‘«Հայինկասացիայի գործով» անպատասխան հարցեր վարչապետին’

1388

Սերժ Սարգսյանի հոխորտանքը Իշխանի (Զաքարյան-խմբ.) վրա բավական տպավորիչ էր: Նույն տպավորությունն էր թողնում նաև վարչապետին ուղղված քաջալերանքն ու պաշտպանությունը: Հատկապես  հիշարժան էր Սերժի «դու դա հասկանո՞ւմ ես, Իշխան» բավական ջղաձիգ արտահայտությունը բյուջեի  900-ից 700 միլիարդի ծախսը ռիսկային որակելու առիթով: Ահա այստեղից էլ կշարունակեմ խոսքս՝  հիշեցնելով մի թարմ օրինակ, մի քրեական գործ, որը  երեք տարվա պատմություն ունի ու դեռևս գտնվում է դատական բողոքարկման փուլում (կարծեմ՝ վճռաբեկ դատարանում է): Դա դեռևս  2010 թվականի ապրիլի  22-ին ՀՔԾ-ի կողմից հարուցված թիվ 62203310 քրեական գործն է` «Հայինկասացիայում» 2003-2009 թթ.  մեկ միլիարդ դրամի յուրացումների վերաբերյալ: Եվ քանի որ իշխանություններն անցած երեք տարիներին չփորձեցին անգամ այս քր.գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում այն օգտագործել որպես կոռուպցիայի դեմ իրենց հռչակած պայքարի լավագույն օրինակներից մեկը (վերջին հաշվով` մեկ միլիարդ դրամի բացահայտման մասով էր գործը),  դատաքննության երկամյա պրոցեսն անցկացրին «սղղացնելով»` լռության ու մթության քողի տակ, իսկ ԶԼՄ-ներն էլ, չգիտես ինչու, առիթը բաց թողեցին՝ լուսաբանելու  այսպիսի հնչեղ կոռուպցիոն  գործը: Բացառությունը «Առավոտի» 1-2 հրապարակումներն էին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» լուռ ներկայությունը: Ուստի կոռուպցիա-ատկատ-օֆշոր թեմաներով լսելու-ընկալելու տեսակետից նպաստավոր մեր օրերում հարկ ենք համարում բարձրաձայնելու այս  քր.գործի վերաբերյալ մի քանի հարցադրումներ՝ ուղղված ԿԲ նախկին նախագահ-առայժմ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

1. 2003-2009 թթ. «Հայինկասացիան» ամեն տարի ստուգվել է ՀՀ Ֆիննախի վերահսկողության վարչության, ՀՀ ԿԲ-ի, ՊԵԿ-ի, Կենսաթոշակային հիմնադրամի և այլ ստուգող կազմակերպությունների կողմից, եւ երբեւէ  յուրացման որևէ  փաստ չի արձանագրվել: Եվ ահա, 2010 թվականի  ապրիլի 22-ին ՀՔԾ-ն «փաստի» հիման վրա հարուցում է քրեական գործ: Իսկ «փաստը» ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ստորագրությամբ նամակն է` ուղարկված ՀՔԾ-ին,  որտեղ բառացի գրված է հետևյալը. ՀՀ ԿԲ-ում կարծիք է ձևավորվել, որ «Հայինկասացիայում» 2003-2009 թթ. յուրացվել է ավելի քան 1 միլիարդ դրամ, և չի ներկայացվել որևէ գրավոր հիմք, որևէ ստուգման ակտ կամ մասնագիտական եզրակացություն: Իսկ նշված 7 տարիներին «Հայինկասացիան» ստուգման ենթարկած  հարկայինի բոլոր 12 տեսուչները սկզբում  քր.գործում ներգրավվեցին որպես մեղադրյալներ, իսկ այնուհետև նրանց մասով գործը կարճվեց  հանցակազմի բացակայության հիմքով:

Պարոն վարչապետ,  հուսով եմ այսքանը հասկացար:

Նույն նամակում նշված էր նաև, որ այդ` ավելի քան 1 միլիարդ դրամը յուրացրել է «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահը՝ առանց որևէ մեկի իմացության: ՀՔԾ-ն ճիշտ հասկացավ նամակի իմաստը, և «Հայինկասացիայի» տնօրենը, փոխտնօրենը, գումարները կանխիկացրած կոոպերատիվի նախագահը գործում ներգրավվեցին որպես վկաներ, նրան գործողությունները որակավորվեցին որպես միամտություն և անփութություն:  Մինչ դեռ քր.գործում առկա է ոստիկանության 6-րդ վարչության պետի գրությունն այն մասին, որ «Հայինկասացիայի» տնօրենը յուրացրել է 300  միլիոն դրամ: Այս գրությունը ՀՔԾ-ի պետ Միրզոյանին է ուղարկվել 2010 թվականի   ապրիլի 30-ին, իսկ Միրզոյանը նույն գրությունը քննիչ Պետրոսյանին է մակագրել նույն թվականի ապրիլի 8-ին: Ամսաթվային այս խաղերը համարենք մանր անփութություն և ոչ էական հանգամանք: Ի դեպ, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վերոնշյալ  գրության մեջ նշված է, որ հաշվապահը յուրացրել է  550  միլիոն, տնօրենը` 300 միլիոն, նշված են  3 անձանց անուններ՝ որպես հանցակիցներ: Նշված է նաև, որ յուրացված միջոցներով է հաշվապահը գնել սեփական տուն ու ավտոմեքենա: Եվ ոչ ոք չհարցրեց, թե  6-րդ վարչությունը ինչպես է պարզել  1 միլիարդի յուրացումը ու դրանով թանկարժեք գույքի ձեռքբերումը: Գուցե ոստիկանությունում գործ էր հարուցվել, ու քննություն էր ընթացել նախքան ՀՔԾ-ի հարուցո՞ւմը, և դրանից ոչ ոք տեղյակ չէր: Կամ դատ ու դատաստան եղել էր, թե ոչ, ովքեր են մեղադրվել, և ով է դատել: Իսկ եթե դատ չի եղել, ուրեմն քննությունը դադարեցվե՞լ է, գործը կարճվե՞լ է, ի՞նչ հիմքով : Թե՞ գրություն է պետք եղել, գնդապետ Գ. Ավետիսյանն  էլ մեխանիկորեն ստորագրել է:

Սա՞ ինչպես հասկացար, պարոն վարչապետ:

2. Քր. գործի հարուցումից հաշված օրեր հետո գլխավոր մեղադրյալ, «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը, իմանալով գործի մասին, կիսատ թողնելով իր բուժումը (15 տարուց ավելի տառապում է երկրորդ տիպի ծանր աստիճանի շաքարային դիաբետով, կանոնավոր ստանում է 64 միավոր ինսուլին, որն, ըստ գործող օրենսդրության, անթույլատրելի է անձի կալանավորված լինելու կարգավիճակի հետ, և որի վերաբերյալ միջնորդությունը ու անգամ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը դատավորը մերժեց` զահլա չունենալով նման մանրուքների հետ) կամավոր վերադարձավ Հայաստան, նախապես տեղյակ պահելով ոստիկանությանն ու ՀՔԾ-ին: Իսկ քր. գործում սույն փաստը ձևակերպեցին այսպես` հայտարարվել է հետախուզում, «Զվարթնոց» օդանավակայանում  հայտնաբերվել է, կալանավորվել և տեղափոխվել է Աբովյանի  ՔԿՀ:

Այս պարզ ու անմեղ օպերացիան ևս հասկացար, չէ՞:

3. «Հայինկասացիայի» 2003-2009թթ. ֆինանսական բոլոր մուտքերը միասին կազմել են 4,6 միլիարդ դրամ, ծախսերը` 4,4 միլիարդ դրամ, շահույթը` մոտ 200 միլիոն դրամ:  Մուտքերի և ծախսերի մասով ո՛չ նախորդ տարիներին ստուգող կազմակերպությունները, ո՛չ էլ դատահաշվապահական փորձաքննության մասնագետները ապօրինի ծախսագրման որևէ փաստ չեն արձանագրել: Մինչդեռ մեղադրանքի հիմքում քննիչը դրել է, որ յուրացրած 1 միլիարդը ծախսագրվել է (տնտեսագետներ,  պինդ բռնվեք, որ չընկնեք )  որպես ամորտիզացիոն մասհանում և ԱԱՀ-ի կանխավճար: Իսկ շարքային տնտեսագետներս էլ մինչ օրս միամտաբար գիտեինք, թե ամորտիզացիոն մասհանումը հիմնական միջոցների մաշվածքի հաշվարկային թիվ է, ոչ թե կանխիկ գումար, որը կարելի էր յուրացնել: Իսկ ԱԱՀ-ն էլ, թեկուզ կանխավճարի տեսքով, կոնկրետ գումար է,  որ փոխանցվում է բացառապես պետական բյուջե: Ինկասացիայի հաշվապահը, փաստորեն, կարողացել էր  հարյուրավոր միլիոն դրամներ պետբյուջեից հետ բերել,  յուրացնել կամ նախապես յուրացրել ու գումարի փոխարեն՝ պետբյուջե փոխանցել էր դատարկ թիվ:  Քանի որ դատահաշվապահական փորձագետ, ղարաբաղցի Վասիլը դա հնարավոր համարեց տեսականորեն, իսկ գործնական գոնե մեկ փաստ չնշեց ոչ դատարանի դահլիճում ցուցմունք տալիս, ոչ էլ փորձագիտական  50 էջանոց եզրակացության մեջ,  անցնենք առաջ: Ուրեմն, «Հայինկասացիայի» ֆինանսական մուտքերի, ապրանքանյութական ձեռքբերման, արտադրական ծախսումների ամբողջ 7 տարիների ծավալում որևէ չարաշահում-յուրացում չի արձանագրվել: Եվ չէր էլ կարող, քանի որ այն տնօրենի և փոխտնօրենի իրավասության տակ էր գտնվում և վերահսկվում էր Արման ամօղլու կողմից: Այնպես որ, տնօրինման տեսակետից ազատ միջոցներ մնում էր ընկերության շահույթը, որը 7 տարիների գումարային չափը կազմում է մոտ 200 մլն դրամ: Նշված  7 տարիների շահութահարկի վճարը կազմել է մոտ 30 մլն դրամ: Ընկերությունը ամեն եռամսյակը մեկ բոլոր աշխատողներին պարգևավճարներ է տվել ամսական աշխատավարձի չափով: Բացի այդ էլ՝ մշտապես տնօրենի որոշմամբ աշխատակիցներին տրվել են տարաբնույթ նպաստներ և օգնություններ: Ու, չգիտես ինչու, շահույթի գոյացումն ու ծախսը ոչ ոք չի էլ փորձել հաշվարկել ու ճշտել, դրա վերաբերյալ քր.գործում տառ անգամ չկա: Մինչդեռ «Հայինկասացիայից» կոոպերատիվին չկատարված աշխատանքների ու չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցումներ (այսպես է ձևակերպված մեղադրական եզրակացությունում, ու նորից, չգիտես ինչու, քր.գործում չի ներառված ինկասացիայի ու կոոպերատիվի միջև օրինական կամ ապօրինի կնքված որևէ պայմանագիր) կարող էր կատարվել միայն շահույթից, այն էլ` վերոհիշյալ վճարումները կատարելուց հետո: Իսկ թե ընկերության շահույթից ազատ միջոցներ ինչքան էր մնացել` Աստված գիտի: Քր.գործից հայտնի է միայն  2004 թ. 18 մլն դրամ ընդհանուր շահույթից կոոպերատիվին փոխանցվել, դրամարկղային կտրոններով կանխիկացվել և յուրացվել է 69,9 մլն դրամ, 2005 թ.` 26,9 մլն շահույթից` 122,1 մլն դրամ, 2006 թ. 15,3 միլիոնից 124,2 մլն, 2007 թ. 22,7 մլն-ից 161,4 մլն, 2008 թ. 13 մլն-ից` 245 մլն, 2009 թ. 63,8 մլն-ից` 212 մլն: Եվ այսպես, 2003-2009 թթ.  ընթացքում 174,7 մլն դրամ շահույթից փոխանցվել ու յուրացվել է 947,7 մլն դրամ:

Ճիշտն ասած` մենք չհասկացանք, իսկ դու  հասկացար, չէ՞, քո մասնագիտական գովքն անող կոլեգա-նախկիններով հանդերձ:

4. Երբ դատարանում  մեղադրյալները վկա Վասիլից պահանջում էին մասնագիտորեն ցույց տալ  յուրացված գումարների տեղը (ինչպե՞ս է այն գոյացել, ո՞ր մուտքերից ), թե ինչու են յուրացումը «հիմնավորող» հաշվապահական փաստաթղթերը մասամբ վճարման հանձնարարագրերը, մասամբ` մեմորիալ օրդերները, թե ինչո՞ւ ստուգված  7 տարիների ընթացքում  «Հայինկասացիան» սպասարկած բանկերի փոփոխված լոգոտիպերը ճշգրիտ արտացոլված չեն նշված փաստաթղթերում, թե ինչո՞ւ հաշվապահական հաշվառման կենտրոնացված էլեկտրոնային-համակարգչային համակարգի անցման կարգը իր ներդրման տարեթվով չի համընկնում իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերի  լրացման ձևին, թե ինչպե՞ս է կանխիկացման կտրոններով գումար բաց թողնվել ոչ աշխատանքային` կիրակի օրով, թե ինչպե՞ս է նույն օրը և կտրոնի նույն համարով գումարի ստացում կատարվել 2  տարբեր անձանց կողմից, թե ինչպե՞ս է մեղադրյալներից մեկը ամիսներ շարունակ իր անունով լրացված կտրոններով բանկից գումարներ ստացել` միաժամանակ որպես ժամկետային զինծառայող ծառայելով Հայոց բանակում, թե ինչո՞ւ բանկային կտրոնների գրքույկները չեն համապատասխանել ըստ տարիների դրանց փոփոխված ստանդարտներին, թե ինչո՞ւ են հաշվապահական փաստաթղթերը նույն հիմնարկության  2 տարբեր կնիքներով կնքվել` մեկը մյուսից տրամաչափով ակնհայտ մեծ ու փոքր, ո՞վ և ինչո՞ւ է փոխել կամ պատրաստել 2-րդ կնիքը, և ի՞նչ նպատակով, թե ինչո՞ւ է յուրացված նույն գումարը  ներառող փաստաթղթերով  ՀՔԾ-ի  քննիչի որոշմամբ  փորձաքննության  ուղարկվել  257 հատ կտրոն, իսկ փորձաքննության եզրակացությունում նույն գումարը նշված է 247  հատ կտրոնի վրա (դա չի՞ նշանակում արդյոք,  որ կտրոններն այդ ընթացքում ինչ- որ մի տեղ վերալրացվել ու վերակնքվել են), և ու՞մ կողմից,  թե ինչպե՞ս է մեղադրյալներից մեկը 277,5 մլն դրամը կանխիկ ստացել, ըստ փորձագիտական եզրակացության` 62 կտրոնով,  իսկ նույն գումարը,  ըստ մեղադրական եզրակացության  ու նախաքննական նյութերի` 72 կտրոնով, թե ինչո՞ւ է «Հայինկասացիայից» մասնավոր կոոպերատիվին ապօրինի փոխանցված  947,7 մլն դրամը կատարվել, ըստ փորձագիտական եզրակացության, 394  հատ վճարման հանձնարարագրերով, իսկ նույն գումարը, ըստ մեղադրական եզրակացության` 348  հատ վճարման հանձնարարագրերով է, թե ինչպես չկատարված աշխատանքների դիմաց պայմանագիր կազմող և գումար փոխանցող «Հայինկասացիայի» տնօրենն ու փոխտնօրենը անմեղ ու անփույթ դուրս եկան, նույն պայմանագրերը ստորագրող և գումար ստացող կոոպերատիվի նախագահը  անմեղ ու անփույթ է, այդ նույն պայմանագրերի հիմքով փոխանցումներ կատարած «Հայինկասացիային» ու կոոպերատիվին սպասարկած բանկային աշխատակիցները անմեղ ու անփույթ են, կամ ՀՀ ֆիննախի վերստուգող-վերահսկիչներ  2  կանայք անմեղ ու անփույթ են (նաև հարկային տեսչության, կենսաթոշակային հիմնադրամի, աշխատանքի տեսչության, կենտրոնական բանկի աուդիտորական խմբերի աշխատակիցները), իսկ  հաշվապահի ընտանիքի` «Հայինկասացիայում» չաշխատող անդամները` հանցագործ:  Վերջակետ դրեցի ստիպված, սակայն չեմ կարող չշարունակել. այդ ինչպե՞ս է, որ նույն քր.գործի մեջ ապօրինի  փոխանցված գումարի չափը  նշված է 1 միլիարդ 21 մլն 900 հազար դրամ (հատոր 1, գ.թ. 101 ), իսկ նույն գումարը փորձագիտական և մեղադրական եզրակացություններում նշված է 947 մլն 704 հազար 500 դրամ: Տարբերությունը կազմող 74,2  մլն դրամն ի՞նչ եղավ: Կամ ինչպե՞ս եղավ, որ կանխիկացված նույն գումարը հաշվարկեցիք  2 անգամ, օրինակ` 24.12.2004 թ. N 181 հանձնարարագրով փոխանցված  2մլն 100 հազարը, 17.06.2005 թ.  N 1816 հանձնարարգրով փոխանցված  2 մլն-ը, 18.03.2008 թ. N 5831 հանձնարարագրով փոխանցված 5մլն   950 հազարը: Կամ ինչպե՞ս է հնարավոր 3 տարբեր վճարման հանձնարարագրերով`  N 1836, N1845, N1849,   2մլն   940 հազար դրամ ընդհանուր գումարով փոխանցումներ կատարել նույն օրը` 05.05. 2004 թ: Կամ ինչո՞ւ է կանխիկացված գումարի ընդհանուր  չափը 930մլն 230 հազար 500  դրամ, իսկ այդ գումարը ստացած 6 անձանց կողմից (որոնցից,  չգիտես  ինչու, միայն 5-ն են  հանցագործ) կանխիկացված գումարը կազմում է  919  մլն  247  հազար դրամ: Տարբերություն մոտ 11  մլն ո՞վ է ստացել, քր.գործը լռում է: Կամ ինչո՞ւ փոխանցված 947,7 մլն-ի և կանխիկացված 930,2  մլն-ի տարբերությունը` 17,5  մլն դրամ չի ֆիքսվել քր.գործում, իսկ քանի որ կոոպերատիվը ֆինանսական տարիները փակել է առանց մնացորդների, ապա   17,5  մլն դրամի  տեղը մնացել է անհայտ: Այսինքն` այն չկար 2003 թ. սկզբում, չկա նաև 2009 թ. վերջում: Կամ ինչպե՞ս հասկանանք այն, որ մեղադրանքի հիմքում վկայակոչված «Գրանթ Թորնթո Ամիո» աուդիտորական ընկերության եզրակացության մեջ, որը ներկայացվեց միայն դատաքննության վերջում, ֆինանսական խախտումների և չարաշահումների մասին ոչինչ արձանագրված չէ: Այս` մեկը մյուսից աբսուրդ փաստարկների վերաբերյալ  վերոնշյալ հարցերին փորձագետ Վասիլը դատարանում սկզբում դիմակայում էր լեզվախաղով ու անսովոր ժեստիկուլյացիայով,  սակայն մի պահ չդիմացավ ու բերանից թռցրեց` «Ես այս հանցագործության  մեջ չկամ»: Իսկ դատական նիստերը մեզանում կարծես թե ձայնագրվում են:

Պարոն վարչապետ, դու դեռ շարունակո՞ւմ ես հասկանալ:

5. Դատարանում անպատասխան մնացած 3 հարց առանձնացրել և որոշել ենք ուղղել ձեզ` պատասխանի ակնկալիք, բնականաբար, չունենալով.

ա/ «Հայինկասացիայի» կանոնադրական կապիտալի  համալրման  հիմնավորմամբ  Կենտրոնական  բանկը  2003 թ.   131 մլն,   2009 թ.`  49,8  մլն դրամ ընդհանուր գումարով  180 մլն  դրամ փոխանցել է, մինչդեռ ինկասացիայի ղեկավարները` տնօրենը, փոխտնօրենը, հաշվապահները, տեղյակ չէին այդ գումարից, ոչ ընկերության հաշվապահությունում, ոչ էլ քր.գործում նշված գումարի ստացումը հիմնավորող որևէ փաստաթուղթ  պարզապես չկա:

բ/ՀՀ Կառավարության որոշմամբ Կենտրոնական բանկը  2009 թ. Հայինկասացիային պետք է փոխանցեր   300  մլն  դրամ  (նույն նպատակով): Իրականում փոխանցել է  90 մլնը,  իսկ   210  մլնի  ճակատագիրը անհայտ է մինչ օրս:

գ/  2004 թ. Կենտրոնական բանկը գումար է փոխանցել Հայինկասացիային, այնտեղից էլ ՌԴ՝ զրահապատ  ուղղաթիռ  գնելու  նպատակով, որը ձեռքբերումից մինչ օրս գտնվում է ՀՀ ՊՆ տնօրինման  տակ:  2004 թ., ըստ ուղղաթիռի գնման փաստաթղթերի, որպես  բալանսային  արժեք՝ ձևակերպվել է  1մլրդ   807,5 մլն դրամ: Դատաքննության ժամանակ ամբաստանյալների համար  պահանջներից   հետո պետռեգիստրից  ներկայացված փաստաթղթերում  ուղղաթիռի  բալանսային արժեքը  դարձել էր մոտ 1 մլրդ 340 մլն դրամ: Մոտ 470 մլն դրամի տարբերության վերաբերյալ հարցին դատարանում ոչ ոք պատասխան չտվեց:

դ/ «Հայինկասացիայի» 2003- 2009 թթ. մոտ   200մլն դրամ շահույթից  շահութահարկի  և կանոնակարգված  պարգևավճարների վճարումներից հետո  զուտ շահույթն, ըստ մեղադրյալների՝ կարող էր կազմել   70-80 մլն  դրամ: Մինչդեռ քր.գործում  շահույթի գոյացմանն ու ծախսմանը վերաբերող որևէ փաստաթուղթ գոյություն չունի:

Գումարեք նշված չորս դրվագներով  «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ»  այս թվերը,  համեմատեք թիվ  62203310  քրեական գործով յուրացված գումարի  հետ և …  չմտահոգվեք:

Մինչև որ ,  ինչպես  պապս  կասեր,  ռաստ կգաք: Հաստի:

Մ. Գրիգորյան

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մորուայի ասած` խելքներդ գլուխներդ հավաքեք’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը պահմտոցի է խաղացել Արևմուտքի և Արևելքի միջև ‘