‘
Կայացել է Իսպանիայի 2014-15թթ. առաջնության մրցանակաբաշխությունը:
Լա Լիգայի նախորդ խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն հարձակվողի մրցանակը ստացել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: 2014-15թթ. առաջնությունում Մեսսին մասնակցել է 38 խաղի, խփել է 43 գոլ, կատարել է 18 գոլային փոխանցում:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով չի մասնակցել մրցանակաբաշխությանը, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում: Պորտուգալացին նախորդ առաջնության 35 խաղում խփել է 48 գոլ և կատարել է 16 գոլային փոխանցում:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ճանաչվել է Լա Լիգայի լավագույն հարավամերիկացի ֆուտբոլիստ: Նեյմարը 2014-15թթ. առաջնության ժամանակ մասնակցել է 33 խաղի, խփել է 22 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Լա Լիգայի լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ կոչմանն արժանացել է «Վալենսիայի» կիսապաշտպան Սոֆյան Ֆեգուլին:
«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով նախորդ առաջնության 37 խաղում բաց է թողել 19 գոլ և կատարել է 130 սեյվ, ստացել է առաջնության լավագույն դարպասապահի մրցանակը:
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ստացել է լավագույն պաշտպանի մրցանակը, իսկ նրա թիմակից Խամես Ռոդրիգեսը` լավագույն կիսապաշտպանի: Խամեսը Լա Լիգայի նախորդ խաղաշրջանում մասնակցել է 29 խաղի, խփել է 13 գոլ, կատարել է 12 գոլային փոխանցում:
‘