‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ’

1514

Այս տուրում մրցեցին մրցաշարային աղյուսակի առաջատարներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը: Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղից հետո հավասարեցրեց դիրքը, և 31-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Տուրի մյուս պարտիաներում առաջատարներին հետապնդող Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, Պյոտր Սվիդլերը միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Հիկարու Նակամուրան առավելության հասավ Վեսելին Թոփալովի նկատմամբ:

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

  • Սերգեյ Կարյակին — Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
  • Անիշ Գիրի — Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5
  • Պյոտր Սվիդլեր — Ֆաբիանո Կարուանա՝ 0.5:0.5
  • Հիկարու Նակամուրա  Վեսելին Թոփալով՝ 1:0

Այժմ Արոնյանը և Կարյակինը 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ լավագույն եռյակը եզրափակող աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ունի 4 միավոր: Գիրին և Կարուանան ունեն 3.5-ական միավոր, Նակամուրան ու Սվիդլերը՝ 3-ական, իսկ Թոփալովը՝ 2:

Հավելենք, որ մարտի 20-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Գիրիի հետ, Կարյակինը սևերով կխաղա Սվիդլերի հետ, Կարուանայի մրցակիցը լինելու է Նակամուրան, իսկ Թոփալովինը՝ Անանդը:

420 հազար եվրո մրցանակային գումարով Հավակնորդների մրցաշարն ավարտվելու է մարտի 29-ին: Մրցաշարի հաղթողը նոյեմբերին, Նյու-Յորքում մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Խաչիկի ձեռքինը զենք չէր. Hambardzum.am’
Հաջորդ հոդվածը‘«Քրիստալ Փելես» – «Լեսթեր»` 0:1․ Առաջատարը հերթական հաղթանակն է տանում (տեսանյութ)’