‘«Հատուկ ծառայությունները, ԿԲ-ն տեղեկություններ ունեն, թե օֆշորային գոտիներում, որ պաշտոնյաներն ունեն հաշիվներ»’

1591

Asparez.am-ը ուշագրավ նյութ է հրապարակել՝ օֆշորային թեմայի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորեւ

Օֆշորը ֆինանսական կենտրոն է, որտեղ  օտարերկրյա կապիտալին շնորհվում են հատուկ արտոնություններ, այդ թվում` այն օտարերկրյա ընկերություններին, որոնք գրանցված են  տվյալ երկրի տարածքում  եւ գործունեություն են ծավալում:  Ազատ տնտեսական գոտիները տվյալ երկրում գոյություն ունեցող տարածքներ են, որտեղ հատուկ հարկային քաղաքականության շնորհիվ  արտոնություններ են տրվում օտարերկրյա եւ ազգային կազմակերպություններին: Նպատակը` տվյալ տարածքում տնտեսական ակտիվության  բարձրացումն է: Ազատ տնտեսական գոտիներում կարող են նաեւ առանց մաքսազերծման տարբեր ապրանքներ ներկրվել:

Թե ինչ բան է օֆշորը եւ արդյոք վատ բան կա՞, երբ պետական պաշտոնյաները հաշիվներ են բացում օֆշորային գոտիներում, զրուցեցինք հայտնի տնտեսագետների հետ:

Թաթուլ Մանասերյան, տնտեսագետ.«Խնդիրն այն է, թե որքանով է համատեղելի լինել ղեկավար մարմնում եւ ունենալ օֆշորային ընկերություն: Օֆշորում ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներկայացվում են, չունեն նույն թափանցիկությունը, ինչ որ սովորական պայմաններում: Այն երկրները, որոնք կապիտալներ ներգրավելու կարիք ունեն, մի քիչ գրավիչ պայմաններ են ստեղծում, դրանցից մեկն էլ հենց երկրի տարածքում օֆշորային գոտիներ ունենալն է: Օֆշորը երկիրն ավելի գրավիչ դարձնելու միջոց է: Նրանք, ովքեր գրանցված ընկերություններ ունեն օֆշորում, ավելի արտոնյալ պայմաններուն են գտնվում, քան մյուսները»:

Վահագն Խաչատրյան, տնտեսագետ.«Օֆշոր հասկացողությունը որոշ երկրներ են սահմանել՝ իրենց երկրներում ներդրումների հոսք ապահովելու համար: Դրանք այն երկրներն են, որտեղ համարյա չկան արտադրական կարողություններ, այդ երկրներն իրենց զարգացումը պատկերացնում են  ներդրումների կամ առեւտրի միջոցով: Օրինակ  Կիպրոսը, Վիրջինյան կղզիները: 70 այդպիսի երկրներ կան աշխարհում, որտեղ հարկային ռեժիմն ավելի մեղմ է եւ ավելի նպաստավոր  է ներդրումներ կատարելը: Դա չի նշանակում, որ այդ վայրերում անօրինական ձեւերով ընկերություններ են գրանցում, ուղղակի  շատերն իրենց  կապիտալը տեղափոխում են այնտեղ ավելորդ հարկեր չտալու համար, քանի որ հարկային ռեժիմն այնտեղ ավելի մեղմ է: Սակայն այդպիսի երկրները, որտեղ օֆշորային գոտիներ կան, կարող են նաեւ խնդիրներ ունենալ, օրինակ, ֆինանսական ճգնաժամը Կիպրոսում, որ երկու ամիս առաջ սկսվեց: Օրենքով ՀՀ սահմանադրությունը թույլատրում է պետական պաշտոնյաներին արտասահմանյան օֆշորային գոտիներում հաշիվներ ունենալ, սակայն  այդ պաշտոնյաները պարտավոր են դրա մասին իրենց հայտարարգրում, որպես բարձրաստիճան պաշտոնյա տեղեկություններ հայտնել: Քանի որ մեր մոտ բոլոր չինովնիկները Հանրապետական կամ «Օրինաց երկիր» կուսակցության ցանկում են ընդգրկված, կարծում եմ, որ բոլորն էլ պարտավոր էին նման տեղեկություն տալ: Համոզված եմ, որ Տիգրան Սագսյանը միակը չէ, նրա նման շատ չինովնիկներ կան, որ ունեն օֆշորային հաշիվներ եւ տեղեկություններ չեն տալիս: Օրինակ, Կիպրոսի օֆշորային գոտում անձի կամ անձի լիազորի ներկայությունը հաշիվ բացելու համար պատադիր է: Հայաստանում օֆշորային գոտիներ չկան, մեր հարեւաններից Թուրքիան ունի, որտեղ 5 ազատ տնտեսական եւ, եթե չեմ սխալվում,  2 օֆշորային գոտիներ կան: Քանի որ Հայաստանը նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից է ֆինանսավորվում, համագործակցում ենք  համաշխարհային բանկի եւ Արժույթի  հիմնադրամի հետ, ապա արտոնյալ վարկավորման հնարավորություններից մենք կարող ենք չզրկվել, եթե օֆշորային գոտիներ չունենանք,  նախապայմաններից մեկը դա է: Համոզված եմ, որ արտերկրում ցանկացած պետական պաշտոնյա, ով օֆշորային հաշիվներ ունենար եւ դա թաքցներ, բացահայումից հետո անմիջապես հրաժարական կտար: Մեր երկիրն այս առումով, ինչպես միշտ, յուրահատուկ է: Կարող են ունենալ, կարող է դա բացահայտվի, բայց,  մեկ է, ասում են` ես չունեմ եւ վերջ:  «Մեծ ութնյակի»  երկրները որոշում կայացրեցին, որ  օֆշորային գոտիներում եղած տեղեկությունները պետք է թափանցիկ լինեն, իսկ իրենք, որպես գոտիներ, պետք է վերանան, քանի որ այդ գոտիներում ֆինանսական շրջանառությունը 1 տրլն եւ ավելի դոլար է կազմում: Եթե թափանցիկ լինեն, մենք էլ կստանանք  տեղեկություններ նաեւ ՀՀ պետական պաշտոնյաների օֆշորային հաշիվների մասին: Համոզված եմ, որ մեր իշխանությունները, հատուկ ծառայությունները եւ կենտրոնական բանկն այդպիսի տեղեկություններ ունեն, թե որ պետական պաշտոնյաներն ունեն հաշիվներ օֆշորային գոտիներում:  Դա լավագույն կոմպրոմատն է մարդկանց կառավարելի դարձնելու համար:  Ինչ մնում է ազատ տնտեսական գոտիներին, ապա Հայաստանում չկան ազատ տնտեսական գոտիներ: Ասում են՝ գործում է «Զվարթնոց» օդանավակայանում, Երեւանում`Մերկելյանի գործարանի տարածքում, մի հատ Գյումրիում` տեխնոպարկի տարածքում: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը նպատակահարմար չեմ գտնում, քանի որ  դա միշտ հարկային դաշտից խուսափելու հնարավորություն է ստեղծում:  Ես գիտեմ, որ ազատ տնտեսական գոտիներ կան, բայց  շատ մեծ տարածքներում, օրինակ Չինաստանում:  Դրանցում ֆինանսական հաշիվները թաքցնել հնարավոր չէ:

Բագրատ Ասատրյան, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ.«Որոշակի, մասնավորապես հարկային արտոնություններ տրամադրող տնտեսական տարածք է: Վատն այն է, որ այս գոտիներում պաշտոնյաները տնօրինում են գումարներ, որոնք անհասկանալի աղբյուրներից են ձեռք բերել: Շուկայական տնտեսության կանոններից մեկն այն է, որ իշխանությունը բիզնեսից պետք է տարանջատվի, իսկ հակառակ պարագայում հանցագործություն է, երբ պետական պաշտոնյան ինչ-որ բիզնեսով է զբավում: Հիմա, թե այդ միջոցները որտեղ են պահում, դա այլ հարց է:  Փորձը ցույց է տալիս, որ պաշտոնյաները գումարներ վաստակելով՝ թաքցնելու համար են դրանք օֆշորում տեղաբաշխում, նաեւ իրենց բիզնեսը թաքցնելու համար: Օֆշորային գոտիները նաեւ տեղեկատվության որոշակի գատնիություն ունեն»:

Գոռ Գեւորգյան, տնտեսագետ. «Ի՞նչ է օֆշորային ընկերությունը: Բացում եք ընկերություն այդ տարածքում ու օգտվում եք հարկային հատուկ առավելություններից: Կարող եք գաղտնի պահել ընկերության սեփականատիրոջ անունը, ֆինանսական գործողությունները (ֆինանսական հաշվետվությունները բացակայում են) եւ, որը ոչ պակաս կարեւոր է, իրավաբանական անձի գրանցման շատ պարզ մեխանիզմ:

Ինչ-որ հայկական ընկերություն պայմանագիր է կնքում օֆշորային ընկերության հետ մեկ այլ երկրի տարածքում որեւէ ապրանք ձեռք բերելու համար: Հայկական կողմն օֆշորային ընկերությանը, որն այս դեպքում հանդիսանում է միջնորդ, կվճարի բոնուս, օրինակ՝ իր եկամուտի 70-80% չափով: Սա դառնում է չհարկվող եկամուտ: Պարզ օրինակ, թե ինչպես կարելի է «օրենք չխախտելով՝ շատ ավելի քիչ հարկ մուծել»: Այնտեղ մաքսային հարկ եւս չկա: Համաշխարհային տնտեսության տեսանկյունից օֆշորային ընկերությունները դրական են ազդում ֆինանսական շուկաների զարգացման վրա եւ ներդրումային դիվերսիֆիկացիայի պայմաններ են ստեղծում: Կան նաեւ բացասական հետեւանքներ. ոչ բարեխիղճ հարկային մրցակցություն, որի միջոցով նվազում են օֆշորային երկրների եկամուտները, խթանում են այդ երկրների կապիտալի արտահոսքը, զարգանում է ստվերային տնտեսությունը:

Գործարարի տեսանկյունից օֆշորային ընկերության շնորհիվ բիզնեսով զբաղվելը միանշանակ ձեռնտու է, իսկ երկրի շահի տեսանկյունից՝ աղետալի երեւույթ:

Պետական պաշտոնյաների ներգրավվածությունը օֆշորային գոտիներում արդեն իսկ խոսում է այն մասին, որ այդ մարդը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր վարչական ռեսուրսները, զբաղված է իր սեփական գրպանի պարունակության բազմապատկմամբ: Օֆշորային գոտում հաշիվ ունենալը նշանակում է այդ գոտում բիզնեսով զբաղվել: Դա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է, քանի որ չինովնիկը տվյալ դեպքում զբաղվում է սեփական երկրից կապիտալի արտահանմամբ, որը հղի է աղետալի հետեւանքներով Հայաստանի նման երկրների համար»:

Անահիտ Սիմոնյան

Asparez.am 


Նախորդ հոդվածը‘Վաղը օմբուդսմենը կներկայացնի Հրաչյա Հարությունյանի հետ հանդիպման մանրամասները’
Հաջորդ հոդվածը‘Ակցիան կիսվեց. Մի մասը պուրակում է, մյուս մասը՝ երթ է անում’