‘«Հայրիկյանի գործով» դատավճիռը կբողոքարկեն եւ՛ դատապարտյալները, եւ ինքը՝ Հայրիկյանը’

1130

Արդեն տեղեկացրել ենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել այս տարվա հունվարի 30-ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով: Ըստ այդմ՝ գործի նյութերով մահափորձն իրականացնողներ Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը դատապարտվել են համապատասխանաբար 12 եւ 13 տարվա, իսկ մահափորձի կազմակերպիչ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը՝ 14 տարվա ազատազրկման:

Դատավճռի հրապարակումից հետո կողմերը հայտարարել են, որ բավարարված չեն վճռով եւ մտադիր են բողոքարկել այն: 

«Ես բավարարված կլինեի, երբ հանցագործության կծիկը մինչեւ վերջ բացվեր: Դատարանն ու նախաքննությունն այս հարցում իրենց գործը չարեցին», — Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել է գործով տուժող Պարույր Հայրիկյանը: Նա նշել է, որ իր ցանկությունը չէ՝ հանցագործներին «շատ դատված տեսնել», միեւնույն ժամանակ, Հայրիկյանը համոզված է, որ իրական կազմակերպիչը Սեդրակյանը չէ:

«Մի առիթով ասել եմ, որ Հայաստանում, ցավոք, մի քանի հազար մարդ կա, որ փողով պատրաստ են սեփական ազգի վրա կրակել: Հիմա դրանցից մի քանիսն ազատության մեջ լինեն, թե բանտում նստեն՝ էական չի: Այլ բան, որ կծիկը մինչեւ վերջ հասցնեինք եւ կարողանայինք հետագայում շատ բաներ հասկանալ՝ Մաքսային միություն, Պուտինի հայտարարությունը…», — ասել է Հայրիկյանը՝ ընդգծելով, որ դատարանը կախվածության մեջ է կամ էլ՝ «կաշառքն այստեղ էլ է իր դերը կատարել»:  «Կծիկը մինչեւ վերջ բացելու» համար Հայրկիյանը պատրաստվում է փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո բողոքարկել վճիռը: 

Իր հերթին, Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է, որ պարտադիր վերաքննիչ բողոք է ներկայացնելու և, եթե Վերաքննիչ դատարանում հաջողություն չունենա, կդիմի Վճռաբեկ, այնուհետև` Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Կենտրոնի դատարանով կյանքը չի վերջանում», — ասել է փաստաբանը:

«Ես չգիտեմ՝ ով է կրակել: Կարող է և կրակել են, կարող է և Պարույր Հայրիկյանի վրա: Բայց ի՞նչ կապ ունի Վարդանը դրա հետ: Դատավարությունը առաջին իսկ օրվանից ընթացել է աչքաչափով, այլ ոչ թե օրենքի չափանիշներին համապատասխան, պատիժն էլ նշանակեցին աչքաչափով»,- Ալեքսանդր Սիրունյանի խոսքերն է փոխանցում Tert.am-ը:

Հարցին, թե, ի վերջո, պարզ դարձա՞վ, թե որն էր սպանության փորձի դրդապատճառը, պաշտպան Սիրունյանը հորդորել է հարցը ուղղել կրակողին։
«Էն կրակողին, որի ձեռքերի վրա վառոդի արգասիքներ չկան, էն կրակողին, որը կրակել է կես մետր հեռավորությունից, բայց Պարույր Հայրիկյանի դեմքին ու հագուստին վառոդի արգասիքներ չկան, երկու վերք էին պնդում մոտ մի տարի, վերջում լավություն արեցին՝ մեկից հրաժարվեցին»,- ասել է նա:

Դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինն ու զոքանչը ևս լրագրողների հետ զրույցում նշել են, որ պատրաստվում են վճիռը բողոքարկել, քանի որ 14 տարին, ըստ իրենց, չափազանց խիստ պատիժ է: 

Ինքը՝ էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, նշել է, որ դատարանը վճիռ է կայացրել առանց որեւէ փաստ, որեւէ ապացույց ներկայացնելու:

Նախորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովը Հերմինե Նաղդալյանի դեմ վարույթ չի հարուցի’
Հաջորդ հոդվածը‘«Նախախորհրդարանը» հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված հանրահավաքը’