‘Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Կարեն Շահինյանի մահվան առթիվ ‘

3192

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, գիտնական Կարեն Շահինյանի մահվան մասին: Մենք կորցրինք պայքարի փորձառու ընկերոջ, բազմափորձ գիտնականի և լավ քաղաքացու:

Կոնգրեսը ցավակցում է Կարեն Շահինյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին՝ այս ծանր կորստի առթիվ:

Կարեն Արտաշեսի Շահինյան

Ծնվել է 1951թ. ապրիլի 9-ին, Երևան քաղաքում:

Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը (1974թ.): 1972-1974թթ. անհատական պլանով գործուղվել է Մոսկվա` Ուռուցքաբանության կենտրոնի ռադիոկենսաբանության լաբորատորիա, որտեղ իրականացրել է հետազոտություններ «Ուլտրաձայնը՝ որպես ուռուցքային բջիջների ռադիոզգայունությունը ուժեղացնող ֆակտոր» թեմայով: 1975 թվականից աշխատել է ՀՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, ապա՝ կրտսեր գիտաշխատող:       

1978-1980 թվականներին գործուղվել է Մոսկվա, որտեղ սկսել է  դիսերտացիոն աշխատանք «Բակտերիաների ներ- և արտաբջջային պրոտեինազները» թեմայով: 1980թ. ավարտելով աշխատանքը՝ վերադարձել է Երևան և 1982թ. պաշտպանել  թեկնածուական թեզ՝ ստանալով կենսաբանական գիտւթյունների թեկնածուի գիտական աստիճան:

1982-1983թթ. աշխատել է ՀՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժնում՝ որպես առաջատար ինժեներ:

1983թ. հրավիրվել է աշխատանքի ՀՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտ՝ որպես ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող, զբաղվել է սպիտակուցների քիմիայով:

1992թ. նշանակվել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ:

1995թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական: Աշխատանքից հեռացել է 1998 թ.՝  քաղաքական թիմի հրաժարականի հետ միասին:

1998-1999թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:

2001 թվականից մինչ օրս աշխատել է ՀՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում՝ որպես լաբորատորիայի վարիչ:

Հեղինակ է մոտ 40 գիտական աշխատությունների և 1 հայտնագործության:

Կարեն Շահինյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր և երկու թոռնիկ:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ժամը 18.00-ին, Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ օգոստոսի 8-ին, ժամը 13.00-ին, նույն վայրից:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է Արիֆ Յունուսը, նրա տիկնոջ առողջական վիճակը վատացել է’
Հաջորդ հոդվածը‘Պարապուրդի մատնված «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատողները պահանջում են վճարել աշխատավարձի գծով պարտքը’