‘Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը. Անցել է մեկ տարի ‘

935

Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ որոշմանը և պատրաստակամություն է հայտնել նպաստել այդ գործընթացին: Նման անսպասելի, կարել է ասել՝ սենսացիոն հաղորդագրություն տարածեց Կրեմլի պաշտոնական կայքը 2013 թ. սեպտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանը մտադիր էր ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

«Սերժ Սարգսյանը հայտարարել է իր երկրի որոշման մասին՝ անդամակցել Մաքսսային միությանը և այդ նպատակով ձեռնարկել անհրաժեշտ գործնական քայլեր, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին», — ասվում էր երկկողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարությունում:

Այս հայտարարությունը նույնքան անակնկալ էր նաև Սերժ Սարգսյանի կուսակիցների համար, որոնք նույնպես տեղյակ չէին, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Մաքսային մտնել: 2013թ. սեպտեմբերի 3-ին, Կրեմլի հաղորդագրությունից մի քանի ժամ առաջ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված էր, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Նա նշել էր, թե համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա. հետևաբար՝ Հանրապետականի փոխնախագահը Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին — Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չի սպասում՝ ընդգծելով, թե սա հերթական հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ:

Անցել է ուղիղ մեկ տարի: Հայաստանը դեռ չի անդամակցել ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրասիական տնտեսական միությանը: Առավել ևս, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորության մասին օրերս հայտարարել էր այդ կազմակերպության հիմնադիրներից՝ Ղազախստանը:

Այնպես որ, Սերժ Սարգսյանի բոլոր արտաքին քաղաքական ծրագրերը կարելի է տապալված համարել. Ֆուտբոլային դիվանագիտություն, եվրաինտեգրացիոն քաղաքականություն և ահա Եվրասիական տնտեսական միություն: 

Նախորդ հոդվածը‘Ներդրումները Հայաստանի շինարարության ոլորտում. ԱՎԾ’
Հաջորդ հոդվածը‘Ծիրանի արտադրությունը կսովորենք Զիմբաբվեից $462 հազարով’