‘«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական մարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 15-ին ‘

945

Հայաստան համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը` Հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը, հայտնում է Հիմնադրամի պաշտոնական էջը:  

Հայ եւ այլազգի ավելի քան 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Բելգիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, կզանգահարի հայազգի ընտանիքների եւ կազմակերպությունների` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերաշինությանն ուղղված դրամահավաքին: Ֆրանսիայից դուրս նախաձեռնությանը կմիանան նաեւ Հոլանդիան, Հունաստանը, Շվեդիան, իսկ Եվրոպայից դուրս` Բրազիլիան եւ Արգենտինան: 

Հեռախոսամարաթոնի նվիրատվությունները կուղղվեն Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: 

Որպես միջոցառման կնքահայրեր, ովքեր հայրենաշինությանը մասնակցելու կոչով կդիմեն հանրությանը, հանդես կգան Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը եւ Ֆրանս հեռուստաընկերության սպորտային ծրագրերի տնօրեն Դանիել Բիլալյանը:

Նախորդ տարի հավաքագրված գումարներով ջրամատակարարման ծրագրեր իրականացվեցին Արցախի ու Հայաստանի (Տավուշի մարզ) 10 գյուղերում, հիմնանորոգվեց եւ սարքավորումներով համալրվեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աուդիո-վիզուալ կենտրոնը, հիմնանորոգվեց Գյումրիի մանկատունը, կառուցվեց ջրամատակարարման համակարգ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, իրականացվեցին Տավուշի մարզի գյուղատնտեսությունը խթանող մի շարք ծրագրեր: 
Եվրոպայում Ֆրանսիայի գլխավորությամբ հեռախոսամարաթոններ անցկացվում են սկսած 2000թ.ից : Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է շուրջ 411.285 զանգ, եւ 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը պատրաստ է կորցնել ունեցվածքը ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է տարվա գոլի մրցանակի թեկնածուներին (տեսանյութ)’