‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1162

Շաբաթվա ընթացքում՝ Չեմպիոնների լիգա, իսկ շաբաթվա ավարտին՝ հանդիպումներ, որոնք իրենց լարվածությամբ կարող են գերազանցել ՉԼ-ի բազմաթիվ հանդիպումների: Քաթարառուսական ֆինանսների բախում Ֆրանսիայում, հռոմեական դերբի Իտալիայում և մանչեստերյան «Պրեմիեր լիգայում», այս ամենը և ավելին՝ iLur.am-ի ամենշաբաթյա հանգստյան օրերին տեղի ունենալիք հանդիպումների անոնսում:

«Շալկե 04» — «Բավարիա»

Շաբաթ, ժամը 20:30

Գվարդիոլան շարունակում է հաղթանակներ տանել, բայց Սամերը ամեն խաղից հետո որոշում է ավելի հրահրող հայտարարություններ անել, որոնք իրենց մեջ պարտադիր ակնարկներ են պարունակում կատալոնացու հասցեին: Գվարդիոլան նույնպես չի լռելու, և արդեն իսկ ցույց է տալիս դա: Սրանք խնդիրներ են,  և շատ քիչ թիմերի է հաջողվում այնպես անել, որ դրանք չանդրադառնան խաղադաշտում ֆուտբոլիստների գործողությունների վրա: Իսկ այստեղ «Բավարիան» կատարյալ չէ՝ ի տարբերություն անցյալ մրցաշրջանի: Որքան էլ  Ռոբենը պնդի, որ Պեպի հետ նույնիսկ մարզումներից են հաճույք ստանում, խոտածածկի վրա տպավորություն կա, որ ոչ բոլորն են ներդաշնակ Գվարդիոլայի փիլիսոփայության հետ:

«Շալկեն» 3 խաղ է, ինչ հաղթում է, բայց «Բավարիայի» դեմ նույնիսկ ոչ-ոքին կարելի կլինի լավ արդյունք համարել: Հանդիպումը հետաքրքիր է նաև Բոատենք եղբայրների հերթական հակամարտությանբ՝ երկուսն էլ լավ մարզավիճակում են, բայց նրանց անձնական հարաբերությունները շարունակում են հեռու մնալ լավը համարվելուց:

«Ռոմա» — «Լացիո»

Կիրակի, ժամը 17:00

«Ռոման» հաղթանակների քաղց ունի, և մեկնարկային 3 տուրերում թիմի խաղը դա ապացուցում է, «Ռոման» նաև առանձնապես դերբիում հաղթանակի քաղց ունի, քանի որ «Լացիոյի» դեմ վերջին 5 հանդիպումներում հաղթանակ չի տարել՝1 ոչ-ոքի և 4 պարտություն, որոնցից վերջինը՝ Իտալիայի գավաթի եզրափակչում: Բայց Ռուդի Գարսիայի այս «Ռոման» հենց այն թիմն է թվում, որը կարող է փոխել վիճակագրությունը: Ընդհանրապես՝ Հռոմում երկար փնտրտուքներից հետո վերջապես հենց իրենց հարմար մարզիչ են գտել, ով, ի տարբերություն նախորդների, նաև պաշտպանությունում խաղ կառուցել գիտի՝ 3 խաղերում թիմը խփել է 8 և բաց թողել ընդամենը 1 գոլ՝ ամենաքիչը Իտալիայում: Եթե Կլոզեից և իր խաղընկերներից «գայլերի» մոտ թերարժեքության կոմպլեքս չի հասցրել ձևավորվել, նրանք ամեն ինչ ունեն հաղթանակի հասնելու համար:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Մանչեստեր Սիթի»

Կիրակի, ժամը 19:00

Անհարմար պահ դերբիի համար: Անհարմար՝ երկու թիմերի համար էլ, հետաքրքիր կլիներ վերջին 2 մրցաշրջանների «Պրեմիեր լիգայի» չեմպիոնների դերբին խաղացանկով լիներ այն ժամանակ, երբ «Յունայթեդը» որոշակիորեն կհամարվեր Մոյեսին, իսկ «Սիթին» Պելեգրինիինը: Այս պահին դեռ երկու թիմերն էլ կայացման փուլում են: «Յունայթեդը» հաղթանակների է հասնում իր առաջատարների՝ Վան Պերսիի և Ռունիի կարգի շնորհիվ, «Սիթին» էլ, հանդիպելով բացարձակապես ետնապահներին, արդեն իսկ կորցրել է 5 միավոր: «Լիվերպուլը» ուշ թե շուտ կսկսի միավորներ կորցնել, «Չելսիում» էլ սկսում են կոնֆլիկտներ հասունանալ. այլ կերպ հնարավոր չէր Մոուի հետ: Այս իրավիճակում հաղթանակը, բացի մրցաշարային աղյուսակի տեսանկյունից՝ նաև հաղթողի կողմից ծանր հարված կարող է դառնալ պարտվողի համար:

«Միլան» — «Նապոլի»

Կիրակի, ժամը 22:45

«Նապոլին» անցյալ խաղաշրջանում փոխարինեց «Միլանին»՝ որպես Իտալիայի երկրորդ թիմ, և Բենիտեսի գլխավորությամբ՝ կարող է հավակնել նաև Յուվեին փոխարինելու, բայց դրա մասին՝ մայիսին: Իսկ հիմա Ալեգրիին «Միլանում» տանջում են վնասվածքներն ու Իտալիայի ազգային հավաքականում Պրանդելլիին փոխարինելու մտքերը: Նրա սաները արդեն սպասվածի նման վատ են մեկնարկել «Սերիա Ա-ում», բայց ՉԼ-ում «Սելտիկի» նկատմամբ հաղթանակը պետք է որ վերադարձնի սեփական ուժերի հանդեպ վստահությունը: «Նապոլին» կազմի խորություն ունի և նույնիսկ ռոտացիայի դիմելու դեպքում նրանք բացահայտ ֆավորիտ են, բայց կիրակի երեկոյան կարող է տեղի ունենալ ամեն ինչ:

«Վալենսիա» — «Սևիլյա»

Կիրակի, ժամը 23:00

Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, Բարսան 3 միավոր կվաստակի «Ռայո Վալեկանոյի» դեմ, իսկ «Ռեալը» նույնը կանի մինի մադրիդյան դերբիում՝ «Խետաֆեի» դեմ: Այնպես որ՝ Իսպանիայում տուրի կենտրոնական հանդիպումը հենց «Վալենսիա» — «Սևիլյան է: Խաղ որտեղ կարող է որոշվել Միրոսլավ Ջուկիչի ճակատագիրը, այն թիմի դեմ, որը գլխավորում է «Վալենսիային» վերջին շրջանում ամենալավը հարմարված՝ Ունաի Էմերին, որի թիմը, անցյալ խաղաշրջանի վերջին տուրում 4-3 հաշվով հաղթելով «չղջիկներին», զրկեց նրանց ՉԼ-ին մասնակցելուց: Ֆինանսական սպասվող խնդիրներին «Վալենսիայում» հետևեց հերթական առաջատարների վաճառքը, որին էլ հաջորդեց Ջուկիչին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը, և վերջապես, հինգշաբթի օրվա «Սուոնսի» դեմ խաղը, որը վերջնականապես հաստատեց՝ «Վալենսիան» ճգնաժամի մեջ է, և դա կարող է երկար տևել: Այսքանով «Վալենսիայի»՝ նման իրավիճակում հայտնվելու պատճառահետևանքային շրջանը փակենք:

Ինչ վերաբերում է «Սևիլյային», նրանք ավելի վատ վիճակում են՝ 4 խաղից հետո վաստակելով ընդամենը 2 միավոր: Էմերին 11 նոր խաղացողներով, առանց Մեդելի, Կոնդոգբիայի, Նեգրեդոյի և Նավասի, փորձում է նոր թիմ կառուցել, որը, օրինակ, կարողանում է 2-0-ից 2-2 դարձնել հաշիվը «Կապ Նոուում»: Ինչևէ, «Մեստալյայում» երկու թիմերն էլ խաղալու են միայն 3 միավորի համար:

ՊՍԺ — «Մոնակո»

Երկուշաբթի, 23:00

Ֆրանսիայի առաջնության առաջին կեսի կենտրոնական հանդիպումը (երկրորդ շրջանինը կարող է վերածվել ամբողջ առաջնության կենտրոնական հանդիպման)՝ «միլիոնների մենամարտը»:

Բլանի ՊՍԺ-ն այդքան էլ լավ տեսք չունի և չնայած դեռևս պարտություն չի կրել մեկնարկած հանդիպումներից՝ երևում է, որ նման խաղով բարդ կլինի կրկնել անցյալ մրցաշրջանի արդյունքները՝ հաղթանակ առաջնությունում և 1/4-րդ փուլ ՉԼ-ում: Իսկ «Մոնակոն», առանց ավելորդ ճնշման և ծախսելով մինիմալ ուժեր՝ Ֆալկաոյի շնորհիվ շարունակում է անհրաժեշտ միավորներ վաստակել «Լիգա 1-ում»:

Ֆակաոյի և Կավանի  միջև համեմատություն անցկացնելու սիրահարները կարող են քննարկումների և եզրահանգումների համար մեծ չափաբաժին ստանալ:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանին սուլել են. «Ամո՛թ ա, ամոթ», «Տե՛ս ի՞նչ ա գրած միրուքիդ տակ»’
Հաջորդ հոդվածը‘Մենք կանգնած ենք պատմական իրադարձության շեմին. Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը.1991 թվական’