‘Հայաստան – Չեխիա՝ 0:3’

1270

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում: Մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում B խմբում ընդգրկված Հայաստանի թիմը 0:3 հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին:

Մեկնարկային 45 րոպեներն անցան հավասար պայքարում, թեեւ առաջին խաղակեսի վերջնամասում չեխերն առավելություն ունեին: Խաղի սկզբնամասում Հայաստանի հավաքականը 2 հարված կատարեց չեխերի դարպասին, սակայն Էդգար Մանուչարյանի եւ Մարկոսի հարվածներն ուղիղ Պետեր Չեխի ուղղությամբ ընթացան: Քիչ անց չեխերը վտանգավոր տուգանային հարված անցկացրին, բայց Բերեզովսկին վերցրեց գնդակը եւ արագ հակագրոհի հնարավորություն տվեց Հենրիխ Մխիթարյանին, ով շրջանցեց մի քանի մրցակցի եւ հարվածային դիրք դուրս բերեց Յուրա Մովսիսյանին, բայց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը խաղից դուրս վիճակում էր: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը 22-րդ րոպեին ունեցավ Յուրա Մովսիսյանը, սակայն նրա հարվածից հետո Պետեր Չեխը փրկեց չեխերին: Առաջին խաղակեսում 2 թիմերի դարպասպաահներին էլ մի քանի անգամ տեսանք գործի մեջ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Վարդան Մինասյանի թիմը, բայց 47-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: Անգլիական «Ուոտֆորդի» հարձակվող Մատեյ Վիդրան գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը՝ առաջ մղելով չեխերին: Բաց թողած գոլից հետո Վարդան Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց Արաս Օզբիլիսին ու Արթուր Սարկիսովին: Այնուամենայնիվ Հայաստանի հավաքականը չէր կարողանում իրական գոլային պահեր ստեղծել Պետեր Չեխի դարպասի մոտ, իսկ չեխերը շատ հանգիստ էին գործում եւ կարողացան եւս 2 գոլ խփել՝ հանդիպումն ավարտելով հաղթանակով: 80-րդ րոպեին Մատեյ Վիդրան, օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների վրիպումից, դարձավ դուբլի հեղինակ, իսկ ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Դանիել Կոլարժը հակագրոհի արդյունքում վերջակետ դրեց խաղին:

Այս հաղթանակից հետո չեխերը հավաքեցին 8 միավոր եւ բարձրացան երրորդ տեղ: Իտալիան ունի 10 միավոր, Բուլղարիան՝ 9, Դանիան՝ 5, Հայաստանի հավաքականը՝ 3, իսկ Մալթան միավոր չի վաստակել:

Վարդան Մինասյանի թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 7-ին՝ հյուրընկալելով Մալթայի հավաքականին:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

Եվրոպական գոտի

B խումբ 

Հայաստան – Չեխիա՝ 0:3

Մատեյ Վիդրա, 47, 80, Դանիել Կոլարժ, 90+3

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ժամանում է Վրաստան’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Իսկ ո՞վ էր ասել, թե գնալու ենք Բրազիլիա’