Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան առատ ձյան և բքի պատճառով

264

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածաշրջանում հունվարի 24-ին առատ ձյուն է տեղում, ինչի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ջերմուկի ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Ստեփանավանի, Վարդենյաց լեռնանցքները, Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի, Մեղրիի լեռնանցքները և Նոյեմբերյանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ ճանապարհահատվածով կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Աշոցքի, Անիի, Արարատի, Սիսիանի, Արագածի, Ախուրյանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։

Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Ստեփանավանի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածըAusOpen. Անդրեյ Ռուբլյովը 1/4 եզրափակիչում պարտվեց Յանիկ Սիներին
Հաջորդ հոդվածըՌԴ-ում կործանվել է ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող ինքնաթիռը