‘Հարավային Ամերիկայի երկրներն արտակարգ գագաթնաժողով են հրավիրել’

869

Հարավամերիկյան ազգությունների միությունը (UNASUR) հայտարարել է արտակարգ գագաթնաժողով հրավիրելու մասին, որտեղ կքննարկվի Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպը, հաղորդել է Reuters-ը: Գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 4-ին, Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում: Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Բոլիվիայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Ուրուգվայի և Էկվադորի նախագահները, UNASUR-ի մյուս յոթ անդամ-երկրների մասնակցության ձևաչափը  հայտնի կլինի ավելի ուշ, հայտարարել է հարավամերիկյան ազգությունների միության ղեկավարությունը:

Հիշեցնենք, որ  հուլիսի 3-ի գիշերը Մոսկվայից հայրենիք վերադարձող Էվո Մորալեսի ինքնաթիռը հարկադրական վայրէջք էր կատարել Վիեննայում, քանի որ Ֆրանսիան, Իտալիան և Պորտուգալիան նրա առջև փակել էին իրենց օդային տարածքները՝ կասկածներ ունենալով, թե նախագահի ինքնաթիռում կարող է լինել նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդուրադ Սնոուդենը: Այս միջադեպը վրդովմունքի ալիք է բարձրացրել Հարավային Ամերիկայի երկրներում: Բոլիվիայի օրենսդիր մարմնի անդամներն առաջարկել են երկրից արտաքսել Ֆրանսիայի, Իտալիայի և Պորտուգալիայի դիվանագետներին: Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները միջադեպը բնութագրել է «չափազանց ստորացուցիչ», իսկ Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հաուան հայտարարել է, թե դա «մահափորձ էր նախագահ Մորալեսի նկատմամբ»:

Ֆրանսիայի իշխանությունները բացատրություններ են տվել միջադեպի կապակցությամբ: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե ինքնաթիռի ուղևորների վերաբերյալ «հակասական տվյալներ» են եղել, և ներողություն է խնդրել միջադեպի առիթով: Իտալիան և Պորտուգալիան առայժմ մեկնաբանություններից զերծ են մնացել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Հայաստանին պետք են արմատական տնտեսական բարեփոխումներ’
Հաջորդ հոդվածը‘Կեղծ ընդդիմադիր մամուլ ներկայանալն այլեւս ապահով չէ ‘