‘Հասաքե քաղաքում ոչ պաշտոնական տվյալներով հայ է զոհվել, վիրավորվել է նրա որդին ‘

922

Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող ալ Հասաքե քաղաքում զինյալների  կողմից հայ տղամարդ է սպանվել, վիրավորվել է նրա որդին, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիահայերի ֆեյսբուքյան էջը:  Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինյալները փորձել են առեւանգել հայ երիտասարդին: Տեղեկությունների համաձայն` զոհվածն Աբդ ալ Ահադ Պաչորան է: Լուրը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել: Դրան խոչընդոտում է նաեւ երկրում հեռախոսակապի խափանումը: 

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը դեկտեմբերի 5-ին տեղեկացրել է, որ Հալեպում իրավիճակը բավական հանգիստ է, կրակոցների եւ պայթյունների ձայները քչացել են` ավելացնելով, որ էլեկտրականությունը կրկին ընդհատումներով է, հեռախոսակապը եւս կանոնավոր չի գործում: 

Քեսաբում բնակվող մեր հայրենակիցը եւս տեղեկացրեց, որ հեռախոսակապն արդեն վերականգնվել է, մոտ մեկ շաբաթ առաջվա լարված իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է, ճանապարհը դեպի Լաթաքիա բաց է: Մերթ ընդ մերթ, սակայն, կրակոցների ձայներ են լսվում:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա մայրաքաղաքում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ իրավիճակը հանգիստ է, սակայն լարվածություն է նկատվում Դամասկոսի մոտակայքում գտնվող հայաշատ Ջարամանայի շրջանում, քանի որ օդանավակայանի ճանապարհին տեղի ունեցող բախումները բավական մոտ են թաղամասին:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն Աշգաբատում կարճատեւ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Կատարվել է Սերժ Սարգսյանի երազանքը՝ նա հանդիպել է Վ.Պուտինի հետ’