‘Հայաստանում չգործող պոչամբարներն էկոլոգիական լուրջ վտանգ են ներկայացնում’

1217

Հայաստանում չգործող պոչամբարներն էկոլոգիական լուրջ վտանգ են ներկայացնում, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը:

Էկոլոգները բազմիցս նշել են, որ փակ պոչամբարների ռեկուլտիվացիան պատշաճ կերպով չի իրականացվում: Դա, պոչամբարի հատակի մեկուսացման բացակայության հետ միասին, հանգեցնում է ստորգետնյա ջրային համակարգեր ծանր մետաղների ներթափանցմանը: Բացի այդ, մակերևութային փոշին պոչամբարներից տարածվում է շրջակա միջավայր:

Որպես օրինակ`Սանասարյանը նշել է 3 փակ պոչամբար Ագարակում, որոնցից թունավոր փոշին, ռեկուլտիվացիայի բացակայության պատճառով, քամոտ եղանակին օդ է բարձրանում: Թե որքան բացասական կարող է լինել լքված պոչամբարների նկատմամբ վերահսկողության բացակայությունը, կարող են վկայել Ողջի գետի վրա գտնվող պոչամբարները`Դարազամ, Փխրուտ և Որոտան:

Դարազամի պոչամբարի մակերևույթին, ինչպես տեղեկացրել է Սանասարյանը, տեղի բնակիչները կարտոֆիլ և կաղամբ են աճեցնում: Փխրուտը և Որոտանը, ըստ էության, կիսաքանդ վիճակում են գտնվում: Չնայած դրան`այստեղ անասուններ են արածեցնում: Այդպիսով, ծանր մետաղները կաթնամթերքի և բանջարեղենի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ, ինչը կարող է ծանր հիվանդությունների պատճառ դառնալ:

Լքված է նաև Այրի գետի վրա գտնվող Դաստակերտի պոչամբարը: Վերջինիս պարունակությունը`լեռնահանքային գործունեության թափոնները, լցվում են գետը`մինչև հեռավոր տարածքներ տարածման հնարավորություն ստանալով: Դաստակերտը չի գործում արդեն ավելի քան 30 տարի: Այդ տարիների ընթացքում պոչամբարի կենտրոնում շուրջ 12 մետր տրամագծով խորը փոս է առաջացել, ինչը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց ու կենդանիների համար:

Սանասարյանը նշել է, որ ինչպես մյուս պոչամբարները, Դաստակերտի պաչամբարի տարածքը ցանկապատված չէ: Այդպիսով, ցանկացած մարդ կարող է անարգել լեռնահանքային թափոնների պահեստարան մտնել:

Գրեթե 30-ամյա պատմություն ունեցող ևս 2 փակ պոչամբար գտնվում է Ալավերդի քաղաքի սահմանագծում: Քամին դրանց մակերևույթից տարածում է ծանր մետաղներով հագեցած փոշին`վտանգավոր տարրերով վարակելով այգիները և արոտավայրերը: Սանասարյանն ընդգծել է, որ այս առնչությամբ կառավարությունը պետք է ուժեղացնի այդ ոլորտում վերահսկողությունը և չգործող պոչամբարների ռեկուլտիվացմանն ուղղված միջոցներ ձեռնարկի:

Ինչպես ասվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ Համաշխարհային բանկի կազմած թեմատիկ աշխատանքներում, հարկավոր է պոչամբարների և պոչերի ռացիոնալ կառավարման (էկոլոգիական տեսակետից) մեխանիզմներ ձևավորել:

Բացի այդ, մատնանշվում է, որ համապատասխան  գերատեսչությունները պետք է վերահսկողություն իրականացնեն`երաշխավորելու փակ պոչամբարների նվազագույն ներգործությունը շրջակա միջավայրի վրա: Հավելենք, որ ԱԻՆ-ի տվյալներով, Հայաստանում 1400 հա ընդհանուր մակերեսով 19 գործող և փակ պոչամբար կա: 

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Փողի նոր ալիք. ՀԴՄ կտրոնների վրա պետք է նշվեն նաև վաճառված ապրանքների անվանումները’