‘Հայրիկյանի վրա կրակելու մեջ կասկածվողը՝ էպոսագետի հարևանն է’

1367

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակելու մեջ կասկածվող Սամվել Հարությունյանին անցած տարի նվիրել է իր «Volvo» մակնիշի ավտոմեքենան: Էպոսագետ թեկնածուն ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է, որ նման մեքենա է ունեցել: Ս. Հարությունյանը Վ. Սեդրակյանի հարևանն է և նրա տանը շինարարական աշխատանք է կատարել: Էպոսագետն ինքը չի ցանկացել խոսել Ս. Հարությունյանի մասին՝ ասելով, թե «քանի դեռ համապատասխան մարմինների հայտարարությունը չկա, չի ցանկանում մեկնաբանել»: Նա միաժամանակ չի հերքել, որ ճանաչում է նրան: Այս մասին գրում է 1in.am-ը:

Բայց այսօր կայքի հետ հեռախոսազրույցում էպոսագետը հաստատեց, որ ճանաչում է Պ. Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց՝ թե՛ Ս. Հարությունյանին, թե՛ Խաչատուր Պողոսյանին, և որ Ս. Հարությունյանն իր հարևանն է, և այդ երկուսը միասին աշխատել են Վ. Սեդրակյանի ամառանոցում: «Սամվելն ամառանոցում աշխատել է, Խաչիկն էլ մեքենայով նրան աշխատանքի է բերել-տարել»,- ասաց էպոսագետը: «Ով է ձեզ նման բան ասել: Ես անցած անգամ ասել եմ, որ քանի դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չկա, որևէ բան չեմ կարող մեկնաբանել»,- ասաց էպոսագետը:

Ի դեպ, Վ. Սեդրակյանը բավական նյարդայնացած էր պատասխանում իր և կասկածյալների միջև եղած կապի մասին այս հարցերին: Իսկ հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ այս երկուսն էլ տարված են եղել իր կողմից պրոպագանվող էպոսագիտությամբ, և նրանցից մեկի մեքենայի մեջ եղել են Վ. Սեդրակյանի էպոսագիտությունը գովազդող բուկլետներ և բրոշյուրներ, բարկացած պատասխանեց. «Ո՞վ է ասում: Դա ձեր գործը չէ: Ձեր գործը հարցը տալն է: Իսկ ես բացատրեցի, որ ես որևէ մեկնաբանություն չունեմ»:

Իսկ հնարավո՞ր է, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով ինքն էլ ներգրավվի կասկածյալի կամ այլ կարգավիճակով: «Դուք հայերեն հասկանո՞ւմ եք, չլսեցի՞ք, թե ինչ ասացի: Քանի դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել, որևէ բան մեկնաբանելը համարում եմ ոչ ճիշտ»,- եզրափակեց էպոսագետը:

Նախորդ հոդվածը‘Աֆղանական պատերազմի վետերանը 28 տարի անց ցնցող բացահյատումներ է անում’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա` ի պաշտպանություն ԱՕԿՍ-ի (ֆոտոշարք)’