‘Հայաստանի երեք համալսարաններից ուսանողներ մասնակցեցին ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովին ‘

738

Երկօրյա ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, որը մեկնարկեց այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ավելի քան 70 ուսանողներ կներկայացնեն  ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի (ԸՎ) առաջին երեք հիմնական կոմիտեների (առաջին կոմիտե՝ Զինաթափման և միջազգային անվտանգության, երկրորդ կոմիտե՝ Տնտեսական և ֆինանսական և երրորդ կոմիտե՝ Սոցիալական, մարդասիրական և մշակութային) աշխատանքի դերախաղը: Խորհրդաժողովի օրակարգի հարցն է «Իրավիճակը Սիրիայում»:

Սույն խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և երեք համալսարանների կողմից՝ Երևանի պետական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ ջանքերով:

 Ուսանողները, խաղալով դիվանագետների դերեր, կներկայացնեն իրենց համապատասխան երկրների դիրքորոշումները օրակարգային հարցի շուրջ: Առաջին օրը երեք զուգահեռ նիստերում ուսանողները կաշխատեն նշված կոմիտեներում՝ պատրաստելով երեք առանձին որոշման նախագծեր, իսկ երկրորդ օրը՝ Ընդհանուր վեհաժողովի լիագումար նիստում միասին կքննարկեն վերջնական բանաձևը:

 Նախքան համաժողովը մասնակիցների հետ անց են կացվել  դասընթացներ` ՄԱԿ-ի ԸՎ գործառույթների և կառուցվածքի,  ընթացակարգի, ինչպես նաև Սիրայում տիրող բարդ և մարտահրավերներով լի իրավիճակի մասին: ՄԱՀՏՎ աշխատակիցները, ՄԱԿ-ի Մոդել-խորհրդաժողովի մեծ փորձ ունեցող ՄԱՀՏՎ նախկին կամավորները, ինչպես նաև այլ համապատասխան փորձագետներ նախապատրաստման ամբողջ շրջանում ուղղորդել են մասնակիցներին:

ՄԱԿ-ի Մշտական համակարգողի պաշտոնակատար՝ Հենրիետ Արենսը խորհրդաժողովի բացմանը նշեց. «Երիտասարդներն ավելին սովորեցին Սիրիայի հարցում ՄԱԿ-ի և ԸՎ-ի առաջատար դերի մասին: Նրանք հասկացան, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է նախապատրաստել իրենց կողմից ներկայացվող  համապատասխան երկրի  դիրքորոշումը, պատշաճ կերպով հնչեցնել այն, բանակցել և ընդհանուր եզրեր գտնել այլ անդամ-պետությունների հետ՝ հաշվի առնելով հնարավոր հետևանքները ոչ միայն իրենց երկրի և տարածաշրջանի, այլև ամբողջ մոլորակի համար: Ես ուրախ եմ, որ երիտասարդները հասկացան, թե որքան վճռորոշ և նրբանկատ պետք է տարվեն քաղաքական բանակցությունները զինված հակամարտության ժամանակ, երբ վտանգված են մարդկային կյանքեր, այդ թվում ամենախոցելի խմբինը՝՝ կանանց ու երեխաներինը»:

Խորհրդաժողովի պաշտոնական բացմանը ԱԳՆ և երեք համալսարանների ներկայացուցիչները խրախուսեցին երիտասարդներին հետագայում ևս շարունակել իրենց հետազոտությունը՝ խաղաղության և անվտանգության հարցում ՄԱԿ-ի կատարած դերն ավելի լավ հասկանալու և անձնապես նպաստելու ՄԱԿ-ի՝ խաղաղության, հանդուրժողականության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի արժեքների հաստատմանը:

ՄԱԿ-ի մոդելի մասնակից՝ Անի Դավթյանը, ով ներկայացնում էր Սիրիան, ասաց. «Սա երկրորդ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովն է, որին ես մասնակցում եմ: Կարծում եմ, որ այս խորհրդաժողովները օգտակար գործիքները են, որոնք օգնում են առավել լավ հասկանալ ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգի մարտահրավերները: Ես տպավորված եմ իմ հասակակից մասնակիցների ոգևորվածությամբ ու խանդավառությամբ և հպարտ՝ մեր հետազոտությունների և ելույթների արդյունքներով»:

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցներն իրենք կընտրեն «Լավագույն պատվիրակներին», իսկ կազմակերպիչները պատվիրակությունների լավագույն դիրքորոշում սեղմագիրը: Նրանք կստանան ՄԱԿ-ի կողմից պատրաստված հուշանվերներ, իսկ մյուս բոլոր մասնակիցները կստանան « Գնահատանքի հավաստագրեր»: Այս հաղթողների բալերի գումարային արդյունքով էլ կհայտարարվի հաղթող համալսարանը:

ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ-պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդության  շրջանում ՄԱԿ-ի շատ անդամ-պետություններում: Հայաստանում ՄԱԿ-ի մոդել -խորհրդաժողովները անց են կացվում 2001 թվականից:

Նախորդ հոդվածը‘«Tonus construction»-ի բնակարանային խաբեբայության «զոհերը» շարունակում են բողոքել ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթաշենում ջուր չի լինի’