‘Հայրիկյան. Իմ դեմ մահափորձը Հայաստանը Մաքսային միությանը բռնակցելու ուղղությամբ առաջին քայլն էր’

1136

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի դատավճռին, հայտարարեց, որ նա կողջունի բոլոր այն քայլերը, որոնք ուղղված կլինեն ոչ միայն արդարադատությունը վերականգնելուն, այլ նաև նրանց ազատելուն:

«Եթե վաղն էլ նրանց ազատ արձակեն, հավաստիացնում եմ ձեզ՝ ես ոչինչ չեմ անի, որովհետև դրանց նմանները լիքն են, ինչ տարբերություն՝ երեք հոգի ավել, երեք հոգի պակաս դրսում կթափառեն, նկատի ունեմ՝ մարդիկ, որոնք փողով պատրաստ են ստորություն գործել: Բայց ինձ համար շատ կարևոր էր գոնե հրապարակավ գործը տեղ հասցնել»,-հայտարարեց Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանը, նաև անդրադառնալով իր մահափորձի վրա՝ իր իսկ կողմից շրջանառության մեջ դրված «ռուսական հետքի» թեմային, հայտարարեց. «Ուրախ եմ, որ կանխազգացումս ճիշտ դուրս եկավ, այդ հարյուր հազար դոլարը ուղարկված էր Ռուսաստանից, և քանի որ դատարանը ինքնուրույն որոշեց չքննել այդ գործով վկաներին, այլ լսեց հանցագործների խնդրանքը, որ ինչ կլինի՝ այդ մարդկանց չհարցաքննեն: Վախենում էին, որ հարցաքննվելու ընթացքում այլ բաներ բացահայտվեն, և իրենց գործը ծանրանա»: Պատասխանելով iLur.am-ի հարցին, թե արդյոք իր վրա կատարված մահափորձի գործը լրիվ բացահայտված չի համարում, Հայրիկյանը նշեց, որ չգիտի որևէ մեկին, որ այդ գործը ամբողջությամբ բացահայտված համարի: ԱԻՄ առաջնորդը նաև նշեց, որ իր համար կարևորը գործի բացահայտումն էր, իսկ պատիժը իր համար երկրորդական նշանակություն ուներ:

Ի պատասխան iLur.am-ի հարցին՝ արդյո՞ք «անկախության սիմվոլի» նկատմամբ մահափորձը կարելի է համարել Հայաստանի անկախության նկատմամբ ոտնձգություն Ռուսաստանի կողմից, Հայրիկյանը ասաց. «Գումարը եկել է Ռուսաստանի քաղաքացուց, և այդ բոլոր հանգամանքները պետք է պարզվեին հրապարակային հարցաքննության ժամանակ: Ես ասացի, որ Հայաստանը Մաքսային միությանը բռնակցելու առաջին լուրջ քայլը այդ մահափորձն էր, հաջորդ լուրջ քայլը Ադրբեջանին մեծ քանակությամբ զանգվածային զենք վաճառելն էր,  մյուսն էլ իր գործակալական ցանցը ոտքի հանելն էր: Դուք հիշում եք, չէ՞, թե ով առաջինը ասաց, որ Հայրիկյանի վրա կատարվածը մահափորձ չէ. Բորդյուժան էր»:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցին Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ բռնության վրա կամավոր միություն չի ստեղծվում. եթե այդ միությունը մեզ բռնությամբ պարտադրվում է, բնականաբար՝ առաջին իսկ առիթով եթե ոչ այս իշխանությունները, ապա մյուս իշխանությունները կհրաժարվեն: Պարույր Հայրիկյանը համոզմունք հայտնեց, որ հետագայում Ռուսաստանը կհրաժարվի իր կայսերապաշտական նկրտումներից և կձգտի գնալ Եվրոպա, և կարող է՝ Մաքսային միությունը միանգամից դիմի ԵՄ-ին անդամակցելու համար:

Հայրիկյանը նաև հայտարարեց, որ հաջորդ ընտրություններում կրկին կառաջադրվի, որպեսզի «չնեղացնի հայ հասարակությանը»:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը որակազրկվել է ՉԼ մեկ խաղով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իգուաինը մեկնարկել է՝ ինչպես Կավանին’