‘Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մալթայի ընտրանու հետ (տեսանյութ)’

1807

Ստուգողական հանդիպման շրջանակում Հայաստանի հավաքականն ավստրիական Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում ուժերը չափեց Մալթայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանու մեկնարկային կազմում խաղը սկսեցին հավաքականի նորեկներ, կոլումբիական «Բոյկա Չիկոյի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը և բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագանը։ Երկար դադարից հետո հավաքական վերադարձավ նաև Կառլեն Մկրտչյանը։

Հանդիպման 13-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Իվան Յագանը, որը իր առաջին գոլը խփեց ընտրանու կազմում։

Առաջին կեսում Վարդան Մինասյանի թիմը առավելություն ուներ, սակայն ընդմիջումից առաջ գնդակ ընդունեց։ Մալթան պատասխան գոլը խփեց 11-մետրանոցից։

Հանդիպման երկրորդ հատվածը անցավ հավասար պայքարում, վտանգավոր պահեր գրեթե չկային։ Վարդան Մինասյանը մի քանի փոփոխություն կատարեց։ 61-րդ րոպեին Իվան Յագանին փոխարինեց դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը։

77-րդ րոպեին Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով․ երկրորդ դեղին քարտը ստացավ Վարազդատ Հարոյանը, ինչից հետո Մինասյանը Տիգրան Բարսեղյանին փոխարինեց պաշտպան Հայկ Իշխանյանով։

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականն Ավստրիայում ընկերական խաղ է անցկացնելու նաև Մոլդովայի հետ:

Ընկերական հանդիպում, Ավստրիա

Հայաստան — Մալթա՝ 1։1

Իվան Յագան, 13 — Անդրեյ Ագիս, 45 (11մ)

Հայաստան Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ (Հովհաննես Համբարձումյան, 46),  Վարազդատ Հարոյան,  Գաել Անդոնյան,  Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան (Արտակ Եդիգարյան, 72), Գոռ Մալաքյան,  Գևորգ Ղազարյան (Արտյոմ Սիմոնյան, 54), Իվան Յագան (Էդգար Բաբայան, 61), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Հայկ Իշխանյան, 78):

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Օրենքի առջեւ պետք է բոլորը լինեն հավասար’
Հաջորդ հոդվածը‘Altibox Norway Chess սուպերմրցաշար, 2-րդ տուր. Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց’