‘ Հանդուրժում եք Սերժին՝ հանդուրժեք նաեւ շրխկան ապտակները’

1614

Այսօր Ադրբեջանի նավթագազային ընկերությունը՝ SOCAR-ը, հերթական շրխկան ապտակն է հասցրել Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանին»: 

SOCAR-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն ՝ Ռուսաստանից «քցված» Հայաստանը դեռ կարող է հուսալ իր հարեւան Ադրբեջանի օգնությանը: Ընդ որում՝   մանրամասնվել են բոլոր այն պայմանները, որոնք կատարելու դեպքում  «մշտապես համաձայնության եւ խաղաղության մեջ կողք կողքի ապրած Ադրբեջանը» օգնության ձեռք կմեկնի հարեւան Հայաստանին: Հայաստանին, որն «առաջ ընթացավ անջատողականության, ազգայնականության, ագրեսիվ քաղաքականության ճանապարհով՝ օկուպացնելով ադրբեջանական հողերը եւ  1 միլիոն ադրբեջանցիների ստիպելով լքել իրենց տները»:

Այնուհետ հավելելով, թե անտեսելով բոլոր միջազգային օրենքները՝ «Հայաստանն այսօր էլ պատաստակամ չէ ազատել օկուպացված հողերը», SOCAR-ը պնդում է, թե այդկերպ Սերժ Սարգսյանի վարչակազմը «հանդես է գալիս իր իսկ ժողովրդի շահերի դեմ, ինչպես նաեւ՝ խանգարում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:

Հիմա, իհարկե, SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը նորմալ երկրում անմիջապես կպատժվեր՝ իրեն առնվազն Հեյդար Ալիեւ զգալու եւ հատկապես այդ դիրքերից մի շաբաթում երկու հայտարարություն անելու համար, բայց քանի որ Ադրբեջանում էլ մերոնցից պակաս երեւելիներ չեն բազմած «գահին», Աբդուլլաեւը ոչ միայն չի պատժվի, այլեւ, որքան հասկացանք արձագանքներից, համարյա Ռամիլ Սաֆարովի նմանությամբ ազգային հերոս կհռչակվի շատ շուտով՝ երկիրը կործանման եզրին հասցրած Սերժ Սարգսյանի ու նրա վարչակազմի վրա այսօրինակ հռհռոցի համար…

Տե՛ղն է մեզ: Հանդուրժեցի՞նք Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ում, ուրեմն, պիտի պատրաստ լինենք ինչ-որ Աբդուլաեւի հանդուրժել: Դատեք ինքներդ. ինչ ասես արժի հայտարարության այս մի տողն՝ օրինակ. «Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը, մասնավորապես, օկուպացված հողերի նկատմամբ, հանդես գա հակամարտության խաղաղ կարգավորման եւ, ամենակարեւորը՝  Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, կարող է ներգրավվել տարածաշրջանային եւ գլոբալ մասշտաբի էներգետիկ ծրագրերում: Եթե վերոնշյալ պայմանները իրականացվեն՝ Ադրբեջանը կարող է դիտարկել Հայաստանին գազ մատակարարելու խնդիրը »:

Այնուհետ մի անգամ եւս հիշեցնելով, թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել Հայաստանը, SOCAR-ի հայտարարության մեջ հերթով մատնանշվում են բոլոր այն կարեւոր տարածաշրջանային ծրագրերը, որոնց անդամակցում, կամ որոնք ղեկավարում է Ադրբեջանը՝ ՏրանսԱնատոլիական գազախողովակ, Հարավային գազայաին միջանցք, Բաքու-Ջեյհան, Շահ-Դենիզ եւ այլն, ու բարձրաձայնելով, թե Ադրբեջանը հումանիստական երկիր է, Սերժ Սարգսյանին առաջարկվում է «ձեւակերպել օգնության խնդրանքը»:

Սա, անկասկած, սկանդալ է ու խայտառակություն բոլորիս համար: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ չնայած Ադրբեջանը չի հայտարարել Վրաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելու մասին, բայց  հազար խորանարդ մետր գազն այդ երկրին տրամադրում է  230 դոլարով, իսկ ահա Ռուսաստանը, որն, իբր, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանին գազ է տրամադրում 315 ԱՄՆ դոլարով:

Այսքանից հետո էլ ինչու՞ զարմանալ, որ Հեյդար Ալիեւի աշխատակազմը լիովին հավանություն է տվել SOCAR-ի հայտարարությանը՝ արտաքին կապերի պատասխանատու Նոզրուզ Մամեդովի շուրթերով հայտարարելով, թե «Հայաստանն ինքն էլ է հասկանում, որ հայտնվել է անելանելիության մեջ եւ այդ պայմաններում հարկ է, որ կառուցողականություն հանդես բերի Ադրբեջանի հետ հարաբերություններում»:

Ամեն բան պարզ է. Բաղրամյան 26-ում հանդուրժում ենք Սերժ Սարգսյանին, ուրեմն, պիտի հանդուրժենք նաեւ մեր դեմքին օրնիբուն իջնող շրխկան ապտակները …

Գոհար Սիմոնյան

 

 

Նախորդ հոդվածը‘Աննա Հարությունյան. «Ինձ շատ վիրավորված զգացի…». Ամենաընթերցված ‘
Հաջորդ հոդվածը‘Էկվադոր-Արգենտինա՝ Ուղիղ’