‘Հայ-իրանական սահմանին Ռուսաստանի դրոշի առկայությունը մեկնաբանում է ԱԱԾ-ն ‘

5101

Ինչպես այսօր հաղորդել էր iLur.am-ը, ԱԱԾ-ն տեղյակ չէր, թե ինչու հայ-իրանական սահմանին Հայաստանի դրոշի փոխարեն ծածանվում է Ռուսաստանինը: Ինչպես և ԱԱԾ-ի մամլո կենտրոնից խոստացել էին, պատասխանն իրեն սպասեել չտվեց:

«Ըստ սահմանային կանոնակարգի՝ երբ որ սահմանային կոմիսարները իրար հանդիպում են, կամրջի իրանական կողմից բարձրացվում է Իրանի, իսկ հայկական կողմից՝ ռուս կոմիսարի դրոշը: Դա լինում է միայն կոմիսարների հանդիպման ժամանակ, մնացած դեպքերում դրոշները գտնվում են իջացված դիրքում: Իսկ, ահա, Հայաստանի դրոշը կարելի է գտնել մաքսայինի գմբեթի վրա»,- ասաց ԱԱԾ-ի մամլո կենտրոնի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ:

Նրա փոխացմամբ՝ երբ սահմանապահ կոմիսարներն են հանդիպում՝ սովորաբար շաբաթը մեկ անգամ, դրոշները լրիվ են բարձրացնում, իսկ երբ հանդիպումը լինում է տեղակալների մակարդակով, ապա դրոշները բարձրացվում են կիսով չափ: Նա հավաստիացրեց, որ տեսնողները երևի ամեն անգամ ականատես են եղե՝լ երբ երկու երկրների դրոշները բարձրացված են եղել:

Ի պատասխան iLur.am-ի հակադարձմանը, թե միևնույն է՝ սահմանը հայ-իրանական է, և որքանո՞վ է ճիշտ , որ հենց սահմանին հայկական դրոշի փոխարեն ռուսականն է, իսկ հայկական դրոշը մոտ 500 մետր հեռավորությամբ գտնվող մաքսայինի տանիքին է, աշխատակիցը հորդորեց այդ հարցը տալ ռուս սահմանապահ զորքերին, քանի որ նրանք ավելի հստակ կբացատրեն:

Վերջինս չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու մաքսայինի տանիքին գտնվող դրոշը ավելի ցածր դիրքում է գտնվում, քան Իրանի ու Ռուսաստանի դրոշները:

Ինչպես iLur.am-ը ավելի վաղ հայտնել էր՝ Մեղրիի անցակետում, հայ-իրանական սահմանը գծող Արաքս գետի վրայով ձգված կամրջի մի կողմում հայկական սահմանն է, մյուսում՝ իրանականը, սակայն iLur.am-ի թղթակցի վկայությամբ՝ Հայաստանի դրոշի փոխարեն ծածանվում է Ռուսաստանի դրոշը: Այնինչ Հայաստանի դրոշը Ռուսաստանի և Իրանի դրոշներից շատ ավելի ցածր բարձրությամբ նկատելի է միայն գրեթե 500 մետր հեռավորությամբ գտնվող մաքսայինի տանիքին:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Արա Աբրահամյանը ստել է ‘
Հաջորդ հոդվածը‘«Մշտապես բնակվող» հասկացությունն իրավական սահմանում կստանա ‘