց բացի, այդ խնդիրները լուծելու այլ մեխանիզմներ չունի:

Իրավիճակը թեեւ տարօրինակ է, սակայն պատճառը պարզ է: Ժամանակները փոխվել են, Հայաստանի հանրությունը վերջին տարիներին զգալի տրանսֆորմացիաներ է ապրել իրավունքի եւ գիտակցության տեսակետից, եւ նրան այլեւս հնարավոր չէ խաբել անիրական «գաղափարներով» եւ դեմագոգիայով: Իշխանության ողբերգությունը հենց այն է, որ նրանք «բաց են թողել» այս հանգամանքը, որը ներկայում չի երեւում, թե ինչով են լրացնելու:

Հանրությունը հասկացել է, թե ովքեր են իրենից խլել իր սահմանադրական իրավունքները, ովքեր են փորձում ոչնչացնել հանրային նախաձեռնությունները, ովքեր են փորձում իր հաշվին լուծել սեփական նեղ խնդիրները: Հասարակությունը հասկանում է, թե ինչպես կարող է պատահել, որ քաղաքական գործիչները կամ ԶԼՄ-ները, կամ երբեմն իրենց ոչինչ չասող վերլուծաբանների մի հսկա բանակ կարող են իրենց հռչակել ընդդիմադիր կամ՝ չեզոք, սակայն, խաղալ իշխանության խաղը:

Ու քանի որ հասարակությունը սկսել է ընկալել դա, նա նաեւ հասկացել է, որ Հայաստանում ամենակարեւոր հարցերի պատասխանները միայն ընդդիմությունը կարող է տալ: Հասարակության հենց այս ընկալումն է, որ տվայտանքների գիրկն է նետել իշխանությանը, եւ բոլոր նրանց, ովքեր հանդես են հանուն գալիս իշխանության, սակայն, հռչակում իրենց՝ չեզոք կամ ընդդիմադիր, կամ՝ Արեւմտամետ, կամ եվրոպամետ: 

Հ.Գ. Որպեսզի տարընթերցումներ չլինեն, վերծանենք նաեւ վերջին նախադասությունը: Նախ, ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանը երբեք էլ չի թաքցրել, որ Հայաստանի ժողովրդավարութունը իր համար որեւէ նշանակություն չունի: Իսկ ահա, Արեւմուտքը, ժողովրդավարության քողին տակ հայաստանյան հանրությանը փորձում է համոզել, թե Սերժ Սարգսյանը շատ էլ լավ նախագահ է, որ նրա օրոք Հայաստանն առաջընթաց է, որ արձանագրում է՝ այսպիսով հայաստանյան հանրության շահերի հաշվին՝ Սերժ Սարգսյանին տալով արտաքին լեգիտիմության մի բոլ պաշար: Իսկ թե ինչի դիմաց, թերեւս երկու կարծիք լինել չի կարող:

Բադալ Հակոբյան

«Դորդուբեշ» գլոբալ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների փորձագիտական կենտրոն  

Նախորդ հոդվածը‘Դատարանը՝ հանցավոր շղթայի մի օղակ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին ‘