‘«Հայրենասիրական» խմբակները մեզ մոտ եւ դրսում. «Իշխանասիրության» քարոզ՝ հայրենասիրության քողի տա՞կ ‘

1889

Օրերս ԱԺ-ում 2015-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Հայաստանի բոլոր դպրոցներում հայրենասիրական ակումբներ բացելու համար պետբյուջեից հատկացվել է 65 միլիոն դրամ:
«Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, լիբերալ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր», — հայտարարել է Աշոտյանը։ Դպրոցականների համար հայրենասիրական ակումբները կազմակերպվելու են ԿԳՆ-ի, ՊՆ-ի եւ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միության մասնակցությամբ:

Երիտասարդ սերնդի շրջանում հայրենասիրական զգացմունքներ սերմանելու ուղղակի պետական ծրագրեր իրականացվում են նաեւ այլ երկրներում: Սակայն հայրենասիրական դաստիարակության ուղղակի պետական քաղաքականություն են իրականացնում սովորաբար ոչ դեմոկրատական համարվող երկրները, որտեղ իշխող վարչակարգերը փորձում են հայրենասիրական կարգախոսների ներքո ամրապնդել սեփական իշխանությունը:   

Մասնավորապես, կոմունիստական Չինաստանում կուսակցության գլխավորությամբ իրակացված հայրենասիրական ծրագրերի արդյունքում երիտասարդության շրջանում ավելի գերիշխող է դառնում այն տեսակետը, որ արեւմտյան դեմոկրատիան հակասում է չինական հոգեւոր արժեքներին, եւ որ ներկայումս Չինաստանի հիմնական խնդիրը ժողովրդի ֆիզիկական գոյատեւումն է, տնտեսական բարեփոխումների իրագործումը, այլ ոչ թե խոսքի եւ մամուլի ազատությունը:

Հայրենասիրական դաստիարակությունը, բնականաբար, ամենաբարձր դիրքերի վրա է դրված Հյուսիսային Կորեայում: Չուրչխեի երկրում ամեն ինչ ներծծված է հայրենասիրությամբ. անգամ թվաբանության եւ օտար լեզուների դասագրքերն այդ երկրում կազմվում են՝ հաշվի առնելով իշխանությունների կողմից տրված հրահանգները: հայրենասիրական դաստիարակության հարցում, հասկանալի է, առաջնահերթ տեղ է վերապահված պատմության ուսուցմանը: Կորեան այստեղ ներկայացվում է որպես ամենահին ավանդույթներն ունեցող մշակույթ, կորեացիները՝ մարդկության ամենաառանցքային հայտնագործությունների հեղինակներ:  Իսկ ԿԺԴՀ-ը՝ համապատասխանաբար, կորեական քաղաքակրթության թագն ու պսակն է, որը իմաստուն առաջնորդների ղեկավարության ներքո առաջ է մղում մարդկության զարգացումը:     

Բելառուսում վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում նախագահ Լուկաշենկոյի կամքով ձեւավորվել է Բելառուսի հայրենասիրական երիտասարդական միությունը՝ խորհրդային կոմերիտմիության օրինակով: Երիտասարդների հայրենասիրական դաստիարակությամբ լրջորեն զբաղվելու առիթ տվեց 1996-ի ուսանողական հզոր ընդվզումն ընդեմ «Բատկայի» վարած քաղաքականության: Ներկայումս Բելառուսում երիտասարդական կառույցների գործունեությունը կարգավորում է Երիտասարդության հարցերով պետական կոմիտեն: 

Ղազախստանում, դպրոցական հաստատություններում եւ աշխատավայրերում ներդրված են արարողակարգային նորմեր, որոնք ստիպում են հարգանք դրսեւորել պետական խորհրդանիշների նկատմամբ: Ղազախական դպրոցական ծրագրում ներդրված է «Քաղաքացիագիտություն» առարկան: Ղազախստանում առողջ ապրելակերպի քարոզ է իրականացվում, որն ուղեկցվում է նարկոդիսպանսերներ, մանկատներ եւ կալանավայրեր էքսկուրսիաներով: ԶԼՄ-ների շրջանում աշխատանք է տարվում՝ «հայրենասիրական»  տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ. կենտրոնական եւ տեղական լրատվամիջոցների եթերի առնվազն 30 տոկոսը նվիրված է հայրենասիրական թեմատիկային:

Բացի նշվածներից, կան նաեւ երկրներ, որտեղ հայրենասիրական դաստիարակության պետական ծրագիր, որպես այդպիսին, գոյություն չունի, այնուհանդերձ, քաղաքացիական հասարակության տարբեր հաստատությունների միջոցով երիտասարդությանը հայրենասիրական արժեքներ են մատուցվում: Այսպես՝ ԱՄՆ-ում պարբերաբար անցկացվող սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների շուրջ ¾-ը հպարտ է իր երկրի համար: Ամերիկյան ընտանիքների գրեթե կեսը իր տան ճակատը զարդարում է պետական դրոշով, վարորդների 15-20 տոկոսը դրոշը փակցնում է մեքենայի մեջ: Տասը ամերիկացիներից ինը ոտքի են կանգնում, երբ հնչում է ԱՄՆ օրհներգը: Ընդ որում՝ հատուկ քաղաքականություն ԱՄՆ-ը չի իրականացնում, եթե չհաշվենք այն, որ ամերիկացիների  հայրենասիրական զգացմունքներին օգնում են դրսեւորվել հոլիվուդյան ֆիլմերը, ԶԼՄ-ներով պետական խորհրդանիշների ակտիվ քարոզչությունը, ինչպես նաեւ դրոշակների ու այլ խորհրդանշանների անվճար առաքումը:  2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական ահաբեկչությունից հետո սեպտեմբերի 11-ը սկսեցին նշել որպես «հայրենասերի օր»:

Ճապոնիայում եւ Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտությունից հետո հանրակրթության ոլորտում հնարավորինս խուսափում էին  հայրենասիրության մասին հիշատակումներից: 2002-ից ի վեր, սակայն, Ճապոնիայի կառավարության մշակած ծրագրով դպրոցներում ներդրվեց հայրենասիրության գնահատման համակարգը: 2006-ին ընդունված օրենսդրական փաթեթի համաձայն՝ ուսուցիչները պարտավոր են «ունենալ եւ աշակերտներին փոխանցել հայրենասիրության եւ ազգային արժանապատվության զգացմունքներ»: Այս նորամուծությունը սուր քննադատության արժանացավ հանրության շրջանում. ընդդիմախոսները պնդում են, որ հայրենասիրությունը գնահատել հնարավոր չէ:

Իսկ նացիզմի բովով անցած Գերմանիայում հայրենասիրական ծրագրերն ավելի շատ սոցիալական եւ բնապահպանական ուղղվածություն ունեն: Այս ծրագրերը նախատեսում են դպրոցահասակ երեխաների մասնակցությունը սոցիալական եւ բնապահպանական միջոցառումներին, ինչի դիմաց նրանք վարձատրվում են:  

Ամփոփելով՝ փաստենք, որ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված պետական քաղաքականությունը որոշակի պայմաններում կարող է նպաստել հասարակության համախմբմանը եւ երիտասարդ սերնդի քաղաքացիական գիտակցության ձեւավորմանը: Սակայն երբ պատկերացնում ենք, թե ովքեր են Հայաստանում գործնականում իրականացնելու հայրենասիրության «պատվաստումը», մի շարք հարցեր են առաջանում, մասնավորապես՝ թե ով ինչպես է պատկերացնում հայրենասիրությունը եւ ինչ քաղաքական նպատակներով է այն քարոզելու: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելի ոստիկանությունը ճնշել է Տաճարի լեռան արաբական հուզումները’
Հաջորդ հոդվածը‘Իրանում շների ու կապիկների հետ զբոսնողները կմտրակահարվեն’