‘Հայ քաղաքացու հետ անարժանապատվորեն վարվելու հիմնական գործոնը ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունն է ‘

2608

iLur.am-ի հետ զրույցում ասում է սոցիոլոգ Գայանե Ղազարյանը 

Գայանե՛, Մոսկվայում տեղի ունեցած դեպքը վրդովեց հայ հասարակությանը հատկապես այն ժամանակ, երբ Հրաչյա Հարությունյանին կնոջ խալաթով տարան դատարան: Դու ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեցիր, որ որևէ տղամարդու կարելի է նվաստացնել` կնոջ խալաթով դատարան տանելով, եթե տվյալ հասարակությունը այդ քայլը նվաստացուցիչ է համարում, այսինքն՝ խնդիրը մեր ընկալման մեջ է: Այնուամենայնիվ, դու կարծես դեմ չէիր այն մտքին, որ այդ քայլը հենց նվաստացման միտում է ունեցել, բայց ավելի շատ դեմ էիր մեր` նվաստացման մասին ողբալուն: Ես միանգամից հիշեցի մեր բոլոր ողբերը առ այն, որ մեզ նվաստացրին, մեզ սպանեցին, մեզ մորթեցին: Կարելի՞ է քո ասածը ընկալել հենց այդ համատեքստում, որ մեր նվաստացման մասին գոռալով` մեզ ավելի ենք խեղճացնում՝ ոչնչով չնպաստելով մեզ արժանապատիվ ընկալելուն: Կխնդրեի, որ մի քիչ մանրամասնես, մանավանդ որ քո գրառումը միանշանակ չընկալվեց:

— Երեկ ֆեյսբուքում տարածվեց մի նախաձեռնություն, որը կոչ էր անում հարգել մեր հայրենակցին և նրա մասին լուրերը մատուցել կոչին կցված նկարով. նկարը Հրաչյա Հարությունյանին պատկերում էր սովորական հագուստով: Իմ կոչը նույն տրամաբանության մեջ էր: Ծաղկավոր խալաթի շուրջ բավականին աղմկոտ ողբը և մասնավորապես Հրաչյա Հարությունյանին վերաբերող բոլոր լուրերը հենց ա’յդ խալաթը շեշտելով վերնագրելը մի կողմից նպաստում էր այդ նվաստացումը տարածելուն և իր նպատակին ծառայեցնելուն, մյուս կողմից տպավորություն էր ստեղծում՝ կարծես ծաղկավոր խալաթն այս միջադեպի ամենակարևոր դետալն է, մինչդեռ հենց Հրաչյայի հանդեպ վերաբերմունքի մեջ դա գլխավորը չէր: Գլխավորն այն էր, որ նրան արթնացրել էին բժշկական քնից և առանց թույլ տալու որևէ բան հասկանալ՝ բերման էին ենթարկել դատարան: Հայտնի է նաև, որ արթնանալուց հետո էր նա տեղեկացել՝ ինչ ողբերգության պատճառ է դարձել, և ընկել էր հոգեբանական ծանր վիճակի մեջ (ասում են նաև՝ ցանկացել էր ինքնասպան լինել), ինչը կարելի էր նկատել կադրերում, որտեղ նա անդադար լալիս էր: Նման անմարդկային վերաբերմունքը՝ հոգեբանական ու ֆիզիկական սթրեսի խորացումը, շատ ավելի կարևոր է, քան ծաղկավոր խալաթը, մանավանդ որ ծաղկավոր խալաթը սիմվոլիկ ժեստ է (ի տարբերություն ֆիզիկական ու հոգեբանական ծանր վիճակի), որի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանո՛վ այդ փաստը կշեշտվի, կշրջանառվի ու կտարածվի՝ երկրորդ պլան մղելով առարկայական խնդիրները: Բացի այդ, վստահ եմ, որ ենթադրյալ մեղադրյալն ինքը կգերադասեր որքան հնարավոր է քիչ հանրայնացվել նման կերպարով և դրա փոխարեն ստանալ շոշափելի աջակցություն. այսինքն՝ հարցը նաև հոգեբանական մոտեցում ցույց տալն է:

Խալաթի ողբը նաև բավականին հատկանշանակ էր հայ հանրային խոսքում երկրորդականը կարևորից զատել չկարողանալու հերթական դրսևորման իմաստով: Կրկին, ես չեմ պնդում, թե ռուսական կողմը (իրավապահները, թե այլ կառույց՝ պարզ չէ) նման խալաթով նվաստացման ցանկություն չի հետապնդել, բայց, եթե ուշադրություն դարձնենք այս ողբերգության բոլոր կողմերին, ապա առավել հատկանշական են այն ռեպորտաժներն ու հոդվածները, որոնք, պարունակելով փաստերի ակնհայտ աղավաղումներ, կողմնակալ դիրքորոշում և նույնիսկ կեղծիքներ, փորձում են ազգամիջյան թշնամություն հրահրել՝ դեպքի բազմազան պատասխանատուների մեղքը բարդելով մեկ հա՛յ անձի (սա հատուկ շեշտելով) վրա:

Կարևոր է նաև պատկան մարմինների արձագանքը. Պետդուման հանդես է եկել օրինագծով՝ խստացնելու օտարերկրյա վարորդների վարորդական իրավունքների ստացման հարցը՝ պարտադրելով նրանց վերահանձնել երթևեկման քննությունը և ստանալ ռուսական վարորդական իրավունք: Սա ցույց է տալիս, որ փորձ է արվում բոլոր պետական մարմինների բացթողումներն ու կոռուպցիոն մեխանիզմները անթեղել օտարերկրյա վարորդների ենթադրյալ ոչ պրոֆեսիոնալության մեղադրանքի տակ: Բայց արդեն այսօր պարզ է, որ մեքենան, որն այդ օրը տրվել է Հրաչյային վարելու, հավաքված է եղել 3 տարբեր մեքենաներից, ունեցել է արգելակման անսարք համակարգ և դուրս է եղել մեքենաների հաշվառումից: Բացի այդ՝ խաչմերուկը, որում տեղի է ունեցել վթարը, արդեն հայտնի է եղել բազմաթիվ վթարներով և լուսակրի բացակայությամբ: Գյուղի բնակիչները բազմիցս հնչեցրել են դա կարգավորելու հարցը, սակայն դա չի արվել (հիմա նոր կարվի): Այս երկու առումներով էլ գործ ունենք ճանապարհային ոստիկանության կա՛մ կոռուպցիայի, կա՛մ անգործության հետ:

Եվ այս դիպվածի շրջանակներում Պետդումայի կողմից վարորդական իրավունքների ստացման ընթացակարգը միայն օտարերկրյա վարորդների նկատմամբ խստացնելու վերաբերյալ նախաձեռնությունը կրկին փաստում է, որ և՛ կողմնակալ է, և՛ փորձում է հարցը շեղել համակարգում առկա իրական խնդիրները վերհանելուց… ի դեպ, այդ նախաձեռնությամբ նաև հավելյալ կոռուպցիոն ռիսկեր ստեղծելով համակարգում, քանի որ դժվար չէ կանխատեսել, որ վարորդական քննության վերահանձնումն ու ռուսական վարորդական իրավունքի ստացումը նույնպես կարող է գումարի «տեսքով» կատարվել:

Եվ չնայած այս ամենին՝ չեմ ցանկանում՝ տպավորություն ստեղծվի, թե բոլոր մեղքերը հանում եմ վարորդի վրայից, սակայն կարծում եմ, որ վարորդն ինքը բազմաթիվ հանգամանքների զոհ է, իսկ կատարվածը՝ միանշանակ ողբերգություն:

Ռուսական մամուլում նկատելի է խիստ հեգնական և վիրավորական վերաբերմունք Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Եթերում անընդհատ շեշտվում է «հայ վարորդ» բառակապակցությունը՝ շատ հաճախ չնշելով մարդու անունը: Դու սա սովորական ռասի՞զմ ես համարում, թե՞«խիստ բարեկամական վերաբերմունք» հենց հայերի նկատմամբ:

— Այն, որ վարորդի ազգությունը պետք է նշվեր, անխուսափելի է և նրա անձի վերաբերյալ զուտ տեղեկատվություն հաղորդելու առումով նորմալ է: Ի վերջո այլ դիպվածների դեպքերում նույնպես նշվում է, թե այսինչ ենթադրյալ հանցագործը կամ տուժողը այսինչ մարզից կամ քաղաքից է: Մեր լրատվության մեջ էլ է դա արվում. այսինչ մեղադրյալը, օրինակ, Վանաձորից է: Նույն կերպ ռուսական մամուլում նշվում է, որ վարորդը ՀՀ քաղաքացի է: Սա ես չեմ կարող ռասիզմ համարել: Ռասիզմն այդ տեղեկատվությունն ինչպե՛ս օգտագործելն է: Այ այստեղ է, որ նկատվում են ռասիստական նոտաներ: Եվ դրա ամենավառ դրսևորումը Պետդումայի արձագանք-նախաձեռնությունն է՝ ուղղված «օտարերկրյա» վարորդների հանդեպ օրենքի խստացմանը՝ անտեսելով ՌԴ քաղաքացի վարորդների առաջացրած բազմահազար վթարները և այդ հարցը կարգավորելու անհրաժեշտությունը:

Ռասիստական դրսևորումներ կան նաև ԶԼՄ դաշտում, որտեղ օրինակ «Ռոսիա 1» հեռուստաալիքը ռեպորտաժ է թողարկել ակնհայտ վիրավորական ու կողմնակալ բառապաշարով՝ ըստ որի վարորդը «բառաչում էր», «դերասանություն անում» և արդեն մեղավոր էր հռչակվել… Իսկ ռեպորտաժի հղումը այդ օրերին փակ էր Հայաստանի համար:

Որոշակի ռասիստական դրսևորումներ կան նաև շարքային քաղաքացիների շրջանում, որոնք խոսում են «սև կապիկների», «սևաքամակների» և այլ «կովկասցիների» մասին՝ շեշտելով, որ նրանք են ՌԴ-ի միակ հանցագործները, մինչդեռ ռուսների (ազգի, այլ ոչ քաղաքացիների) շրջանում հանցագործներ չկան:

Իսկ թե այս ամենը ուղղակի ռասիզմ է թե քայլ` ուղղված «ռազմավարական դաշնակցին»,կարծում եմ՝ երկուսն էլ: Կարծես ՌԴ-ում պետական մակարդակում նկատվում են ռասիստական քարոզչության տարրեր. ի դեպ, այս դեպքի առիթով ամենասկանդալային ռեպորտաժի լրագրողուհին՝ Օլգա Սկաբեևան, ՌԴ-ում հայտնի է «պուտինյան TV-ի երկաթյա տիկնիկ» մականվամբ, ուստի պատահականություն չի կարելի համարել հենց իշխանական հովանավորության տակ գտնվող ԶԼՄ-ների կամ լրագրողների կողմից ազգամիջյան թշնամանք հրահրող քարոզչության իրագործումը:

Ներկայիս ռասիստական քարոզչությունը սովետական դավադրամոլական քարոզչության օրգանական մասն է, քանի որ դրանով չափազանց հեշտ է արհեստական թշնամիներ ստեղծել ու բոլոր դժբախտությունների, ձախողումների մեղքերը դրանց վրա բարդելով՝ կանխել իրական հասարակագիտական, քաղաքագիտական, տնտեսագիտական և այլ վերլուծություններով անհարթ մեխանիզմների դուրսհանումը, որով հարցերի լուծումը կստանար ներքին, այլ ոչ արտաքին բնույթ: Ճիշտ ինչպես սովետում ԱՄՆ-ն, Եվրոպան, մասոններն ու այլ «դավադիր ուժեր» էին ամեն ինչում մեղավոր՝ ընդհուպ մինչև արդեն բոլոր ոլորտներում քայքայված սովետական համակարգի փլուզումը, այնպես էլ հիմա ՌԴ-ում (և առհասարակ հետսովետական երկրներում) նույն «բարի ավանդույթով»՝ այլազգիները, կովկասցիները, մասոնները, սիոնիստները կամ Արևմուտքն են մեղավոր, այլ ոչ բացակա լուսակիրը, անգործ ճանապարհային ոստիկանությունը, կոռուպցիան և այլնը:

«Ռազմավարական դաշնակցի» հանդեպ «հատուկ» վերաբերմունքն ընդհանուր ռասիզմի քարոզի մեջ շեշտվում է նրանով, որ տեղավորվում է ՀՀ-ի ֆորպոստացման առարկայական քայլերի ու քարոզչության համատեքստում:

Այստեղ ամեն դեպքում հարկ եմ համարում շեշտել, որ ռուսական կողմից նույնպես եղել են բազմաթիվ ադեկվատ ռեակցիաներ (սակայն ավելի շատ կարծես ոչ իշխանական շրջանակներից), որոնք հիմնված են եղել ոչ թե ռասիստական կոչերի, այլ իրերի օբյեկտիվ և սթափ վերլուծության, մեղավորների բազմակողմանի քննարկումների վրա:

-Այս օրերին խիստ արդիական է Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը: Հոդվածում մի միտք կա. «Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի»: Համամի՞տ ես, որ նաև մենք ենք մեղավոր մեզ հետ այսպես վարվելու համար: Եթե Ռուսաստանում իմանային, որ հայերը չեն հանդուրժելու նման վերաբերմունք, դժվար թե համարձակվեին նման կերպ վարվել Հայաստանի քաղաքացու հետ, մանավանդ որ Ռուսաստանում բազմաթիվ հայեր են ապրում, սակայն որևէ արձագանք կարծես թե դեռ չկա:

-Քո նշած միտքը կիրառելի է ոչ միայն Ռուսաստանի, այլ ցանկացած պետության հետ ցանկացած պետության հարաբերությունների համատեքստում: Բնական է, որ եթե Ռուսաստանը չունենար ՀՀ-ի գաղութացման զգալի ռեսուրսներ և իրացրած չլիներ այդ ռեսուրսների զգալի մասը (ռազմաբազաներով, կապի միջոցների մենաշնորհմամբ և այլնով), և ամենակարևորը՝ ՀՀ իշխանությունը չլիներ ոչ լեգիտիմ, Ռուսաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալու հավանականությունը կնվազեր:

Բայց դու նշում ես «հայերի չհանդուրժելու» մասին, իսկ «հայերը» գոնե այս դեպքը չեն հանդուրժել, և հանրային արձագանքը բավականին արագ ու կազմակերպված է եղել՝ սկսած ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիաներից, վերջացրած վարորդի ընտանիքին ֆինանսական աջակցությամբ և հաշվեհամարներ բացելով:

-Հրաչյա Հարությունյանը, աշխատանք չգտնելով Հայաստանում, մեր բազմաթիվ հայրենակիցների նման ստիպված է եղել աշխատել Ռուսաստանում՝ այս դեպքում իր որդու տապանաքարի համար գումար վաստակելու նպատակով, այնինչ ընտրություններից առաջ իշխանությունները խոստանում էին ապահով Հայաստան: Որքանո՞վ են մեղավոր Հայաստանի իշխանությունները ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, եթե հենց իրենք են շատ հաճախ նման վերաբերմունք ցուցաբերում իրենց քաղաքացիների նկատմամբ, և արդյո՞ք Հայաստանի իշխանությունների նման վարվելակերպը հիմք է դառնում, որ օտար պետությունում հայ քաղաքացու հետ անարժանապատվորեն վարվեն:

-Հայ քաղաքացու հետ անարժանապատվորեն վարվելու հիմնական գործոնը նախ և առաջ ՀՀ-ի իշխանությունների ոչ լեգիտիմությունն է և իշխանության ձեռքբերման ճանապարհին հանցագործությունների՝ սպանություններ, բռնաճնշումներ, ահաբեկումներ, քաղբանտարկյալներ և այլն, իրագործումը, որոնք պարտակելը միջազգային արենայում զիջումներ և տևական «վճարներ» է պահանջում՝ վերածվելով մշտական կոմպրոմատի: Մշտական կոմպրոմատի տակ եղած կառավարությունը չի կարող անվտանգության երաշխիք լինել սեփական քաղաքացիների համար ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս, քանի որ օբյեկտիվորեն այլևս չի տիրապետում դա ապահովելու լծակներին:

Պարզվեց, որ Հրաչյա Հարությունյանի դատական գործով նշանակված դատախազը հայ է: Արդյո՞ք սա պատահական նշանակում է, թե՞ հատուկ քաղաքականության հետևանք:

-Հայ դատախազի նշանակումը կարելի է երկու կողմից դիտել:

Մի կողմից դա ՌԴ-ի՝ գաղութացնող ու ստորացնող քաղաքականությունը հայերի ձեռքով իրագործելու քաղաքականության մասն է, որի սկիզբը դեռ Լենինի կողմից մշակված քաղաքականությունն էր՝ առաջ տանել «փոքր» (կամ ավելի ճիշտ՝ ոչ ռուս) ազգերի ինքնորոշման թեզը՝ ռուս գործիչների, իսկ «փոքր» ազգերի՝ Ռուսաստանին միանալու թեզը՝ տվյալ «փոքր» ազգի գործիչների միջոցով՝ պատրանք ստեղծելու, թե «մեծ» հեղափոխականները կողմնակից են հարգելու «փոքր» ազգերի անկախությունը, իսկ «փոքր» ազգերն իրե՛նք են ցանկանում հրաժարվել իրենց անկախությունից և (ըստ լենինյան ծրագրի) ձուլվել «եղբայրական ռուս ազգին»: Ճիշտ այնպես, ինչպես արդեն ներկայումս ՀՀ-ի անկախության վերացման մասին քարոզելու են գործուղում կուրղինյաններին կամ խոսեցնում հայկական ազգանվամբ ռուսաստանաբնակ հանրային անձանց:

Սակայն մյուս կողմից՝ հայ դատախազի նշանակումը կարող է և հակառակ էֆեկտը ունենալ՝ մեղմելով հակահայկական տրամադրությունները: Քանի որ շեշտն այժմ դրվում է «կովկասցիների» վնասատվության վրա, ապա տուժածների շահերի տեսանկյունից հանդես եկող և Հրաչյա Հարությունյանին մեղադրող հայազգի դատախազը կարող է քանդել այդ պատկերը՝ ցույց տալով, որ ինչպես անարդարությունը (այստեղ ամեն դեպքում շեշտենք, որ մեղքը վարորդի հանդեպ դեռ հաստատված չէ), այնպես էլ արդարությունը կարող է հաստատվել «այլազգիների» միջոցով, ուստի նման դիպվածները ազգություն չեն ճանաչում:

-Ըստ քեզ՝ այս դեպքը և դրա շուրջ առաջացած բողոքը ինչ-որ դեր կունենա՞, որ հայերի միջից թեկուզ մի փոքր չափով վերանա օտարամոլությունը, թե՞ մի քանի օրից կրքերը կհանդարտվեն, և ոչինչ էլ չի փոխվի, ինչպես սովորաբար լինում է:

-Ճիշն ասած՝ ես չեմ համաձայնի, թե հայերին բնորոշ է օտարամոլությունը, որովհետև օտարամոլություն նշանակում է ցանկացած «օտարի» հանդեպ հակվածություն, մինչդեռ հայ հասարակության շրջանում մեծ տարածում ունեն դավադրական տեսությունները (որոնք հենց օտարավախություն են ցույց տալիս), հակաարևմտյան տրամադրությունները և նույնիսկ որոշակի ազգակենտրոնություն՝ ազգի ոչ ռացիոնալ գերագնահատմամբ: Այլ բան է, որ հայ հասարակության մեջ տարածում ունի բավականին կարծրացած ռուսամոլություն, որը պատմական դեպքերի կամ ներկայումս տեղի ունեցող գործընթացների ֆոնին հիմնականում չի վերաիմաստավորվում:

Եվ այնքան ժամանակ դա տեղի չի ունենա, քանի դեռ քաղաքական կամ սոցիալական մտածողությանը փոխարինում են միֆականն ու իռացիոնալը: Քո նշած «օտարամոլությունը» կամ իմ նշած իռացիոնալ որևէ «մոլությունը» կարող է հաղթահարվել ոչ թե մեկանգամյա բողոքի դիպվածներով, այլ դիպվածները վերլուծելով, հայաստանակենտրոն համակարգված կոնցեպցիայի մեջ տեղավորելով և այն շրջանառելով: Հայ հասարակության շրջանում դեռ սովետական շրջանից արմատավորվել են պետության, պետական քաղաքականության, պետությունների միջև հարաբերությունների մասին իռացիոնալ, գաղութական և ոչ հայաստանակենտրոն պատկերացումներ, որոնք ամրապնդվել են «բանասիրական» պատկերներով, կենացային բառապաշարով ու իռացիոնալ թիրախներով: Ուստի մեկ կամ նույնիսկ մի քանի դիպվածը չեն կարող հաղթահարել աշխարհայացքի մակարդակում տիրող ոչ ադեկվատությունը: Դրա համար պետք է ժամանակ, նույնիսկ սերնդային փոփոխություն՝ համապատասխան կրթության մատուցմամբ, վերլուծական աշխատանքով, մեխանիզմների մշակմամբ ու գործադրմամբ:

Ռիմա Գրիգորյան 

Նախորդ հոդվածը‘«Անթրաշ» գյուղապետը՝ մարզպետին. Գնացեք, նախ, Տիգրան Սարգսյանին թրաշեք’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ օմբուդսմեն. Հրաչյա Հարությունյանի գործին ընթացք տալու համար նրա դիմումն է պետք’