‘Հաստատվել է Երեւանի 2018-ի բյուջեն. Եկամուտները կրճատվել են’

7723

Երևանի ավագանու նիստում հաստատվել է քաղաքի 2018թ. բյուջեն:

2018 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 80 մլրդ 189 մլն 969 հազար դրամի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 21 մլրդ 903 մլն 379 հազար դրամ՝ 2017 թվականի նախատեսվածից 1 մլրդ 360 մլն 209 հազար դրամով ավելի: Միեւնույն նժամանակ, զգալիորեն կրճատվել են պետական դոտացիաները համայնքին: Ընդհանուր առմամբ, Երեւանի բյուջեի ծախսային հատվածը կրճատվել է շուրջ 5 տոկոսով:

2018թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների 38,3 %-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին: 

Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2018թ. զարգացման ծրագիրը։

Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը՝ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։

Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու և Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերը:

 

Նախորդ հոդվածը‘Անգլիացի ֆերմերին ստիպել են հանել լեհերի մուտքն արգելող ցուցանակը’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է կոմպոզիտոր Շայինսկին’