‘Աննա Հարությունյան. «Ինձ շատ վիրավորված զգացի…». Ամենաընթերցված ‘

4262

iLur.am-ը այսուհետ սկսում է նոր շարք՝ «Ինչ են ընթերցում կայքերում» խորագրով: Մենք ընտրել ենք ըստ Circle.amի՝ ամենաշատ դիտումներ ունցող տասը կայքեր, որոնց ամենաշատ ընթերցված նյութերը կներկայացնենք ձեզ ամեն երեկո: Այս խորագրով մենք նաեւ կփորձենք հասկանալ, թե ինչն է ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում հայկական էլեկտրոնային ԶԼՄներում, եւ որ նյութերն են նախընտրում կարդալ: Վերնագրերում այն ձեզ կներկայացնենք՝ «Ամենաընթերցված» վերտառությամբ: iLur.am-ը պատասխանատվություն չի կրում այս խորագրի ներքո հրապարկվող նյութերի իսկության եւ բովանդակության համար: Այդ նյութերը կարող են նաեւ չհամընկնել iLur.am-ի խմբագրության տեսակետների հետ

esyes.am. Աննա Հարությունյան. «Ինձ շատ վիրավորված զգացի…»

Դերասանուհի Աննա Հարությունյանի անձնական կյանքի մասին esyes.am-ը պատմելու առիթ ունեցել է: Այս շրջանում նա հանդես չի գալիս սերիալներում, սակայն թատրոնում օրերս ներկայացավ «8 սիրագորով կանայք» ներկայացմամբ, բացի այդ, Աննան մեկ այլ զբաղմունք էլ է գտել իր համար: esyes.am-ն այս և այլ թեմաներով  զրուցել է դերասանուհու հետ:

Երկար ժամանակ էկրաններին լինելուց և հեռուստասերիալներում հանդես գալուց հետո դադար առար: Ինչո՞վ էր դա պայմանավորված` արդյոք երկար ժամանակ էկրաններին լինելը քեզ սպառելու  վտա՞նգ էր ներկայացնում:

— Կարծում եմ՝ պարտադիր չէ միշտ եթերում լինելը, թեև պետք է ասեմ, որ երբեք դեմ չեմ եղել դրան:  Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունն ու ամեն օր ուրախանում եմ այն փաստով, որ զբաղվում եմ դրանով թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում: Հեռուստատեսությունից պարզապես  չստացա այն առաջարկները, որոնք ինձ կհետաքրքրեին: Եթե տվյալ պահի հոգեվիճակիս համապատասխան ինձ դեր առաջակեն, անպայման կհամաձայնեմ, որովհետև կարծում եմ, որ միշտ էլ նորովի ներկայանալու հնարավորություն ունեմ: Թեև հաճախ խոսվում է այն մասին, որ դերասանները «կրկնվում» են, բայց եթե դերասանն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, կարող է փոխվել 180 աստիճանով: Դրա օրինակը ես ունեցել եմ «Երևան-Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում: Շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ ինձ չեն կպցրել «սերիալային դերասանուհի» պիտակը:

Ո՞րն է քո հոգեվիճակին համապատասխան դերը:

— Հեռուստադիտողները սովոր են ինձ տեսնելու տխուր, իսկ թատրոնի ռեժիսորներն ու հանդիսատեսը՝ կատակերգական կերպարներում: Թատրոնի իմ խաղացանկում երբեք մելոդրամա չեմ ունեցել. հիմա սրտումս մեծ սեր կա, որը փորձում եմ կիրառել նաև բեմում և ինձ տեսնում եմ սիրո հրաշալի պատմության մեջ: Հոգեվիճակս այդպիսին է: Երբևէ չեմ մտածել, որ սիրահարի կերպար մարմնավորելու ցանկություն կունենամ, որովհետև մինչև սիրահարվելս կարծում էի, որ դա այնքան էլ հետաքրքիր աշխատանք չէ: Սակայն հիմա, երբ ամբողջությամբ վայելել եմ սիրո զգացումը, կարծում եմ` ամենաբարդն իսկական սիրահարի մարմնավորելն է:

 Կա՞ն հստակ կերպարներ, որոնց մասին երազում ես:

 -Ես ինձ երբեք չեմ ների, եթե 40-50 տարեկանում հետ նայեմ ու հասկանամ, որ իմ ուզած դերերից մեկը չեմ խաղացել: Կա մի պիես, որն առաջիկայում կբեմադրվի, սակայն այդ մասին չեմ խոսի, քանի որ չափազանց վախենում եմ. ես ունեի երազած պիես, որի մասին խոսեցի, և այն բեմադրեցին ու այլանդակեցին: Այս պիեսի համար նույնիսկ գլխավոր հերոսին եմ ընտրել. բոլորին շատ հայտնի, հրաշալի դերասան է, թեև նա դեռ չգիտի, որ ես իրեն ընտրել եմ 🙂 Շատ ուրախ կլինեմ, եթե ինքը համաձայնի: Երազածս երկրորդ կերպարը, որը մինչև 35-40 տարեկանում դեռ կարող եմ խաղալ, Մարգարիտ Գոթյեի կերպարն է:

Ոչ բոլոր հեռուստադիտողներն են դերասաններին ճանաչում նաև թատրոնից: Հեռուստատեսությունում լիարժեք ներկայանալու հնարավորություն ունե՞ս:

— Ես բոլորին հրավիրում եմ թատրոն: Ֆելլինին ասում է. «Ֆիլմը ստեղծվում է սցենար գրելիս և մոնտաժ անելիս, դերասանը ընդամենը  խաղալիք է, իսկ թատրոնում` լիարժեք տեր»: Եղել են դեպքեր, երբ ֆիլմում, իմ կարծիքով, հրաշալի տեսարան եմ խաղացել, սակայն հետո երբ դիտել եմ այն, հասկացել եմ, որ այդ հրաշալիից տեսախցիկը ոչինչ չի վերցրել: Բոլորին թվում է, թե դերասաններն իրենց արածի մասին բարձր կարծիք ունեն, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ` ես ինձ չափազանց քննադատորեն եմ վերաբերվում: 

Սերիալներում գլխավոր դերեր չես մարմնավորել: Հեռուստատեսությունում գնահատվա՞ծ ես:

— Գոհ եմ, որ գլխավոր դեր չեմ ունեցել, քանի որ դա մեծ հերոսություն է: Ես ծափահարում եմ բոլոր նրանց, ովքեր գլխավոր կերպարներում են հանդես գալիս, ու նաև ցավակցում եմ, որովհետև առաջին հերթին վտանգում են իրենց առողջ ու գեղեցիկ տեսքը: Ստվերում մնալը ճիշտ է. ժամանակն է ծնում իր հերոսներին: «Աննա» սերիալում գլխավոր կերպարում լինելը ինձ համար կարող էր ճակատագրական լինել. այդ նույն ժամանակահատվածում ես սովորում էի վերջին կուրսում և պատրաստում էի դիպլոմային աշխատանքս` «Մակբեթը», և ահա ինձ բաժին ընկավ գլխավոր հերոսուհու քրոջ կերպարը, որը սերիալային իմ լավագույն կերպարն է: Կարծում եմ՝ դիպլոմային  աշխատանքը պետք է ամենալավը լինի, քանի որ որպես դերասանուհի՝ քո անցաթուղթն է դառնում: Ես այդ օրն ապացուցում էի` արժանի՞ եմ կարմիր դիպլոմի, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ուսումն ամենակարևորն է: Ես Արմեն Մազմանյանի արվեստանոցն եմ ավարտել և, երբ չորրորդ կուրսում էի, սրտի դողով մոտեցա նրան ու հարցրեցի` թույլ կտա՞ք սերիալում նկարահանվեմ: Եթե ինքը մերժեր, ես չէի համաձայնի: Ցավում եմ, որ այսօրվա ուսանողությունը միայն փողի մասին է մտածում: Իհարկե, անհրաժեշտ է գումար վստակել, բայց նախ պետք է լավ մասնագետ դառնալ: Առաջին կուրսի ուսանողին կարող ես ներկայացման մեջ խաղալու առաջարկ անել, ու նա միանգամից գումարի մասին խոսի. թեպետ ոչ բոլորն են այդպիսին: Ես մինչև հիմա ունեմ ներկայացումներ, որոնցում գումարի մասին խոսք լինել չի կարող:

Որքան էլ չկարևորես հոնորարները, ապրելու համար միջոցներ են պետք: Լա՞վ ես վարձատրվում:

— Մեկն ասել է` ինչու ապրել վատ, եթե կարելի է ապրել լավ. այսօր գումարը մեծ նշանակություն ունի մարդավայել ապրելու համար: Դեմ  եմ այն մտքին, որ արտիստը պետք է սովի մատնված ապրի, որպեսզի արվեստի գործեր ստեղծի: Եթե պետք է, ես կարող եմ կոտրտված եղունգներով և կեղտոտ մազերով խաղալ, բայց ինչ վերաբերում է որպես արտիստ ներկայանալուն՝ ես պետք է միշտ անթերի լինեմ. դա իմ պարտքն է հասարակության առաջ, իսկ դրա համար, ցավոք, գումար է անհրաժեշտ: Ես դժգոհ չեմ հեռուստատեսային իմ հոնորարներից, իսկ թատրոնում կշարունակեմ խաղալ, եթե նույնիսկ ինձ չվարձատրեն և, եթե անգամ թատրոնում ինձ բարձր վարձատրեն, կշարունակեմ սերիալում նկարահանվել: Ամեն երեկո ես հուզվում եմ նկարահանումների գնալուց առաջ և ուրախանում եմ դրա համար:

Սերիալային կերպարներիդ հիմնականում բնորոշ էր կամակորությունը: Ինքդ կամակո՞ր ես:

— Չէ, ես հնարավորինս հարմարվող, նպատակիս հասնելու համար ամեն ինչի դիմացող մարդ եմ: Ինչպես ասում էր Նապոլեոնը՝ համբերությունը կյանք է, և յուրաքանչյուր բանի ես հասնում եմ քայլ առ քայլ: Դժվարությամբ ձեռք բերածդ դժվար թե կորցնես: Ինչ վերաբերվում է կամակոր կերպարներին՝ բոլորն էլ գիտեն, որ չորսուկես տարի միևնույն սցենարիստի հետ եմ աշխատել: Գուցե նա ինձ այդպիսի կերպարներում է տեսել, կամ ես եմ կերպարս այդ ուղղությամբ տարել. ամեն դեպքում, ինձ համար ցավալի է. ես կուզեի բազմաժանր ներկայանալ, քանի որ ինձ տարբեր կերպարներում եմ տեսնում:

 —Վերջին շրջանում քեզ համար մեկ այլ զբաղմունք էլ ես գտել՝ նիհարեցման սրահ ես բացել: Ինչո՞վ էր պայմանավորված այսպիսի որոշումը:

— Երբ ծանոթացա ընկերոջս հետ, շփվեցինք, սիրահարվեցինք, սիրեցինք ու սկսեցինք մտածել նույնակերպ, մի օր նա ինձ հարցրեց` իսկ դու ուրիշ հետաքրքրություն չունե՞ս: Ես ինձ շատ վիրավորված զգացի` մտածելով, որ ես այնքան սահմանափակ եմ, որ կարծում են`դերասանությունից այն կողմ աշխարհ չկա, ինչը սխալ է: Ես այդ պահին իրեն ասացի, որ մագիստրատուրան կերպարվեստի բաժնում եմ սովորել, ու ես նաև արվեստաբան եմ, ինքն էլ ասաց` արվեստի կողքին այլ բաներ չկա՞ն: Ես հասկացա, որ այլ հետաքրքրություններ չունեմ: Եվ մենք ինձ համար նոր հետաքրքրություն մտածեցինք, որը լրջացավ և հասավ բժշկական մակարդակի. ընկերոջս խորհրդով և օգնությամբ նիհարեցման սրահ բացեցինք: Երբևէ չեմ մտածել, որ իմ կյանքում կգա մի փուլ, երբ կհետաքրքրվեմ մի բանով, որն արվեստին մոտ չէ: Պիտի նշեմ, որ նիհարեցման գործընթացի ժամանակ կարողանում եմ իմ աշխատանքը հասցնել արվեստի մակարդակի և նույնքան հաճույք ստանալ, ինչքան բեմում և էկրանին: Ուրախանում եմ, երբ կարողանամ եմ օգնել մարդկանց, որ ազատվեն ավելորդ քաշից:

Սիրելիիդ ազդեցությամբ շա՞տ բան է փոխվել քո կյանքում:

— Սերն ինձ շատ փոխեց. նախկինում ինձ ճանաչողները հիմա չեն ճանաչում: Առաջ մռայլ էի, մտածկոտ, ամփոփված, չշփվող, ջղային և, մարդկանց կարծիքով, գոռոզ ու մեծամիտ. դա ինքնապաշտպանական բնազդ էր: Ես ջղային կերպար էի ստեղծել, որը բոլորին վախեցնում էր: Այդ շրջանում շատ էի կարդում և բազմաթիվ գրքերի կարդացած տեղեկությունը դեռ չէր դասավորվել համապատասխան «դարակներում». ամեն ինչ շատ խառն էր: Անընդհատ փնտրտուքների մեջ էի, ինքս ինձ փորձությունների էի ենթարկում: Իմ առաջ բարիերներ էի դնում, որ ուրիշները դա չանեն: Ես շփվող էի, բայց հիանալիորեն թաքցնում էի դա ու դրանից հաճույք էի ստանում: Ինձ համար դա ինքնադաստիարակման միջոց էր: Երեք տարի ես այդպես նկարահանվեցի` չշփվելով մարդկանց հետ, ովքեր ինձ շրջապատում էին: Երբ սրտումս սեր բացվեց, սկսեցի պայծառանալ, շփվել, բոլորն ապշած նայում էին: Անհասկանալի բարություն է մեջս մտել. ես երբեք այսպիսին չեմ եղել: Ուրախ եմ, որ սերն ինձ այցելեց, որովհետև դրա բացակայությունը շատ վատ տեղ է տանում:

 Իսկ այժմ ի՞նչ խոչընդոտներ ես դրել քո առաջ:

— Այս պահին հրաշալի հոգեվիճակում եմ: Խոչընդոտները թող սպասեն 🙂 Հիմա ես լիարժեք վայելում եմ կյանքս, լիարժեք ապրում եմ, որովհետև օգտագործում  եմ մարդկային հատկություններս` սիրում եմ, օգնում, հետաքրքրվում, հիանում, զարմանում, սովորում: 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը 1-ին խաղակեսից հետո հաղթում է Դանիային՝ 2:0’
Հաջորդ հոդվածը‘ Հանդուրժում եք Սերժին՝ հանդուրժեք նաեւ շրխկան ապտակները’