Հասարակական գիտությունների բնագավառում ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի բարեփոխման ծրագիրը

1309

ՀՀ Ազգային ակադեմիայի «Լրաբեր հասարակական գիտությունների» գիտական հանդեսում պատմաբան Աշոտ Սարգսյանը ընդարձակ առաջաբանով հրապարակել է ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի հեղինակած մի փաստաթուղթ, որ պահվում է Հայաստանի ազգային արխիվի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆոնդում։ Փաստաթուղթը հասարակական գիտությունների բնագավառում բարեփոխումների անցկացման մի ծրագիր է՝ թվագրված 1992 թվականով։ Նկատի ունենալով, որ նման մի բարեփոխում, հանգամանքների բերումով, առ այսօր էլ չի իրականացվել, եւ, ինչպես օրակարգային այդ խնդիրը, այնպես էլ նշանավոր պատմաբան Գ. Սարգսյանի հեղինակած փաստաթուղթը խիստ արդիական են, հիշյալ հրապարակումը կարեւոր ենք համարում ներկայացնել ավելի լայն լսարանի։ Այստեղ ցույց է տրվում նաեւ, թե ինչու է կեղծվել եւ շարունակում է կեղծվել մեր պատմությունը։

iLur.am

Կոմունիստական դարաշրջանի ավարտից և Հայաստանի անկախացումից հետո տարբեր բնագավառներում, այդ թվում նաև գիտության մեջ, օրակարգային էին արմատական վերափոխումներ անելու հարցերը։ Ստորև հրապարակում ենք գիտության բնագավառում վերափոխումների՝ ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի հեղինակած ուշագրավ մի փաստաթուղթ՝ «Հուշագիր՝ հասարակական գիտությունների ազգային կենտրոն ստեղծելու վերաբերյալ» վերնագրով, որը պահվում է Հայաստանի ազգային արխիվում[i]։

Փաստաթուղթը գրվել է 1992 թ. սկզբին՝ քննարկվող բարեփոխումների քաղաքական օրակարգի շրջանակում[ii]։ Այն մասնավորեցված է հասարակական գիտությունների, հատկապես պատմագիտության, հայագիտության բնագավառների համար (որպես մոդել առաջարկվելով նաև գիտության այլ բնագավառներում օգտագործվելու)։

Նպատակը՝ «բարձրացնել այդ գիտությունների և, առաջին հերթին, հայագիտության ստատուսը»՝ խթանելու համար նրա զարգացումը։ Այսինքն, այստեղ ոչ թե գիտնականի հրապարակախոսական մտորումներ են, այլ համակարգային վերափոխումների ընդհանուր օրակարգում գիտության ասպարեզը վերափոխելու գործնական ու որոշակի ծրագրի մի էսքիզ, հիմք։ Հեղինակը՝ որպես XX դ. ամենաբարձրակարգ պատմաբաններից ու գիտության հմուտ կազմակերպիչներից մեկը, լավագույնս է տեսել ու զգացել, թե ինչն է խանգարել կամ կաշկանդել գիտության, մասնավորապես իրեն ավելի քաջածանոթ՝ հասարակական գիտությունների բնագավառի զարգացմանը, ազդել դրա որակական հատկանիշների վրա, և ինչ պետք է անել՝ կաշկանդող ու խանգարիչ այդ հանգամանքները վերացնելու, գիտության զարգացումը բնականոն ու բանական ուղու վրա դնելու համար։ Եվ քանի որ այս բնագավառում արմատական ու համակարգված բարեփոխումներ, հանգամանքների բերմամբ, այդպես էլ չիրականացան և այսօր էլ դա օրակարգային է, հիշյալ փաստաթուղթը չի կորցրել իր այժմեականությունն ու գործնական նշանակությունը, արժանի է հատուկ ուշադրության։ Նշյալ «ի՞նչ պետք է անել» հարցադրումը կամ պատմագիտության բարեփոխումը, լայն իմաստով, Գագիկ Սարգսյանի համար ունի երկու տեսանկյուն կամ բաղադրիչ.

1. Ներգիտական, այն է՝ ազատել գիտությունը «խորհրդային մարքսիզմի» գաղափարախոսական պարտադրված ազդեցություններից, կապանքներից ու հետևանքներից։ Սրանում հիմնական անելիքը գիտնականներինն է, իսկ իշխանության գործառույթը` ընդամենը պետք է բացառի նմանօրինակ որևէ այլ գաղափարախոսական պարտադրանք։ Ուստի և՝ իշխանությանն ուղղված հիշյալ փաստաթղթում այս մասը հակիրճ է, այն ավելի շատ կոչ կամ պատգամ է՝ ուղղված մասնագետ հետազոտողներին։

2. Կազմակերպական վերակառուցման մասը «Հուշագրում» հանգամանալից է ներկայացված, այն ենթադրում է կառուցվածքային վերափոխումներ, օրենսդրական կարգավորումներ, այսինքն, այն, ինչն իշխանության գործն է, կամ անհրաժեշտ է նրա նախաձեռնողական ակտիվ միջամտությունն ու դերակատարությունը։

Նշյալ երկու բաղադրիչները, սակայն, օրգանապես կապված են միմյանց. ոլորտի կառուցվածքային-կազմակերպական վերափոխմանը պետք է զուգակցվեր ներգիտական վերափոխումը, ինչով այս բարեփոխումը կտար ցանկալի արդյունք։ Ահա թե ինչու, մի քանի ամիս անց տպագրված՝ «Մեր օրերի իմ ընկալումները» վերնագրով հրապարակախոսական իր ընդարձակ հոդվածում Գ. Սարգսյանը ևս մեկ անգամ հատուկ անդրադարձել է այս զույգ խնդիրներին, որտեղ արդեն ավելի հանգամանորեն է խոսում իր պատկերացրած ու առաջարկած բարեփոխման առաջին՝ ներգիտական բաղադրիչի մասին[iii]։ Նկատի ունենալով, որ հիշյալ հոդվածի տվյալ հատվածը որպես հասարակական գիտությունների բնագավառում բարեփոխման անքակտելի մաս, լրացնում, ամբողջացնում է գիտնականի ասելիքն ու պատկերացումները, ներածական այս խոսքում կներկայացնենք դրա հիմնական դրույթները և մեր մեկնաբանություններում ու արձանագրություններում կհենվենք դրանց վրա[iv]։

Արդ, որո՞նք են բարեփոխման ներգիտական բաղադրիչի հիմնական խնդիրները, ինչի՞ց պետք էր ազատել գիտությունը և ի՞նչ ապահովել նրա համար։

Ա) ԽՍՀՄը գաղափարախոսականացված քաղաքական համակարգ էր։ Հայտնի է, որ այդօրինակ պետական համակարգերում հասարակական գիտությունները և, առաջին հերթին, պատմագիտությունը, ենթարկվելով իշխող գաղափարախոսության ակտիվ ներգործությանը՝ որպես սպասավոր քարոզչամիջոց ծառայեցվում է տվյալ քաղաքական համակարգի շահերին։ Այդ ներգործությունը դրսևորվում է օբյեկտիվ պատմությունը կաղապարների մեջ դնելու, փաստերն ու իրողությունը միայն որոշակի ուղղությամբ մեկաբանելու, ըստ հարկի՝ նաև ձևափոխելու, խեղելու, որոշ դրվագներ ու փաստեր անտեսելու, նսեմացնելու, ուրիշները՝ ուռճացնելու, ընդհուպ կեղծելու միջոցով։ Հենց այդպես է եղել խորհրդային համակարգում, և այդ իրողությունը ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը պատկերավոր, բայց շատ հստակ արձանագրել ու բանաձևել է հետևյալ կերպ. «Իշխող քաղաքական դոկտրինայի թույնը, հոսելով հին պատմությունից դեպի նորը, հետզհետե ուժեղանում էր, իսկ հասնելով նորագույնին, պարզապես կազմալուծում այն։ Բայց միայն սա չէր դրա վտանգը: Այն իր օրինակով սովորեցնում էր բոլոր պատմաշրջաններին մերձեցողներին պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը, նաև այնպիսի դեպքերում, երբ այդ արվում էր ոչ թե իշխող դոկտրինայի հունով, այլ ցանկացած«բարձր» քաղաքական, կեղծ հայրենասիրական, ազգային, խմբակային կամ որևէ այլ նպատակով» (ընդգծումներն իմն են, Ա.Ս.)։

Այս տխուր իրողությունը, բնականաբար, վերաբերում է ոչ միայն հայ, այլ նաև խորհրդային մյուս ժողովուրդների պատմագրություններին և հասարակական գիտություններին, ինչը և նա հատուկ արձանագրում է[v]։

Այսինքն՝ ազատվելով գաղափարախոսական կապանքներից, պարտադրանքներից և գայթակղություններից՝ պատմագրությունը ազատվում է կեղծիքների հիմքերից, դառնում առավել օբյեկտիվ, հավաստի և գիտական։

Նույնպիսի կործանարար ներգործություն հասարակական գիտությունների վրա անխուսափելիորեն պետք է ունենա ցանկացած այլ, պետական մակարդակի բարձրացված (կարևոր չէ՝ ֆորմալ, թե ոչ ֆորմալ) «դոկտրին»։ Այսինքն՝ այս բնագավառի զարգացման ու պատշաճ գիտականության ապահովման առաջին խնդիրը կամ նախապայմանը որևէ գաղափարախոսության խնամակալության կամ պարտադրանքի բացառումն է։

Բ) Արդյո՞ք բոլորն էին զգում «իշխող քաղաքական դոկտրինի» շրջանակների կաշկանդիչ լինելը, թելադրանքը և դրա կործանարար ազդեցությունը գիտության վրա, և բոլո՞րն ազատ շունչ քաշեցին խորհրդային համակարգի տապալմամբ դրանից ազատվելու առիթով։ Կարծես թե ոչ, և ակադեմիկոս գիտնականը նշում է, թե ինչու. «Տասնամյակներ շարունակ արտագիտական-քաղաքական ոլորտից պատմագիտության մեջ ներարկվել է որոշակի, շատ պարզունակ, և դրանով էլ վարակիչ ու գրավիչ «խորհրդային մարքսիզմի» առանցքա-գաղափարը (կոնցեպցիան)» (ընդգծումն իմն է  Ա.Ս.)։

Այն «վարակիչ ու գրավիչ» էր առաջին հերթին այն հանգամանքով, որ նաև դյուրություններ էր ստեղծում միջին հետազոտողի համար։ Միայն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն շատ ավելի հեշտ է աշխատել տրված կաղապարներով, քան ազատության մեջ, երբ հետազոտողը զրկվում է «վարակիչ ու գրավիչ» մի կոնցեպցիայով առաջնորդվելու ու նրա տված դյուրություններից օգտվելու հնարավորությունից։ Շատ ավելի հեշտ է  ու ապահով՝ գնալ տրված պատրաստի հունով՝ փաստերն ու իրողությունները անգամ խեղաթյուրելու գնով հարմարեցնելով դրան, քան, փաստերի և հաճախ իրարամերժ տեղեկությունների հոձանուտում ինքնուրույն հուն բացել, համակարգ կառուցել, ինքնուրույն ներքին տրամաբանական կապեր ստեղծել։ Գաղափարախոսական հանձնարարելի կամ պարտադրված շրջանակների պայմաններում, այսպիսով, հետազոտական աշխատանքի համար թույլատրելի են դառնում շատ ավելի մատչելի և դյուրին, բայց ոչ գիտական մեթոդները։ Այսինքն, «վարակիչն ու գրավիչը», մատչելին ու դյուրինը, որպես յուրատեսակ մի թմրանյութ, շատերին յուրատեսակ մի կախվածության էր բերել, վարժեցրել աշխատանքի մի մեթոդի, որի դեպքում հետազոտողն իջնում է արհեստավորի, գիտական-հետազոտական աշխատանքը՝ արհեստավորական արտադրանքի մակարդակի, ինչը և ակադեմիկոս պատմաբանը համարում է «հրեշավոր». «Մենք շատ ենք քննադատում մեր նախորդ հասարակարգը, ոմանք էլ, ընդհակառակն, կարոտով են հիշում այն, մասամբ մոռանալով, որ այսօրվա չարքաշ վիճակը նրա ցանած սերմերի պտուղն է։ Երկու մոտեցումներն էլ, սակայն, հիմք ունեն՝ անցածի մեջ վատն էլ է եղել, լավն էլ։ Բայց մի բան կա, որ լավի ու վատի այն կողմն է, որը պարզապես հրեշավոր է. դա այն է, որ այդ հասարակարգը գողացել է ՀԱՅԻՑ թասիբով (ներողություն) աշխատելու ունակությունը»։

Միջազգային մասշտաբով առաջնակարգ հայ պատմագրությանն ու պատմագիտությանը նա անհարիր է համարում այդ վիճակը՝ հայ գիտնականին «թասիբով» աշխատելու հնարավորությունից զրկելը. «Մեր՝ Խորենացու և Ադոնցի հետևորդների համար հատկապես անպատշաճ էր այդ «միտինգային գիտության», այդչափ ուժեղ ծփումը, որը, ի դեպ, տակավին չհանդարտվեց նոր պարագաներում»։

ԽՍՀՄ քաղաքական համակարգի վերացմամբ ինքնաբերաբար չէր լուծվելու նրա՝ տասնամյակներ շարունակ գործած «քաղաքական դոկտրինի թույնի» այդ կախվածությունից պատմագիտության ազատման խնդիրը։ Ժամանակ էր պետք, որ նոր՝ ազատության պայմաններում պատմաբան հետազոտողները, մասամբ՝ յուրօրինակ մի «ինքնավերապատրաստում» անցնելով, մասամբ՝ սերնդափոխության հանգամանքով վարժվեին ուսումնասիրման նոր, իրական գիտական մեթոդի, «թասիբով» աշխատելու ունակության։ Սա է Գ. Սարգսյանի պատկերացրած բարեփոխման ներգիտական բաղադրիչի արձանագրած երկրորդ խնդիրը՝ որպես պատմագիտության զարգացման և պատշաճ մակարդակի ապահովման մի գրավական։

Գ) Այնպես չէ, որ Գագիկ Սարգսյանը մերժում է մարքսիստական պատմագրությունն ամբողջապես և դրա մեջ ոչինչ արժեքավոր չի տեսնում։ Նա մերժում է «խորհրդային մարքսիզմը», ոչ թե պատմագիտության մարքսիստական հիմքն ընդհանրապես. «Բայց մարքսիզմի (առանց «խորհրդայինի») տեսությունը և պրակտիկան եղել են, կան և կմնան։ Իսկ մարքսիզմը, եթե խոսում ենք պատմության մասին, ապա՝ պատմական մատերիալիզմը, իր մեջ շատ բան ունի կուտակած համաշխարհային պատմագիտական մտքի նվաճումներից։ Դեն նետելով այդ բոլորն ամբողջությամբ՝ մենք ծայրահեղ կոնցեպտուալիզմից անցնում ենք անկոնցեպտուալ պատմագրության, որովհետև անհնարին է միանգամից պատմության զարգացման նոր կոնցեպցիա մշակել, կամ էլ կողմնորոշվել աշխարհում առկա բազմաթիվ կոնցեպցիաների մեջ, կամ էլ զատել պատմական մատերիալիզմից ընդունելին»։

Մերժելով «խորհրդային մարքսիզմի ծայրահեղ կոնցեպտուալիզմը», բայց նաև ճիշտ չհամարելով անցումը «անկոնցեպտուալ պատմագրության», Գ. Սարգսյանը, որպես ուղենիշ, առաջարկում է միակ ընդունելի և ապահով լուծումը. «…հիմնական ուշադրությունը սևեռել պատմական փաստերին հարազատ մնալուն։ Վերադարձնենք փաստին նրա իրավունքը՝ լինելու հետազոտության հաստատուն հիմք՝ իր բնական, անաղարտ, չնենգափոխված, չպոչատված և անհավելուն տեսքով (ընդգծումն իմն է  Ա.Ս.)։ Չզոհաբերենք փաստը ոչ մի, նույնիսկ ամենագեղեցիկ և ամենաազնիվ նպատակի»։

Ահա սա էլ կարելի է համարել հասարակական գիտությունների բնագավառում բարեփոխման «ներգիտական» բաղադրիչի երրորդ խնդիրը կամ հենասյունը։

Տասնամյակներով ձևավորված մտածողության, առաջացած կարծրատիպերի, ընտանի դարձած արհեստավորական աշխատաձևի և աշխատաոճի իներցիան հաղթահարելու խնդիրը, ժամանակի ընթացքում, իհարկե, կլուծվեր ի նպաստ «փաստի իրավունքի», գիտականության որակի բարձրացման։ Բայց դրան խանգարեցին երկու հանգամանք։ Առաջին՝ հետկոմունիստական Հայաստանի ապագաղափարախոսականացված շրջանի կարճատևությունը (ընդամենը՝ 1991-1998 թթ.)։ Երկրորդ՝ հայ իրականության մի յուրահատկությունը, այն է՝ տևական շրջան «խորհրդային մարքսիզմին» այլընտրանք և «ազգային դոկտրինի» («ազգային գաղափարախոսության») կարգավիճակի հավակնող հայդատականությունպահանջատիրությունը[vi]։ Եվ, ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չմնաց»։ Կոմունիստական գաղափարախոսական «վարակիչ ու գրավիչ» կաղապարներին շատ արագ փոխարինեցին «ազգայինի» և «հայրենասիրականի» կեղծ համարում ունենալու հանգամանքով ավելի հեշտալի ու գայթակղիչ, իսկ 1998 թվականից ի վեր նաև «իշխող քաղաքական դոկտրինի» վերածված՝ հայդատականպահանջատիրական գաղափարախոսական կաղապարները։ Կարևոր չէ, որ այն բովանդակային ոչ մի կապ չուներ իր նախորդի հետ. որպես մի «դոկտրին», և այն էլ՝ «ազգային», դրա բացասական արդյունքը, անխուսափելիորեն, պետք է լիներ նույնը և շատ ավելի աղետալի. հիմա էլ այս «իշխող քաղաքական դոկտրինի թույնը», ապահովելով «պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը», հանուն կարծեցյալ «բարձր» քաղաքական, կեղծ հայրենասիրական, ազգային, խմբակային… նպատակի» պիտի նույն կերպ կազմալուծեր պատմության, հատկապես նրա նոր և նորագույն շրջանի իրողությունները։ Հասարակական գիտությունները, անխուսափելիորեն, պետք է դառնային այդ նոր դոկտրինի ու դրա վրա հենվող վարչակազմի սպասավորները։

Դժար չէ նկատել, որ հասարակական գիտությունների բնագավառում բարեփոխման իրականացման «ներգիտական» բաղադրիչի՝ վերն առանձնացված երեք խնդիրներն էլ ունեն մի «ընդհանուր հայտարար»գերխնդիր՝ պատմության կեղծման, նենգափոխման կանխումը։

Ինչո՞ւ է այս խնդիրն այդքան կարևոր։ Հարցի պատասխանը, գիտական բարեխղճությունից զատ, ավելի շատ քաղաքական հարթության վրա է։ Երբ օտարներն են կեղծում ու նենգափոխում մեր պատմությունը, դա արվում է հստակ քաղաքական նպատակներով. հայ պատմաբանները, գիտակցելով դրա վնասն ու վտանգը, պայքարել ու պայքարում են, մասնավորապես, թուրքական և ադրբեջանական կեղծարարների դեմ։ Սակայն, տասնապատիկ ավելի մեծ են այդ վնասը և վտանգը, երբ մենք ենք կեղծում, խեղաթյուրում, նենգափոխում մեր իսկ պատմությունը։ Եվ դա՝ անկախ այն բանից, թե ինչ շարժառիթով է արվում՝ «բարձր» քաղաքական, «հայրենասիրական», ազգային, խմբակային, հանուն «ամենագեղեցիկ և ամենաազնիվ նպատակի»[vii]։ Սեփական պատմության կեղծման ու նենգափոխման ամենամեծ վտանգը անմիջապես առնչվում է այդքան շատ կրկնվող «պատմության դասերի» հետ. ճշմարիտ պատմությունը ճշմարիտ և օգտակար դասեր է տալիս՝ ազգի գոյատևման և զարգացման համար հուշելով ճիշտ կեցվածք ու վարքագիծ[viii], կեղծվածը (մասնավորապես՝ կեղծ հայրենասիրության հիմքով) կեղծ դասեր է տալիս՝ մղելով արկածախնդրության և հանգեցնելով աղետների[ix]։

Ահա թե ինչու՝ Գ. Սարգսյանի արձանագրած՝ պատմագիտության և, ընդհանրապես, հասարակական գիտությունների բնագավառում արմատական բարեփոխման խնդիրն ամբողջությամբ՝ իր «կազմակերպական» և մասնավորապես «ներգիտական» բաղադրիչներով շարունակում է մնալ նույնքան արդիական, որքան 1992 թվականին էր։

Ինչ վերաբերում է առաջարկվող բարեփոխման կազմակերպական բաղադրիչին, ապա հրապարակվող փաստաթուղթը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, այն, ինչպես սկզբում ասացինք, որպես հիմք, կարող է մեծապես օգտակար լինել ինչպես Ազգային ակադեմիային, այնպես էլ իշխանությանը՝ համապատասխան բարեփոխումներ իրականացնելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախորդած շրջանում հասարակական գիտությունների դերը թե՛ հանրապետության մեջ, և թե՛, մասնավորապես, Գիտությունների ակադեմիայում, նսեմացված է եղել։ Դրա պատճառներն էին. մի կողմից՝ տեխնոկրատիայի ճնշումը, մյուս կողմից՝ ծայրահեղ այն գաղափարականացումը, որ համակել էր հասարակական գիտությունների մի էական մասը։ Բազմաթիվ ցուցանիշներով այդ գիտությունները և նրանց մեջ հայագիտությունը հետին տեղ էին գրավում (մնացորդային ֆինանսավորում, տեխնիկայի բացակայություն, շենքերի ողորմելի վիճակը, կադրերի պատրաստման սահմանափակումներ, պլանների, հաշվետվությունների, այլևայլ թվարկումների մեջ վերջին տեղեր և այլն)։ Այս վիճակից տուժում էին նաև գաղափարականացումից զերծ մնացած հայագիտական այն հազվագյուտ մասնագիտությունները, որոնց զարգացումը կապված է լեզուների և այլ հատուկ գիտելիքի հետ։

Այժմ հասարակական գիտությունների դերը արմատապես փոխվում է։ Մի կողմից՝ նրանք ազատագրվում են բռնի գաղափարականացումից, ստանում ազատ զարգացման հնարավորություն, մյուս կողմից՝ նրանց ներկայացուցիչները խորհրդային գիտության հանրապետական «ջոկատներից» վերածվում են, թեև փոքր, բայց ինքնուրույն բանակի, անկախ պետությանը պատշաճ իր գիտական չափանիշներով, նախասիրություններով ու մոտեցումներով (մերոնք, իհարկե, դեռ պետք է մշակվեն և բյուրեղանան)։

Այս բոլորը պահանջում է բարձրացնել այդ գիտությունների, և նրանց շարքում առաջին հերթին հայագիտության ստատուսը Հայաստանի գիտական համակարգի մեջ, տալ նրանց եթե ոչ առաջնություն, ապա, համենայն դեպս, ինքնուրույնություն բնական գիտությունների նկատմամբ։

Այս կապակցությամբ նպատակահարմար է Գիտությունների ակադեմիայի երկու հասարակագիտական բաժանմունքների և նրանցում ներգրավված գիտական հիմնարկների հիմքի վրա, ներառելով նաև հանրապետության մյուս կարող ուժերը, ստեղծել Հասարակական գիտությունների ազգային կենտրոն։ Կենտրոնը կարող է լինել լիովին ինքնուրույն, կարող է և ձևավորվել ՀՀ Գիտությունների ակադեմիայի կազմում, սակայն այդ դեպքում դարձյալ բավարար ինքնուրույնություն ունենալու պայմանով։

Կենտրոնի հիմնական նպատակը կլինի բարձրացնել հասարակական գիտությունների դերն ու կշիռը հանրապետության և համայն հայության կյանքում։

Սրա միջոցներից են.

1. Օժանդակել հասարակական գիտությունների՝ նախորդ շրջանի գաղափարական կապանքներից ազատագրմանը, մի կողմից՝ վերականգնելով հայագիտության լավագույն ավանդույթները, առաջին հերթին՝ փաստերի գնահատման գիտական օբյեկտիվությունը, մյուս կողմից՝ որդեգրելով և արմատավորելով ժամանակակից համաշխարհային գիտության հետազոտական կերպերն ու ձևերը (հաշվիչ մեքենաներ, տվյալների բանկեր և այլն)։

2. Իրականացնել հասարակական գիտությունների ստրատեգիական կողմնորոշումը և կազմակերպումը, մշակելով և կենսագործելով կարևորագույն ուղղությունների ու մասնագիտությունների առաջնահերթ զարգացման, ինչպես և պրոբլեմային մի շարք հիմնարար կոլեկտիվ աշխատությունների ծրագրեր և, միևնույն ժամանակ, հովանավորելով առանձին գիտական օղակների և գիտնականների խոստումնալից նախաձեռնությունները։

3. Զարգացնել միջազգային համապատասխան գիտական կենտրոնների հետ գոյություն ունեցող գիտական կապերը և ստեղծել նորերը՝ ամրապնդելով Հայաստանի ձեռք բերած՝ հայագիտության գլխավոր կենտրոնի դերը։ Շարունակելով միջազգային գիտաժողովներ հրավիրելու և այդպիսիներին մասնակցելու գործը, ծավալել արտասահմանի օտարազգի և հայ գիտնականների հետ համատեղ հետազոտություններ տարբեր բնագավառներում։

4. Օժանդակել արդի իրականության մեջ հսկայական դեր կատարող, բայց հանրապետությունում դեռևս սաղմնային վիճակում գտնվող և անցյալում թերագնահատված ու նենգափոխված այնպիսի գիտությունների հասունացումը, ինչպիսիք են հոգեբանությունը, իրավագիտությունը և այլն։ Հատուկ ուշադրություն դարձնել հայագիտության հետ կապված հազվագյուտ մասնագիտությունների վերածնման և զարգացման վրա (հին, այդ թվում դասական, արևելյան լեզուներ, հնագրություն, դիպլոմատիկա, սֆրագիստիկա, դրամագիտություն և այլն)։

5. Կիրառել գիտական կապերի պատրաստման նոր միջոցներ, ներքին հնարավորությունների հետ մեկտեղ ուսանողներ, ասպիրանտներ և փորձնակ հետազոտողներ ուղարկելով, բացի Ռուսաստանից, նաև արտասահմանյան այլ գիտական կենտրոններ։ Թվում է, թե այս նպատակով սփյուռքահայության օժանդակությունն ստանալը համեմատաբար ավելի դյուրին կլինի։ Խորհել կենտրոնին կից հայագիտական ճեմարան ստեղծելու նպատակահարմարության մասին։

6. Ամուր հիմքի վրա դնել Հանրապետությունում գրեթե բացակայող կամ ձևական բնույթ կրող փորձագիտական աշխատանքը հասարակական գիտությունների բնագավառում։ Գիտական աշխատանքների ֆինանսավորումը սերտորեն կապել փորձագիտության արդյունքների հետ։

7. Վերականգնել ու զարգացնել կազմալուծված հրատարակչական գործը։

Հասարակական գիտությունների ազգային կենտրոնը կարող է ունենալ մոտավորապես այսպիսի կառուցվածք.

1. Ընտրովի նախագահ։ Կենտրոնի՝ ՀԳԱ կազմում ձևավորվելու դեպքում նախագահն ի պաշտոնե հանդիսանում է ԳԱ փոխպրեզիդենտ և ՀԳԱ նախագահության անդամ։

2. Կենտրոնի կոլեգիան բաղկանում է համապատասխան գիտական հիմնարկների ընտրովի տնօրեններից, գիտությունների դասերի (նախկին բաժանմունքների) ընտրովի նախագահներից և ընտրովի խորհրդականներից։ Կոլեգիան ղեկավարում է գիտական հիմնարկների աշխատանքը և իրականացնում նրանց ֆինանսավորումը պետական գիտական ֆոնդից ստացվող գումարների հաշվին։

3. Գիտությունների դասերը կազմավորվում են ըստ առանձին գիտությունների կամ էլ հարազատ գիտությունների փնջերի, ղեկավարվում են դասերի նախագահների կողմից և ներառում են հանրապետության առաջավոր գիտնականներին։ Իրենց կցված մասնագիտական գիտխորհուրդների օգնությամբ դասերը իրականացնում են հիմնականում.

Ա) տվյալ գիտության կամ փնջի ստրատեգիական կողմնորոշումը,

Բ) հասարակական գիտությունների գծով փորձագիտական աշխատանքը և հանձնարարություններ տալիս Կենտրոնի կոլեգիային մրցութային հիմունքով առաջադրվող գիտական թեմատիկայի ֆինանսավորման վերաբերյալ,

Գ) գիտական ատեստավորման (գիտական աստիճանների ու կոչումների շնորհում) գործը։

Գիտությունների դասերը իրականացնում են Ակադեմիայի անդամների ընտրությունները, որոնց անցկացման կարգը կարոտ է վերանայման։

Ծանոթություն. ՀԳԱ բնական և ֆիզմաթտեխնիկական գիտությունները ևս կարող են ընդգրկվել համանման կենտրոնների մեջ։

Գագիկ Սարգսյան

09.02.1992

(«Լրաբեր հասարակական գիտությունների, 2021. Հ. 3. Էջ 311–320)


[i] ՀԱԱ, Լևոն Տեր-Պետրոսյանի ֆոնդ, 1800, ց. 1, գ. 133/09.02.1992։

[ii] Շրջանառության մեջ կար այս բնագավառի բարեփոխման ևս երկու նախագիծ՝ կազմված ՀՀ ԳԱԱ-ի և ՀՀ կառավարության կողմից (տե՛ս «Հայաստանի Հանրապե­տու­թյուն», 14.08.1992)։

[iii] Սարգսյան Գ., Մեր օրերի իմ ընկալումները, Հայաստանի Հանրապետություն, 14.08 – 15.08.1992։

[iv] Մեր խոսքում չակերտված մեջբերումները այդ հոդվածից են։

[v] «Ռուսաստանում այդ շիթը (պատմության նենգափոխման — Ա.Ս.) սթափ գլուխ­ները զավեշտով բնութագրում էին «Ռուսաստանը՝ փղերի հայրենիք» արտահայտութ­յամբ։ Նույն երևույթը հատուկ էր և մնացյալ բոլոր «եղբայրական» հանրապե­տու­թյուն­ներին և հատկապես ուժեղ էր Վրաստանում (նախնիների սփռումը ամ­բողջ Եվրասիա­յով մեկ, Կոլխիդայի գերհզոր թագավորություն և այլն) և Ադրբեջանում (նորա­թուխ թուրքալեզու ժողովրդին շումերական, մեդական և էլ ինչ ասես ծագում վերա­գրե­լու, Աղվանքին պատմականորեն տիրանալու և այլ փորձեր)։ Անմասն չի մնացել և Հա­յաստանը (ուրարտա­մերժություն, պետություն՝ մ.թ.ա. 3-րդ հազ. և այլն»։

[vi] Հայ դատ — միջազգային Cause Armeniane (Armenian Cause) եզրույթի բառացի հա­յերեն թարգմանությունն է, որ նշանակում է «Հայկական հարց»։ Ծագելով 1878 թ. ռուս-թուր­քական պատերազմից հետո որպես միջազգային հարցի անուն՝ այն նա­խա­պես բո­լո­րո­վին այլ իմաստ է ունեցել, այն է՝ Օսմանյան կայսրության հոծ հայկական բնակչու­­թ­յուն ունեցող նահանգներում եվրոպական գերտերությունների վերահսկո­ղու­թյամբ բա­րենորոգումներ անցկացնելու ծրագիր։ 1923 թ. Լոզանի կոնֆերանսից հետո, երբ նշված ծրա­գիրը վերջնականապես թաղվեց, «Հայ դատ» եզրույթը հայկական մի­ջա­վայրում վե­րաիմաստավորվեց, և վաղուց դրա քաղաքական էությունը այլ բան չէ, քան պահան­ջատիրությունը, որի միջազգային մոտավոր համարժեքը irredentism բառն է։

[vii] Դրա վառ օրինակը 1988-ից ծայր առած Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդա­վարական շարժման ու դրան հաջորդած պետականության շրջանի պատմության ուրացումն ու կեղծումն է (տե՛ս Սարգսյան Ա., Հայաստանի նորագույն պատմության ուրա­ցումն ու կեղծումը, Երևան, 2015)։ ԽՍՀՄ փլուզման՝ համաշխարհային պատմու­թյան համար շրջադարձային նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական իրա­դարձություններում Հայկական շարժումն առաջնային գործոն էր։ Այլ խոսքով՝ երկար, շատ երկար ընդմիջումից հետո Հայաստանը մի քանի տարի որոշակիորեն ազդում էր համաշխարհային պատմության ընթացքի վրա (ժամանակին անգամ օտարներն են նման աարձանագրումներ արել)։ Այսօր այդ կարևոր շրջանի հետ կապված միջազ­գա­յին պատմագիտության մեջ Հայաստանն անգամ չի հիշատակվում։ Հայ պատմա­գի­տության խնդիրն էր դրա ապահովումը, մինչդեռ կատարվել է ճիշտ հակառակը՝ ամեն կերպ նսեմացվել, արժեզրկվել, ուրացվել է այդ տարիների պատմությունը։ Իսկ դրա հիմքը եղել է հայդատական գաղափարախոսությունը, ոմանց «խմբակային շահերը»։

[viii] Ճշմարիտ պատմության այս հավատամքը առաջնային է եղել պատմահայր Մովսես Խորենացու համար դեռ V դարում։

[ix] Վերջին հարյուրամյակում նաև դրա հետևանքն են մեր կրած ծանրագույն կո­րուստները, ընդհուպ Արցախյան վերջին պատերազմը ու դրա արդյունքները։

Նախորդ հոդվածըՌուսաստանը ցանկանում է Եվրո-2032-ի անցկացման հայտ ներկայացնել
Հաջորդ հոդվածըՊեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանն ունի վեց մասնակից