‘Հայաստանի ձկնային արտադրանքը մրցունակ չէ ռուսաստանյան շուկայում. հ/կ նախագահ’

1175

Հայաստանի ձկնային արտադրանքը մրցունակ չէ ռուսաստանյան շուկայում, և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցությունն այդ պրոբլեմը չի լուծում: Փետրվարի 16-ին նման հայտարարությամբ է լրագրողների առջև հանդես եկել «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով, հանրապետությունում ձկան արտադրությունը և դրա արտահանումը դեպի ռուսաստանյան շուկա, որն իրացման հիմնական շուկան է, կրճատվել է: Մրցակիցներն են` Թուրքիան և Կարելիան. ձկների գներն ավելի ցածր են: Աթոյանը նշել է, որ կրճատվել է իրացումը նաև ներքին շուկայում`պահանջարկի կրճատման հետևանքով: Ավելին, նա համոզված է, որ պահանջարկի կրճատման պատճառով ձուկ արտադրողներն ստիպված են ներքին շուկայում այն վաճառել ինքնարժեքից ցածր գներով: Այսօր 1 կգ Իշխանը վաճառվում է 1400 դրամով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1800 դրամի փոխարեն: Աթոյանը նշել է, որ ձկան գները, որպես կանոն, աճում են ձմռանը, իսկ ամռանը նվազում: Հետևաբար, ամռանը կարելի է սպասել ավելի մեծ կորուստների: Նա տեղեկացրել է, որ արտադրողներն ի վիճակի չեն նվազեցնել ինքնարժեքն առանց պետական աջակցության, քանի որ 2014 թվականի սկզբին բարձրացել են ձկան կերի գները, իսկ Հայաստանի իշխանությունները խստացրել են ջրային ռեսուրսներից օգտվելու պահանջները:

ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը նրան  խնդրել է իր մտահոգությունները հաստատել կոնկրետ թվերով, որին Աթոյանը պատասխանել է, որ չի վստահում պաշտոնական վիճակագրությանը: Ըստ Աթոյանի, միավորման մեջ ընդգրկված են 83 միջին և խոշոր ձկնաբուծական տնտեսություններ, և բոլորն էլ բողոքում են արտադրության և իրացման ծավալների կրճատումից: Դեռ անցյալ տարի Աթոյանը լրագրողներին հայտարարել էր, որ ձկնային տնտեսությունների համար ջրի տնտեսման քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի կառավարոթյունը, կբերի զանգվածային կրճատումների:

Ի դեպ, ըստ ԱՎԾ տվյալների, 2014 թվականին ձկնորսության համախառն ապրանքը նախորդ տարվա համեմատ աճել է 24.6%՝  մինչև 28.650 մլն դրամ: Իսկ Մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականի 9 ամիսներին Հաաստանից ձկան արտահանման ծավալն աճել է`մինչև 1.653 հազար տոննա՝ 2013-ի 1.410 հազար տոննայի փոխարեն: Նախորդ տարվա վերջնական տվյալները դեռ չեն ամփոփվել:

Նախորդ հոդվածը‘Կիեւում ձերբակալել են Ռեգիոնների կուսակցության խմբակցության նախկին ղեկավարին ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտական օդուժը հարվածներ է հասցրել Լիբիային’