‘Հայկական մեղրը լավագույնն է ճանաչվել Թբիլիսիի թեյի և մեղրի փառատոնում’

1216

Հայկական մեղրը լավագույնն է ճանաչվել Թբիլիսիի թեյի և մեղրի փառատոնում: «Թբիլիսոբա» քաղաքի օրվա երկօրյա տոնակատարության շրջանակում անցկացված փառատոնում հաղթել է Շիրակի մարզի Բենիամին գյուղի 56-ամյա մեղվապահ Դավիթ Մովսիսյանը: Նրանից զատ` Multi Agro ընկերության արտադրած մեղրը ներկայացրել էր ընկերության մեղվաբույծ Հովհաննես Պետոյանը:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը Թբիլիսիից, «Լավագույն մեղր» անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական Antik Ani Bal մեղվաբուծական ընկերության ներկայացուցիչ Ադեմ Էրթաշը Կարսից: Հաղթողները որոշվել են փառատոնի այցելուների քվեարկության արդյունքում, ովքեր համտեսել և համեմատել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մեղրը:

Թբիլիսիի թեյի և մեղրի փառատոնը կազմակերպել էր Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցը, որը 2005 թվականից ի վեր տարածաշջանային գրասենյակների ցանցի տեսքով գոյություն ունի Երևանում, Բաքվում, Գյումրիում, Ստեփանակերտում, Քութաիսում, Կարսում, Թբիլիսիում, Սուխումում և Ցխինվալում: Երևանի գրասենյակը ներկայացրել էր Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտը: Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից nternational Alert-ի միջոցով ֆինանսավորվող Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցի բոլոր նախաձեռնությունները հետևում են «մի վնասիր» սկզբունքին` նպատակ ունենալով հասնել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակիցների սերտ, արդյունավետ, փոխշահավետ, տնտեսական համագործակցության:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում կհանդիպի Քեթրին Էշթոնի հետ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրի-Մոսկվա նոր չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի վերջին’